Հոկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: ՔԿՀ-ից կտրած-պատռած վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Անդրանիկ Գաբրիելյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կալանավորը մի քանի օր շարունակ ՔԿՀ-ում ասել է, թե. «Ես չեմ նստելու, ես նստողներից չեմ: Ես պիտի ինձ վնասեմ»: Շատերը նրա խոսքերին այնքան էլ լուրջ չեն վերաբերվել, քանի որ, ինչպես խոսվում է քրեակատարողական հիմնարկի ներսում, Անդրանիկ Գաբրիելյանը կալանքի տակ ընկնելու առաջին իսկ օրվանից նման հայտարարություններով է հանդես եկել: Բայց պարզվում է` այս անգամ նա ավելի քան լուրջ էր տրամադրված եւ ի նշան բողոքի` կտրել է երակները:
Նշենք, որ Ա. Գաբրիելյանը կալանավորվել է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի եւ նրա թիկնապահի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 19-ին` առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:
Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց:
Ի դեպ, դատական քննության ընթացքում ինքնավնասում արած կալանավորի պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին Ա. Գաբրիելյանին դատահոգեբանական միջնորդության ենթարկելու պահանջով: Պաշտպանի խոսքով` Գաբրիելյանը հոգեկան խնդիրներ ունի: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, սակայն դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, եւ փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի հրապարակվել:
Հարկ ենք համարում նշել, որ դատական նիստերը եւս անհանգիստ մթնոլորտում են ընթանում: Անդրանիկ Գաբրիելյանի «հանցակիցներից» Հակոբ Բոյաջյանը, օրինակ, նիստերից մեկի ժամանակ հարձակվել էր կարգադրիչների վրա:
Թերեւս, նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանները ստանալուց հետո պարզ կդառնա` Անդրանիկ Գաբրիելյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե ոչ:
Տաթեւ Հարությունյան