«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) եւ նրա հետ տհաճ զրույց ունեցել: Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել: «Դա ոչ իրատեսական եւ տրամաբանությունից հեռու տեղեկություն է:
Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից եւ ո՛չ էլ քաղաքականությունից»,- պատասխանեց ԱԺ նախագահի որդին: Մեր այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ, որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանեց. «Շատ հանգիստ: Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ եւ ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի: Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: