ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ծառայողական քննության անցկացման ժամկետը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել: Եվ կցանկանայի իմանալ, թե քննության արդյունքներով կազմված եզրակացության արդյունքում ինչպիսի՞ որոշումներ կարող են կայացվել:
Սվետա Ենգիբարյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:
Խորհուրդը կարող է.
ա) լրիվ կամ մասնակի հիմք ընդունելով ծառայողական քննության նյութերի արդյունքներով կազմված եզրակացությունը՝ կայացնել ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներին առնչվող, եզրակացության հետ համապատասխանող կամ չհամապատասխանող որոշումներ.
բ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ ծառայողական քննություն վարողին գրավոր ցուցում տալ փոփոխելու եզրակացությունը դրանում եղած ձեւակերպումներից եւ հետեւություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով եւ այլն.
գ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ կայացնել որոշում ծառայողական քննության նյութերը ծառայողական քննություն վարողին վերադարձնելու եւ առանձին հանգամանքներ պարզելու, գործողություններ կատարելու նպատակով եռօրյա ժամկետում լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու մասին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու եւ ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից: