Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (տեղակայված է Կովկասում և դրանից հյուսիս ընկած տարածքում) ստորաբաժանումներն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներից հրթիռների 30 պայմանական արձակում են իրականացրել: Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ կայքին:
Ստորաբաժանումները հրթիռներն արձակել են երկամսյա դաշտային վարժանքների ընթացքում, որոնք անցկացվել են Ռուսաստանի Աստրախան քաղաքի մոտ տեղակայված «Կապուստին Յառ» զորավարժարանում:
30 էլեկտրոնային (պայմանական) արձակումներից բացի, զինծառայողները կատարել են նաև 2 իրական հրթիռի արձակում: Թիրախների խոցման արդյունավետության մասին տեղեկություններ չեն տրամադրվում:
Վարժանքներին ներգրավված է եղել 450 զինծառայող և մոտ 140 միավոր ռազմական տեխնիկա: