Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգահան Վահրամ Պետրոսյանն իր ապազգային արտահայտություններով բողոքի ալիք է բարձրացրել հայ մտավորականության եւ առհասարակ հասարակության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանն ասել էր` «նրան պետք է ճիպոտներով ծեծել եւ ցույց տալ Բաքվի ճանապարհը», «Արձագանք» խմբի հիմնադիր անդամ Եղիշե Պետրոսյանը նշել էր, թե չի հասկանում` «այդ տղան ինչու է նման բաներ խոսել», իսկ երգչուհի Աննա Մայիլյանն էլ մեզ հետ զրույցում Վահրամի խոսքերը որակել էր պարզապես հիմարություն: Այսուհանդերձ, Մայիլյանը նշել էր նաեւ. «Վահրամը միամտաբար, իրեն զգալով ինտեգրացված երաժիշտ, ոչ չար մտքով է ասել այդ ամենը: Եվ այնպես, ինչպես մենք այսօր քարկոծում ենք Վահրամին, պետք է դատապարտենք շատ շատերին, որոնք գլուխները կախ իրենց սեւ գործն են անում»:«Ժողովուրդ»-ը փորձեց հենց Վահրամ Պետրոսյանից ստանալ մի շարք հարցերի պատասխաններ:-Վերջին շրջանում քո անունն ամենից շատ է շրջանառվում եթերում, սոցիալական կայքերում: Պատճառը բոլորիս հայտնի է: Հետաքրքիր է իմանալ քո վերաբերմունքն այդ աժոտաժի վերաբերյալ: -Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ շատ նորմալ եմ ընդունում, բայց այնպես էլ չէ, որ շատ ցավագին եմ տանում, որովհետեւ ամեն ինչից դուրս յուրաքանչյուր մարդու արդարություն իր մեջ է: Ես գիտեմ, որ ես այն չեմ, ինչ ներկայացրել են: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ ուզում քննադատել ինչ-որ մեկին, որովհետեւ գիտակցում եմ, որ առաջին հերթին ես եմ թույլ տվել արտահայտություններ, որոնք չպետք է ասեի: Խնդիրն այն է, որ ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումը անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարեւան երկրի հակահայկական քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ:- Արվեստի բազմաթիվ երեւելի ներկայացուցիչների խռովությունն ես առաջացրել` Շուշան Պետրոսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Նորայր Դավթյանի… Չե՞ս փորձի ինչ-որ կերպ արդարանալ կամ քո շահերը պաշտպանել:-Չեմ կարծում, որ իմ կողմից շատ հարգված այդ մարդիկ այն մարդիկ են որոնք իմ բացատրությունների կամ արդարացումների կարիքն ունեն: Հասկանում եմ, որ իմ անզգույշ արտահայտությունները ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, այդ թվում եւ նրանց: Հիմա ես ընդամենը հայցում եմ իրենց ներողամտությունը: Հասկանում եմ, որ իմ որոշ արտահայտություններ տեղին չէին հատկապես այս օրերին, երբ մենք ոգեկոչում ենք Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը:- Ասուլիսի ընթացքում ասացիր, որ ունես ընկերներ, որոնք նույնպես լսում են այդ կարգի երաժշտություն: Ովքե՞ր են այդ ընկերները: -Նորից եմ ասում` ասուլիսի ընթացքում քննարկվել են բացառապես երաժշտարվեստին վերաբերող խնդիրներ, եւ ես ասել եմ դա որպես օրինակ` «օրինակ` ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք… ուրեմն…», այսինքն սա եղել է որպես օրինակ, գուցե եւ չստացված:- Համարձակ հայտարարությունից հետո ո՞ր հեռուստաընկերությունների դռները փակվեցին քո առաջ: -Չեմ կարող նման բան ասել, որովհետեւ ես չեմ դիմել որեւէ հեռուստաընկերության ու մերժվել, հետեւաբար չեմ կարող ասել` իրականում ինչ-որ բան փակվել է, թե չէ: – Գիտեմ, որ «Եվրատեսիլ»-ի համար երգ էիր գրել: Հիմա այդ երգը շարունակելո՞ւ է մասնակցել նախընտրական մրցույթին, թե՞ «Հանրային հեռուստաընկերության» գեղարվեստական խորհուրդը զրկել է քեզ մասնակցությունից: -Այս պահին երգը շարունակում է մասնակցել նախընտրական մրցույթին, իսկ թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել:- Շոու բիզնեսում կան կոլեգաներ, որոնք քեզ ճիշտ են հասկացել ու հարձակում չեն գործել քեզ վրա:-Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել կամ արդարացնել: Ընդամենը ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ համար դժվար այս պահին:Հ.Գ. Ստորեւ ներկայացնում ենք հարցի վերաբերյալ տարբեր սոցիալական կայքերում տեղադրված մի քանի մեկնաբանություններ:. Վահաբ Պետրոսօղլու պաշտպաններին եւ ընդհանրապես ադրբեջանական այսպես կոչված երաժշտության սիրահարներին առաջարկում եմ մեկ օրով գնալ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի խրամատները եւ իրենց կաշվի վրա զգալ այն, ինչ զգում են մեր փառապանծ սահմանապահները:. Դե ջոկելա, որ բլթցրելա, ու արդեն սաղ սկսել են հրաժարվել իրա «մեծատաղանդ» երգերից, որոշելա հետ կանգնի իրա բլթոցից, իբր «վա՛յ, կներեք, միամիտ բլթացի»:. Լսեցի նրա «հանճարեղ» երգերն ու հասկացա, թե ինչիյա էդ տեսակ բաներ ասել: Բա իրանից ուրիշ բան չէր էլ կարելի սպասել: Դա կլինի նույն բանը, ոնց որ վերնիսաժի արծիվ ու ձի նկարողից Լեոնարդո դա Վինչիի կամ Մինասի մակարդակի գործեր պահանջես: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԱՅԴ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ