Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ԿԸՀ-ի անդամների թեկնածության հարցը, որը բավականին ուշագրավ զարգացում ստացավ, որտեղ ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն իր ելույթում նշել էր, որ ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ, ինչպես ՊՆ-ում էր: «Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչև ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել: Բոլորդ եք տեղյակ, որ մեր լրատվամիջոցները պատրաստ չեն»,-ասել էր նա:
Նշենք, որ վերջինիս խոսքին միացել էր նաև ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ArmLur.am-ն այս առնչությմաբ զրուցեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Սեյրան Շահսուվարյանը լրատվական դաշտի հետ բավականին ծանոթ է և պետք է հասկանա, որ լրագրողական համակարգը շատ բազմազան է և չի կարելի ընդհանրացված խոսել լրագրողների աշխատանքի մասին:
«Քաղաքական դաշտում լրագրողական համակարգը բազմազան է: Կարող ենք հազար ու մի դեպք լինեն, բայց այդպես ընդհանրացնել, անթույլատրելի է և՛ Շահսուվարյանի համար, և՛ Սուքիաս Ավետիսյանի համար»,- ասաց նա:
Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ զանգվածային լրատվամիջոցները հաղթահարել են շատ խնդիրներ, այդ թվում` նաև օրենսդրական: Ըստ նրա` լրագրողները կարողանում են պատշաճ կերպով տեղեկացնել հանրությանը երկրում և աշխարհում տիրող իրադարձությունների մասին:
«Այդպիսի սևացված գնահատական տալն առնվազն անլուրջ մոտեցում է հարցին»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան