ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կաբինետն ամբողջությամբ ձեւավորվի: Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է: Հիշեցնենք` կառավարության արձակվելուց անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը 09.09.2016թ. իր համարում տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: Այնուհետեւ լուրեր տարածվեցին այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:
Սակայն երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, «Ժողովուրդ»-ին դեռեւս պարզել չհաջողվեց:

 

 
Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավել է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային եւ մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը: Նույնիսկ նշվում էր, թե ով է լինելու մաքսային ծառայության ղեկավարը, իբր այդ պաշտոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վստահել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին: Սակայն ՊԵԿ-ում եւ կառավարությունում «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումները փաստեցին, որ տարանջատման խնդիր չկա: Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան: Ինքը` գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել: Ու թերեւս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը եւ մաքսայինը չառանձնացնել եւ թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ:

 

 

 
Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում: Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ: Ի պատասխան՝ նա ասել է. «Նախ ես ռեստորան չունեմ: Տարածքն էլ արենդավճարով (վարձավճարով) տրվել է, այնտեղ աշխատում են: Գնացե՛ք, համապատասխան հասցեով ստուգում կատարեք»: Այլ կերպ ասած, ըստ Բաղդասարյանի՝ ինքը ռեստորանի տարածքը վարձով է տվել եւ այդ օբյեկտի գործունեության հետ կապ չունի: Բայց ողջ խնդիրն այն է, որ ըստ Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա տարածքի վարձակալությունից եկամուտ չի ստացել, փոխարենը իբրեւ շահաբաժին, այսինքն՝ բիզնեսից անցած տարի 2 մլն 917 հազար դրամի եկամուտ է ստացել: Հիմա մնում է պարզել` ինչպես են արտոնյալ պայմաններում աշխատում` չվճարելով գազի վարձը:

 

 
Երեկվա դրությամբ սեպտեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 35 միլիարդ 421 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միաժամանակ տեղի է ունեցել մեկ միլիարդ դրամի՝ նախկինում տեղաբաշխված պետական պարտատոմսերի հետգնում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական պարտքն ընթացիկ ամսում ավելացել է առնվազն 34 միլիարդ 421 միլիոն դրամով: Սակայն մյուս կողմից հայտնի է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ակտիվորեն նաեւ վարկեր վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ստացվում է, որ միայն ներքին պետական պարտքի՝ վերը նշված աճի արդյունքում, որը դոլարով կազմում է 75 միլիոն, Հայաստանի պետական պարտքը հասնում է 5 միլիարդ 560 միլիոն դոլարի: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը եղել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Հարկ է նկատել, որ վերը նշված գումարից 15 միլիարդ դրամի պարտատոմսերը տեղաբաշխվել են Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո:

 

 

 
ՍՈՒԼԹԱՆԻԶԱՑԻԱ
Այսպիսով՝ երեկ Ադրբեջանի սուլթանը հերթական անգամ հաջողությամբ կյանքի կոչեց սեփական կլանի իշխանությունը երկարաձգելու գործընթացը «սահմանադրական փոփոխություններ» կոչված տրագիկոմեդիայի բեմականացմամբ: Արդեն իսկ առանց սպասելու այդ երկրի ԿԸՀ կողմից արդյունքների հրապարակմանը, Ադրբեջանի ղեկավարությունը երեկ տոնում էր հաղթանակը՝ հղում կատարելով exit pall-ի արդյունքների վրա, համաձայն որոնց՝ հանրաքվեին մասնակցած 70 տոկոս ադրբեջանցիների 88 տոկոսից ավելին իր հավանությունն է տվել սահմանադրական փոփոխություններին:
Ինչպես հիշում ենք՝ ժամանակին հորից գահը ստանձնած Իլհամ Ալիեւը, սպառելով պաշտոնավարման երկրորդ փուլը, մեկ անգամ արդեն իսկ փոխել էր երկրի Սահմանադրությունը՝ վերացնելով երկու անգամից ավել նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական արգելքը: Հիմա էլ, փաստորեն, Ալիեւների կլանում պլաններ կան Իլհամի որդուն՝ Հեյդար կրտսերին գահը փոխանցելու շուրջ: Նա ներկայումս 19 տարեկան է, եւ որպեսզի կրտսեր Հեյդարիկը հասցնի գոնե փոքր -ինչ «հասունանալ», սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը դառնում է 7-ամյա, իսկ մինչ այս առաջադրման նվազագույնը 35 տարեկան շեմը առհասարակ վերացվում է: Այսուհետ, փաստորեն, Ադրբեջանում յուրաքանչյուր չափահաս կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում եւ ընտրվել:
Նման բան, սակայն, չի լինի, փոխարենը՝ 2018-ին Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ «կընտրվի», կպաշտոնավարի 7 տարի՝ մինչեւ 2025թ, մինչեւ նրա որդու բեղերն այնքան խիտ լինեն, որքան իրենը, եւ նա, արդեն որպես 26-ամյա նոր սուլթան, ստանձնի երկրի կառավարման ղեկը: «Ադրբեջանական ժողովրդավարության» այս առանձնահատկութունները, թվում էր, պետք է որ համարժեք արձագանք ստանային քաղաքակիրթ աշխարհում: Թեեւ այս «հանրաքվեի» մոնիտորինգին հեղինակավոր միջազգային կազմակերպությունները չէին մասնակցում, բացի ԵԽԽՎ գնահատման առաքելությունից, այնուհանդերձ՝ Իլհամ Ալիեւի այս նախաձեռնությունն անհրաժեշտ հակազդեցության չարժանացավ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից:
Մեզ համար, թերեւս, հարեւան սուլթանատում նման իրավիճակից անհանգստանալու շատ բան չկա: Գուցե՝ անգամ հակառակը: Ի վերջո, ակնհայտ է, որ գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանին ժողովրդավարական կառավարման համակարգ ունենալու շռայլությունը թույլ չեն տալու միջազգային քաղաքական կենտրոնները: Եվ բացի այդ՝ քանի Ալիեւների կլանն է երկրի ղեկին, պատերազմի վերսկսման հավանականությանը փոքր կմնա: Միայն թե գոնե այսքանից հետո այդ նույն հեղինակավոր միջազգային կառույցները՝ մասնավորապես ԵԽԽՎ-ն, իր խավիարասեր ղեկավարությամբ, դադարեն Հայաստանն ու Ադրբեջանը դիտակել նույն հարթության վրա: Արդեն իսկապես ամոթ է:




Լրահոս