Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միսիս Եվրոպային», մեր երկիրը կներկայացնի Աննա Դեմիրխանյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության մրցույթին: Ավելին` մոդել, մասնագիտությամբ քաղաքագետ Աննա Դեմիրխանյանը մրցույթում ներկայացնելու է ամբողջ Կովկասը: Այն կանցկացվի հոկտեմբերի 1-7-ը, Ռուսաստանում` Սոչիում: «Միսիս Եվրոպային» կներկայանան 30-35 գեղեցկուհիներ` տարբեր երկրներից: Ի դեպ, Աննան ավելի վաղ` մեկ տարի առաջ, մասնակցել է «Միսիս գլոբ» գեղեցկության մրցույթին եւ ընդգրկվել 15 լավագույն գեղեցկուհիների կազմում: «Ժողովուրդ»-ը Աննայի հետ զրուցեց նրա անելիքների, «Միսիս Եվրոպայի» առանձնահատկության եւ այլ թեմաների շուրջ:

14518779_1157837834297281_1928019774_n

-Աննա՛, ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ ընտրեցին` «Միսիս Եվրոպայում» Կովկասը ներկայացնելու համար:

-Այդ առաջարկը հենց մրցույթի կազմակերպիչներն են արել: Նախորդ տարի եւս հրավիրել էին ինձ` նույն մրցույթին մասնակցելու, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացա ընդունել առաջարկը:

-«Միսիս Եվրոպան» գեղեցկության մյուս մրցույթներից ինչո՞վ է առանձնանում:

-Առհասարակ, բոլոր նմանատիպ մրցույթներն ունեն իրենց բնորոշ կարգախոսը եւ այն ամբողջ աշխարհում տարածելու միտում: «Միսիս Եվրոպայի» շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն զեկույց` իրենց երկրում բռնությունների դեմ պայքարի մասին եւ կարեւորը` պետք է հանդես գան առաջարկներով` ինչպես կանխել կանանց հանդեպ բռնությունը եւ պաշտպանել նրանց իրավունքները: Ի դեպ, հաճախ է պատահում, որ մասնակիցները պարզապես չեն պատրաստվում այդ զեկույցներին, բայց ասեմ, որ ես նրանց թվին չեմ պատկանում:

-Ձեր դիտարկումներով` հայ կանանց ո՞ր հատկություններն ու որակներն են օտարերկրացիների շրջանում աչքի զարնում:

-Ճիշտն ասած` դրսում ինձ այնքան էլ չեն նմանեցնում հայուհու, բայց ասում են, որ առանձնահատուկ ժպիտ եւ աչքերի փայլ ունեմ: Օտարերկրացիների կողմից հատկապես բարձր են գնահատվում հայ կնոջ մարդկային որակները: «Միսիս գլոբ»-ի շրջանակում, օրինակ, բոլորն ասում էին, որ ես կազմակերպված, շփվող ու հոգատար եմ: Հիշում եմ` երբ մրցութային օրերին երեկոյան հոգնած հավաքվում էինք հյուրանոցում, ես մտածում էի մասնակիցներին կերակրելու մասին: Նրանք շատ էին գնահատում այդ հայկականությունը (ծիծաղում է):

14518484_1157837814297283_463225040_n

-«Միսիս Եվրոպայի» շրջանակում տաղանդի մրցույթ կլինի՞:

-Այո՛, մի բանաստեղծություն ունեմ գրած, որի բովանդակությունը շատ մոտ է կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի թեմային: Այնպես որ, այն կլրացնի զեկույցս:

-Աննա՛, կարելի՞ է ասել, որ, մասնակցելով ամուսնացած կանանց մրցույթների, կոտրում եք հայ հանրության շրջանում ձեւավորված այն կարծրատիպը, ըստ որի՝ կինը ամուսնանալուց հետո պետք է մնա տանը, լինի խոհանոցում, խնամի երեխաներին, իսկ մնացածն այնքան էլ կարեւոր չէ:

-Այո՛, այդ հարցն, ի դեպ, շատ է հուզում ինձ: Կովկասցիները, մասնավորապես` հայերից շատերը, մտածում են, որ եթե կինը ամուսնացավ, ուրեմն վերջ, կարող է այլեւս չխնամել իրեն կամ, ըստ այդ նույն կարծրատիպերի՝ ցանկալի չէ, որ նա հասարակական գործունեությամբ զբաղվի եւ այլն: Այնինչ՝ ես «Միսիս գլոբ»-ի ընթացքում տեսել եմ, թե ինչպես էին ամուսինները սատարում իրենց կանանց, որոնք մասնակցում էին այդ մրցույթին: Ասեմ, որ նրանցից շատերը երեխաներ ունեին ու շատ կայացած կանայք էին: Կարծում եմ, որքան էլ հայ կինը ընտանիքին նվիրված լինի, չպետք է մոռանա իր անձի, իր զարգացման մասին:

-Որքանով տեղյակ ենք` ինքներդ եք հոգում մրցույթի համար անհրաժեշտ ծախսերը` հագուստ, նվերներ, ավիատոմսեր եւ այլն: Դժվար չէ՞. աջակիցներ, հովանավորներ ունե՞ք:

-Ինձ աջակցում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը, իմ կողքին են դիզայներ Ֆաինա Հարությունյանը, «Harmony» նորաձեւության տունը: Բացի այդ` ուրախ եմ, որ տեղեկատվական դաշտից եւս ոգեւորողներ ունեմ: Ինձ հետ Սոչի կմեկնի օպերատոր: Մենք ամեն օր կարճ ռեպորտաժներով կներկայացնենք մրցույթի ներքին խոհանոցն ու մասնակիցներին: Նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ կցուցադրվի մրցույթի վերաբերյալ մեկ ամբողջական թողարկում:

14543357_1157837824297282_1877664494_n

«Ժողովուրդ»-ը հաջողություն է մաղթում Աննա Դեմիրխանյանին «Միսիս Եվրոպա 2016»-ում:

զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս