Արտավազդ Եղոյանին Հ1-ի ղեկավարության քայլը չի վշտացրել, բայց զարմացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նշում է իր 60-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ կազմակերպված երեկոյին, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, հրավիրված էին ոլորտի նվիրյալներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի հեռուստատեսության կայացման գործում:

Այս առիթով, սակայն, հաղորդավար, ռեժիսոր, հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը` Կարեն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսեմ նրանից, որ ինձ համար անհասկանալի է, թե ե՞րբ Հանրային հեռուստաընկերությունը դարձավ 60 տարեկան… Ուշադիր կարդացեք այս տողը, որը վերցված է ե՛ւ «Վիկիպեդիայից», ե՛ւ Հանրայինի պաշտոնական կայքից. «2000-ին վերանվանվեց Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով»: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ո՞ւր է ձեր թվաբանությունը… Հանրայինը ընդամենը 16 տարեկան է, իսկ, ահա, Հայկական հեռուստատեսությունը ամբողջությամբ՝ 60: Այն բոլոր հեռուստատեսություններն ու հեռուստաընկերությունները, որոնք գործում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս, Հայկական պետական հեռուստատեսության զավակներն են»:

Կ. Քոչարյանի դիտարկմամբ` եթե նշվեր Հանրայինի 16-ամյակը, այդ դեպքում միջոցառմանը ներկա դեմքերի կազմը տրամաբանական կլիներ. «Չնայած, նույնիսկ այդ դեպքում ծննդյան տարեդարձին ներկա են լինում նաեւ հյուրեր, որոնք պատիվ են բերում տան տերերին»,-նկատել է նա:

Հաղորդավար, ռեժիսոր, «3-րդ ալիք» հեռուստաընկերության համահիմնադիր Արտավազդ Եղոյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց` ինքը վիրավորված չէ, որ իրեն չեն հրավիրել հոբելյանական միջոցառմանը, բայց զարմացած է, որ այնտեղ ներկա չեն եղել ավագ սերնդի մի շարք գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայկական պետական հեռուստատեսության կայացման եւ զարգացման գործում. «Հազիվ հասցրեցի 3-4 դեմք ֆիքսել, որոնց մի մասը տեխնիկական աշխատողներ էին: Նա, ով չի հիշում իր անցյալը, ապագա չունի: Եվ հետո` մենք դեռ անցյալում չենք, բայց արդեն այդպես են համարում: Ես մի կողմ, այնքան նվիրյալներ կան, որոնք իրենց կյանքն են տվել հայկական հեռուստատեսությանը: Ես այդ երեկոյին չտեսա նրանց դեմքերը, ուղղակի ապշած էի: Չէ՞ որ, օրինակ, հենց «Երրորդ ալիքը» խորհրդային տարիներին առաջին ազատ խոսք ասողն էր. դա զարմանալի բան էր: 1990-ականների սկզբին ես ու Կարեն Քոչարյանը եթերում «թաղեցինք» «Պրավդա» թերթը, այնպիսի բաներ ենք արել, որ այն ժամանակների համար նոնսենս էր»,-մեկնաբանեց նա:

Ա. Եղոյանի խոսքով` տարօրինակն այն է, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կազմում իր գործընկերներն են, այդ թվում` Ռուբեն Ջաղինյանը. «Հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կարող է լինել մեկը, որը չգիտի հեռուստատեսության պատմությունը: Թերեւս, պետք է ՀՌԱՀ-ը հուշեր տնօրինությանը, թե ում կարելի էր հրավիրել երեկոյին»,-եզրափակեց Ա. Եղոյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս