Քննարկվել են Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել է, որ այս այցը ոչ միայն երկու մայրաքաղաքների գործընկերային սերտ փոխգործակցության, այլև բարեկամական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է:

«Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը: Հաշվի առնելով վերջին տարիներին իրականացվող ծրագրային համագործակցությունը` պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Երևանի և Մոսկվայի միջև իրականացվող համագործակցության ծրագրերն իսկապես լավ հնարավորություն են՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Մոսկվայի կառավարության համար ևս անչափ կարևոր է երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումը, և ես վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ընդլայնվեն փոխգործակցության շրջանակները»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև այս տարվա հոկտեմբերի վերջին Երևանում Մոսկվայի օրերի անցկացման հետ կապված հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս