«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ օրենսդրությամբ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփում եւ հրապարակում է ընտրատարածքային հանձնաժողովը: Մեզ միանգամայն հասկանալի կերպով ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով, ավագանու 33 մանդատները հստակ բաշխվում են հետեւյալ կերպ. 15 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 9 մանդատ՝ ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎԿ-ին եւ 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին: ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանը, անտեսելով այս բաշխումը, ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների «բացարձակ մեծամասնությունը» պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ «մնացածը պիտի բաշխվի մյուս կուսակցություններին», որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը: Ոչ Մուկուչյանը, եւ ոչ այլ մեկը իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ՝ «Բալասանյան» դաշինքին հատկացնելու համար: Աբսուրդ է, երբ մեկ քաղաքական ուժը վաստակում է ժողովրդի վստահության քվեն, մյուսը՝ ստանում «օդից»: Ակնհայտ է, որ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը՝ մասնավորապես Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը. այսինքն, ժողովուրդը զրկվում է իր տված վստահության քվեով իշխանություն ձեւավորելու իրավունքից:
Այսպիսով, հիմքեր ունենք կարծելու, որ փորձ է արվում մեր կուսակցությունների օգտին տրված քվեների (նախնական արդյունքներով ընդհանուր առմամբ 18.439 քվե) փաստացի արդյունքը նենգափոխել հօգուտ ՀՀԿ եւ ՀՔԴՄ կազմած «Բալասանյան» դաշինքի (14.987)՝ քաղաքային ավագանին եւ գործադիր իշխանությունն իր ենթակայության տակ պահելու եւ պահպանելու համար:
Ամփոփելով ստեղծված իրադրությունը, մենք հայտարարում ենք հետեւյալը.
1.Եթե թիվ 34 Ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդունքներն ապօրինաբար կազմել եւ հրապարակել ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում եւ պայքարելու ենք արդար վճռի համար նաեւ այլ եղանակներով:
2.Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձեւավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով:
3.Հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգանք նոր հայտարարությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հասկանալու համար, թե ինչպես է նա մեկնաբանում իրավիճակը: «ԿԸՀ-ն այդտեղ որևէ գործառույթ չունի, ընդհանրապես դա ԿԸՀ տիրույթի խնդիր չի հանդիսանում: Քվեարկությունից հետո 7-րդ օրը հայտարավելու է վերջնական արդյունքները»,- ասաց պարոն Մուկուչյանը: