Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին ու գրադարանավարներին:
Շնորհավորելով ներկաներին ու շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մասնագիտական տոները յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի մանկավարժներն ու գրադարանավարները դիմավորում են որոշակի նոր ձեռքբերումներով:

«Քաղաքապետարանի հարկի տակ մասնագիտական ձեր տոները միասին նշելը դարձել է գեղեցիկ ավանդույթ, որը լավ հնարավորություն է շնորհավորանքին զուգահեռ` նաև ձեռքբերումներն ու հաջողությունները փաստելու, ինչու չէ, նաև առկա խնդիրներից ու դրանք շտկելու ուղիներից խոսելու համար: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մասնագիտական տոները յուրաքանչյուր տարի մայրաքաղաքի մանկավարժներն ու գրադարանավարները դիմավորում են որոշակի նոր ձեռքբերումներով: Ձեր աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի դաստիարակությունն ու հետևաբար` մեր երկրի ապագան: Անշուշտ, դժվար է բառերով կրթության ոլորտի նվիրյալներիդ գնահատանքի խոսքեր հնչեցնելը, և անհնար է լիարժեքորեն արժևորել ձեր վաստակն ու նվիրումը»,- նշել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ դեռևս առկա խնդիրները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, որոնց լուծումների արդյունքը օրեցօր կդառնա տեսանելի:

Ընդգծելով նաև գրադարանային համակարգի աշխատակիցների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կարևոր այդ առաքելության արդյունքում է նաև հատկապես մատաղ սերնդի շրջանում պահպանվում գրի ու գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունը:

«Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գիրքը շարունակում է մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչ: Սա, իհարկե, նաև գրադարանային համակարգի մեր աշխատակիցների շնորհիվ է, ովքեր, պահպանելով գրքի, գրի ու գրականության նկատմամբ դարերի խորքից եկող հայերիս առանձնահատուկ վերաբերմունքը, ստանձնել են այն եկող սերունդներին փոխանցելու պատվաբեր առաքելությունը», – ընդգծել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում կազմակերպվել է Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի մրցույթ, որի արդյունքներով հաղթողներին հավաստագրերը հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, 2015-2016 ուսումնական տարվա «Երևան քաղաքի լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Ն. Զարյանի անվան դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, «Երևան քաղաքի լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ Գ. Ստեփանյանի անվան դպրոցի Կենսաբանության ուսուցիչ Գայանե Հովսեփյանը, իսկ «Երևան քաղաքի լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ Հ.45 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սեխիլյանը:
Մասնագիտական տոների առիթով կազմակերպված ընդունելության շրջանակում Ուսուցչի օրվա առթիվ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը, Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Ալիսա Ղազարյանը և բազմավաստակ թոշակառու Սիլվա Խաչատրյանը: Գրադարանավարի օրվա առթիվ էլ «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի ընթերցասրահի վարիչ Կլավդիա Նալբանդյանն է արժանացել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար, կրթական և գրադարանային համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս