ՄԻԵԴ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանի գանգատին: Դատապարտյալն իր գանգատում, մասնավորապես, նշել է, որ պատժի կրման տարիներին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արդարադատության նախկին նախարարները, չեն արձագանքել իր նկատմամբ կատարվող ապօրինություններին, ինքնավնասման դեպքերին, որեւէ դեպքի ընթացք չեն տվել:

Ովքեր են ՄԻԵԴ-ում հայտնված
բարձրաստիճան պաշտոնյաները
Նախկին դատապարտյալը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իր գանգատում տեղ են գտել ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանի, Հովհաննես Մանուկյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի պետ Արմեն Դավթյանի, «Կոշ» ՔԿՀ օպերատիվ բաժնի աշխատակից Եգոր Հակոբջանյանի, «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ, նախկինում նույն պաշտոնը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զբաղեցնող Սմբատ Բուլղադարյանի, «Կոշ» ՔԿՀ հերթափոխի պետ, նախկինում «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետի առաջին տեղակալ Աղասի Խաչատրյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Գենադի Սարգսյանի, «Վարդաշեն» ՔԿՀ պետ, նախկինում «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովհաննես Հակոբջանյանի անունները:
Նախկին դատապարտյալ Ա. Հակոբյանի փոխանցմամբ` ՄԻԵԴ-ից իրեն պատասխան է ուղարկվել այն մասին, որ իր գանգատը հիմք է ընդունվել եւ մուտք արվել համապատասխան բաժին, քննության հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի որոշ ժամանակ անց:

Ինչն է դատապարտյալին դրդել
դիմել ՄԻԵԴ
Արտակ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 2012-15թթ.` իր պատժի կրման ընթացքում, ինքը բազմիցս ինքնավնասման է դիմել` ի նշան ՔԿ վարչության աշխատակիցների` իր նկատմամբ կատարված ապօրինությունների: «Ես նախկին նախարարներին` Հրայր Թովմասյանին, Հովհաննես Մանուկյանին, խնդրում էի ինձ հետ հանդիպել, որպեսզի ես կարողանամ նրանց հայտնել հիմնարկում տեղի ունեցող անօրինական գործողությունների մասին, սակայն մշտապես առանց ստույգ պատճառաբանությունների, նախարարները մերժել են հանդիպել ինձ հետ` թույլ չտալով խոսքս հասցնեմ իրենց, իմ մտահոգությունների մասին բարձրաձայնեմ: Մշտապես նույն գրավոր պատասխանն էի ստանում` «Նախարարը նպատակահարմար չի գտնում հանդիպել Ձեզ հետ»: Հենց այս խուսափողական վերաբերմունքի հետեւանքով ես ճարահատյալ ինքնավնասումների էի դիմում:
Ինչ վերաբերում է գանգատում տեղ գտած մյուս անուններին, պետք է ասեմ, որ բոլոր նշված անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, դատապարտյալների, այդ թվում` իմ նկատմամբ ապօրինի քայլեր են արել»:
Նախկին դատապարտյալը մանրամասնեց. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախորդ տարվա մայիսին նյութեր են նախապատրաստվել ՔԿՀ աշխատակիցների կողմից իրեն ծեծի ենթարկելու դեպքերով, իսկ արդեն նույն տարվա օգոստոսին ինքը ներգրավվել է որպես տուժող: Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ինքն առերեսում է ունեցել «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանի եւ մի քանի այլ աշխատակիցների հետ:
«Այդ գործում մի քանի այլ պաշտոնյաներ եւս ընդգրկվել են: Քննության ընթացքի մասին այս պահին տեղեկություններ չունեմ: Ի դեպ, առերեսման ժամանակ ընդհարում եղավ իմ եւ Հովհաննես Հակոբջանյանի միջեւ: Նա բջջային հեռախոսներ ունենալու մասին խոսեց` ասելով, թե դատապարտյալին արգելվում է, իսկ ես քննիչի ներկայությամբ հայտարարեցի, որ նա էր դատապարտյալներին հարյուր դոլարով հեռախոս վաճառում»:
Արտակ Հակոբյանի խոսքով` առերեսումից հետո էլ Հովհաննես Հակոբջանյանը տեղափոխվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ` զբաղեցնելով պետի պաշտոնը:
Հավելենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2014 թվականին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեղադրանքով: Նա հիմա պատիժ է կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պետի պաշտոնում, այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նրա ենթակայության տակ գտնվող Հովհ. Հակոբջանյանն է:

Պաշտոնյաների մեկնաբանությունը
ՄԻԵԴ որոշման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի եւ «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանի հետ:
Հովհաննես Մանուկյան
-Պարո՚ն Մանուկյան, Դուք տեղյա՞կ եք, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանի` ընդդեմ Ձեզ ներկայացված գանգատին:
-Ո՚չ, Ձեզնից իմացա:
-Մասնավորապես, դիմումատուն նշել է, որ պատիժը կրելու իր ժամկետի ընթացքում Դուք էլ եք եղել արդարադատության նախարար, եւ նա մի քանի անգամ դիմել է իր հետ հանդիպման խնդրանքով, սակայն մերժում է ստացել:
-Անկեղծ ասած` հնարավոր չէ միայն անուն, ազգանունով հիշել նախկին դատապարտյալին եւ նրա գործը, կամ գրված դիմումներին առնչվող մանրամասներ մտաբերել: Նման դեպքեր տասնյակներով էին լինում: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ 2 նախարարին էլ դիմել է, թերեւս, բացատրվում է նախարարների փոփոխությամբ պայմանավորված՝ դատապարտյալների ակտիվացմամբ եւ իրենց` նախկինում գրված դիմումների վերաթարմացմամբ, ուստի պետք է ենթադրել, որ բազմիցս դիտարկված հարց է: Անձամբ նախարարի հետ հանդիպման խնդրանքով դիմումները դիտարկվում են համապատասխան ընթացակարգով, որի համաձայն էլ, վստահ եմ, պատասխանվել է յուրաքանչյուր դիմումատուի: Սովորաբար նման այցելություններ նախարարի հանձնարարությամբ անում են վերահսկողական ծառայությունները, քանի որ դատապարտյալի ցանկացած հանդիպման խնդրանք բավարարելու դեպքում արդարադատության նախարարը պիտի որ չհասցնի քրեակատարողական հիմնարկներից դուրս գալ:
«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյան
-Պարո՚ն Բուլղադարյան, Դուք տեղյակ եք, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանի` ընդդեմ Ձեզ ներկայացված գանգատին:
-Ո՚չ: Առաջին անգամ եմ լսում: Ինչի՞ համար:
-Իր նկատմամբ կատարված ապօրինությունների:
-Ոչ մի բանից տեղյակ չեմ:
-Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Արդյո՞ք Ձեր դեմ ներկայացված գանգատն արդարացի է:
-Օրենք կա, թող օրենքը գնահատի. ես ոչ մի բան, գնահատական չունեմ տալու:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
«ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ» ԱԶԱՏ ԵՆ
Ընթացիկ տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի թաղում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու գործով վարույթն իրականացնող մարմին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ նոր հաղորդագրություն տարածեց:
Ըստ այդմ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ծեծի ենթարկելու, նրանից անվանաքարտը (բեյջ) խլելու փաստերով մեղադրանք է առաջադրվել ոմն Դ. Ս.-ի: Վերջինս, ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության, բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ այն բանից հետո, երբ տեսել է, որ ԶԼՄ ներկայացուցիչն իրեն նկարահանում է:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձի, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի եւ Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել եւ ուղարկվել է դատարան:
Իսկ ահա «խոշոր ձկների»` ուռկանում հայտնվելու մասին հաղորդագրություններ մինչ այս պահը չեն եղել: Խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (Նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարների մասին է: Ինչպես հայտնի է` օրվա տեսանյութերում երեւացող եւ գործընթացի ակտիվ նախաձեռնող համարվողների` հանրությանը հայտնի անուններն արդեն մոտ երկու ամիս է` շրջանառվում են: Բացի այդ, կան նաեւ թվարկված անձանց մասնակցությունն ապացուցող փաստեր` ի թիվս տեսանյութերի:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավապահ համակարգի կողմից սույն անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված տեսանյութերը, լրագրողական բոլոր հոդվածները ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ուսումնասիրվում են: Ուշադրության կենտրոնում են բոլոր այն անձինք, որոնք բռնություն են գործադրել քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը:
Իրավապահ կառույցներում հավաստիացնում են, որ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում: Բայց մինչ օրս վերը նշված անձանց դատավարական կարգավիճակ դեռեւս չի տրվել:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ
Ճանապարհային ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաեւ հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:

 

 
ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ՝ Կ.Ս.-ի անունով, 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ եւ արեւածաղիկ: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել էր անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել եւ վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե՛ սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե՛ ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով: ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

 

 

ՕՍԻՊՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի եւ Պավել Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդության հիմքում եղել է Վալերի Օսիպյանի ցուցմունքը: ArmLur.am-ին այդ մասին հայտնել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենց ցուցմունքի ամբողջական տարբերակը չեն տրամադրել: Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են որոշումները բողոքարկել:




Լրահոս