Եթե մեր շոու-բիզնեսի մասին ինչ-որ բան գրեմ, դա կլինի տրագիկոմեդիա. Արմինե Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի սիրուն տղա», «Գայի, գայի», «Ղափամա», «Ապարան» եւ այլ երգերի հայտնի կատարող Արմինե Գրիգորյանը մտածում է եթեր վերադառնալու մասին: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երաժշտական-հումորային որեւէ ծրագիր հեղինակելու եւ վարելու ցանկություն ունի, սակայն հստակ պլաններ, որոնց մասին կարող է հայտնել, դեռ չկան: Մենք հետաքրքրվել ենք` ինչով է այժմ զբաղված դերասանուհի-երգչուհին, որտեղ է հանդես գալիս, արդյոք շարունակում է ստեղծագործել: Ա. Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ շոու-բիզնեսի ներկայիս վիճակին:

14518728_1157837667630631_435909319_n

Արմինե՛, հետաքրքիր է` այժմ հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու Ձեր հարթակը ո՞րն է: Նախկինի պես երգեր գրո՞ւմ եք:
-Երեւանում ես հանդես եմ գալիս ակումբներում եւ ռեստորաններում, երգում եմ,վարում եմ շոու-ծրագրեր: Ամռան ընթացքում համերգներով ներկայացել եմ նաեւ Մոսկվայում: Ինչ վերաբերում է երգեր գրելուն, ասեմ, որ ունեմ մի շարք նոր գործեր` հայերենով եւ ռուսերենով, թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ես եմ:

-Կյանքի այս փուլում Ձեզ ի՞նչ թեմաներ են ոգեշնչում` նոր երգեր գրելու համար:

-Իմ բոլոր երգերը հումորային ժանրի են, ի դեպ, ես միակ երգչուհին եմ, որը տխուր երգեր ընդհանրապես չունի, կարծում եմ` չեմ էլ ունենա:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մեր կյանքում առանց այդ էլ այնքան տխրություն կա, դրանց ավելորդ անգամ անդրադառնալու մեջ իմաստ չեմ տեսնում: Աշխատում եմ միայն պոզիտիվ երգեր կատարել:

14542817_1157837674297297_350453938_n

Իսկ հնարավո՞ր է` մի օր կատակ երգ գրեք մեր շոու-բիզնեսում տիրող իրավիճակի մասին:

-Քանի որ միշտ պահպանում եմ գործընկերային համերաշխություն ասվածը, դժվար թե նման բան գրեմ, բայց եթե գրեմ, դա ավելի շուտ կլինի տրագիկոմեդիա (ծիծաղում է): Ուստի ավելի լավ է` զերծ մնամ այդ նախաձեռնությունից:

Հեռուստադիտողները հիշում են Ձեր հեղինակած եւ վարած «Իմ արեւ» հաղորդաշարը` «Դար 21» հեռուստաընկերությամբ: Հիմա, կարծես, էկրաններին հաճախ չեք երեւում: Հնարավո՞ր է` առաջիկայում հանդես գաք որեւէ նոր հեղինակային հաղորդմամբ:

-Ինձ պարբերաբար հրավիրում են մասնակցելու տարբեր ծրագրերի, բայց ես ամեն առաջարկ չէ, որ ընդունում եմ: Էկրաններին շատ երեւալու առանձնակի հակում չունեմ. Ժամանակին շատ եմ երեւացել, կուշտ եմ: Ինչ վերաբերում է հեղինակային հաղորդում ունենալուն, ասեմ, որ ունեմ նման ցանկություն, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ հետաքրքիր մի բան նախաձեռնել, հավանաբար, երաժշտական-հումորային ծրագիր:

Դուք հաճախ հանդես եք գալիս որպես միջազգային մրցույթների ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչ, անմիջականորեն առնչվում եք մեր հայ մասնակիցների հետ: Հետաքրքիր է` երիտասարդների շրջանում ի՞նչ պոտենցիալ եք տեսնում:

-Շատ մեծ պոտենցիալ եմ նկատում, չափազանց տաղանդավոր երիտասարդների եմ հանդիպում: Ժամանակին մենք ամեն բան կանեինք, որ այդպիսիք երեւային, ճանաչում ձեռք բերեին: Իսկ հիմա շատ երգիչներ կան, որոնք երեւալու հնարավորություն ընդհանրապես չունեն. դա շատ վատ է: Իսկ հեռուստատեսությամբ անընդմեջ փայլփլում են նույն մարդիկ, ցուցադրվում են նույնանման տեսահոլովակներ, նույնատիպ գործիքավորմամբ երգեր, միանման սանրվածքով եւ դիմահարդարմամբ երգիչ-երգչուհիներ: Երբ ռադիոյով ես լսում նրանց կատարումները, մեկին մյուսից չես տարբերում: Ամեն բան լղոզված է եւ անհետաքրքիր: Եթե հիմա եթերում մի վառ անհատականություն հայտնվի, անպայման կշահի, որովհետեւ դաշտը սարսափելի դատարկ է, մթնոլորտը` միապաղաղ: Հրաշք երիտասարդներ կան, որոնց դրսեւորման ասպարեզն ակումբներն են, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք դրա հնարավորությունն էլ չունեն, կոտրվում են, պարփակվում:

14528380_1157837680963963_2016173963_n

Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում Ձեր բարձրացրած խնդրի համար:

-Փրկությունն այն կլինի, որ արվեստը հովանավորներ ունենա, եւ այդ մեկենասները պետության կողմից խրախուսվեն: Մի շարք երկրներում, օրինակ, արվեստի բնագավառի հովանավորներին առավելություններ են տրվում հարկային դաշտում: Մեզ մոտ ամեն մեկը անհատական հովանավոր է փնտրում, իսկ այդ աջակիցները ոչ միշտ է, որ տաղանդավորներին են ձեռք մեկնում: Այսինքն` ոչ թե տաղանդավորին են գումար հատկացնում, այլ նրան, ով կարողանում է «կպցնել» այդ փողը: Ուստի շոու-բիզնեսը պետք է «ֆորմատ» անել, հետո՝ «ռեստարտ» (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս