Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում. Հիմնադիր խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը սիրիահայության անհապաղ ներգաղթ կազմակերպելու անհրաժեշտության մասին.

«Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված կացությունը հղի է տեղի հայկական գաղութի վերջին տասնյակ հազար հայերին սպառնացող հումանիտար աղետի սպառնալիքով: Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության եւ դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի եւ բախումների էական ակտիվացման, ինչպես նաեւ խաժամուժի լիակատար սանձազերծման պարագայում առաջին պլանում է հայտնվում սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային ներգաղթը դեպի Հայաստան: Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսեւորում եւ դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:

Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը եւ ՄԱԿ-ի աջակցությունը:

Միեւնույն ժամանակ պետք է նաեւ նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք եւ իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որեւէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու եւ իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաեւ Արցախի ազատագրված տարածքներում:

Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ եւ համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության ներգաղթը դեպի հայրենիք»:




Լրահոս