Հանրապետականն ու Դաշնակցությունն իրար հետ 10 հազար դրամ կաշառք են բաժանում. իշխանության մեջ ոստիկանությունն է. Սևանի քաղաքապետը զայրացած է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանում ընտրական կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ  առաջ 23/05 ընտրատեղամաս այցելեց գործող քաղաքապետ, կրկին առաջադրված և հարազատ ՀՀԿ-ի աջակցությունը չստացած Ռուդիկ Ղուկասյանը, ով ընտրատեղամասից դուրս հայտարարեց, որ ինքն ապացույցներ ունի, որ իր մրցակիցներից Սարգիս Մուրադյանն ընտրակաշառք է բաժանում:

Քաղաքապետը վստահեցրեց, որ ապացույցներ ունի, իսկ ոստիկանությունում հաղորդում չի տվել, քանի որ, իր խոսքով, այս ամենի մասնակիցներից է նաև Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ռուդիկ Ղուկասյանը (Ուդո) բերման է ենթարկվել Մարտունու բաժին: Նրան ավելի վաղ ծանուցում է ուղարկվել հարցաքննության ներկայանալու համար, սակայն Ղուկասյանն առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու` չի ներկայացել քննչական մարմնին:

Ինչպես հայտնի է` հարցաքննության հրավերը եղել է յուրացումների գործով, որոնք, ըստ նախաքննական մարմնի, կատարվել են Սևանի քաղաքապետարանից: Խոսքը Սեւան քաղաքի հաշվեկշռում գտնվող ջրահեռացման կոլեկտորի երկաթյա խողովակների յուրացման մասին է: Համայնքի պաշտոնատար անձինք, ըստ նախաքննական մարմնի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Ռ. Ղուկասյանը չի ընդունում իր պատասխանատվությունն այս մասով:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս