Անտառաշենում չկա դպրոց ու մանկապարտեզ. գյուղը գնալով դատարկվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Անտառաշեն գյուղը գնալով դատարկվում է: Երբեմնի 300 բնակիչ ունեցող գյուղում այսօր 100 բնակիչ հազիվ թե լինի: Գյուղում չկա դպրոց ու մանկապարտեզ, չկա բուժկետ ու համայնքը Վանաձորին կապող երթուղային տրանպսրոտ: Ճանապարհներն ամբողջությամբ անբարեկարգ են: Շատ հաճախ անգամ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել:

Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խառատյանն ասում է, որ համայնքի 30 աշակերտներն այցելում են հարեւան Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց: Մարզպետարանի ու համայնքի բյուջեի միջոցներով ավտոբուս է վարձակալվել, որն էլ երեխաներին դպրոց է տանում:
Որպես գյուղապետարան ծառայող շենքը վթարային է՝ քարուքանդ եղած: Գյուղը գազաֆիկացված չէ, սակայն գյուղում ամերիկաբնակ մի քաղաքացի ամառանոց ունի, որն էլ սեփական ուժերով գազաֆիկացրել է: Գյուղապետը խնդրել է նրան թույլատրել բնակչությանը օգտվել իր գազատար խողովակից:
Անտառաշենում անգամ խանութ չկա: Օգտվում են Լերմոնտովոյի թե՛ խանութից, թե՛ ավտոբուսից:

Համայնքի բնակիչներն ասում են, որ տարիների ընթացքում գյուղում, առհասարակ, ոչինչ չի փոխվել, միայն խնդիրներն են ավելացել: 3,5 մլն բյուջե ունեցող գյուղապետարանում 4 աշխատակից կա, որոնց աշխատավարձերն են հազիվ վճարվում, ասում է համայնքի ղեկավարն ու հույսով սպասում, թե մի օր մի ծրագիր գուցե լինի, որով կկարողանան ե՛ւ ճանապարհները հիմնանորոգել, ե՛ւ գյուղապետարանի շենքը բարեկարգել:

Լիլիթ Ավետիսյան
Վանաձոր




Լրահոս