«ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ԱՆՁԵՐԻ ԴԵՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ներկայիս ընդդիմադիր ուժերը սպասարկում են իշխանության այս կամ այն թեւի շահերը, որ հիմա չկա իրական, գաղափարական ընդդիմություն, մի բան, որն առկա էր 90-ականներին: Այդպես էր արդյոք: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նոստալգիկ պնդումները եւս չեն համապատասխանում իրականությանը:

1996 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Հետընտրական հանրահավաքները ավարտվեցին ԱԺ «գրավումով», խորհրդարանի նախագահության անդամների եւ պաշտոնյաների ծեծուջարդով: Սեպտեմբերի 26-ին կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ հրավիրվեց` ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով, պատճառը ցուցարարներին նման գործողությունների հրահրելն էր: Արդյունքում Հայաստանի Ազգային ժողովը որոշում կայացրեց պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին, Ներսես Զեյնալվանդյանին զրկել անձեռնմխելիությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն հետագայում անհայտ պատճառներով քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե հայտնի իրադարձություններից հետո ինչ ճանապարհ են անցել այդ ժամանակ անձեռնմխելիությունից զրկված վերոնշյալ քաղաքական գործիչները եւ ինչով են զբաղված հիմա:
Արշակ Սադոյանը 1999-2003 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք), ընտրվել է «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով` լինելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2001թ. հիմնել եւ մինչ օրս ղեկավարում է ԱԺԴ կուսակցությունը: 2009 թվականի մարտին ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ ՀՀ հանրային խորհրդի անդամ է։
Սեյրան Ավագյանը 1990-2003թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի առաջին, երկրորդ, երրորդ գումարումների պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական, ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 2003-2007 թթ. Ս. Ավագյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահին կից մշակույթի խորհրդի նախագահ: Նա 2007թ. նոյեմբերից ՀՀՎՊ խորհրդի անդամ է: Հանդիսանում է ՀԺԱՄ կուսակցության նախագահ:
Ռուբեն Հակոբյանը 1999-2000 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր` ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2000-2008 թթ. ծավալել է դիվանագիտական գործունեություն` Սանկտ Պետերբուրգում զբաղեցնելով ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը: 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։ 2015թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։
Պարույր Հայրիկյանը 1990-98 թթ. ՀՀ խորհրդարանի անդամ էր, 1998-99 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական եւ սահմանադրական բարեփոխումների, 1998-2002 թթ.՝ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։ 2013 թ. հունվարին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրություններից երեք շաբաթ առաջ փողոցում մահափորձի ենթարկվեց, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։ ՀՀ դատարանը մահափորձի կազմակերպման մեջ մեղավոր ճանաչեց նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին եւ նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման։ 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայրիկյանը ստացավ ընտրողների 1,23% ձայները։
Շավարշ Քոչարյանը 1995-1999 թթ. եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ազգային Ժողովրդավարական միության» (ԱԺՄ) խմբակցության քարտուղար։ 1999-2003 թթ. զբաղեցրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1999-2003 թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության, իսկ 2003-ից ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի եւ սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։ 2008 թ. օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2011 թվականին պարգեւատրվել է ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ Մխիթար Գոշի մեդալով։ Իսկ 2015 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Վազգեն Մանուկյանը 1995-2007 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2009 թվականի մարտից՝ Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի նախագահ։ 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: 2007-ին չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այսօր նա ԱԺՄ նախագահն է, ղեկավարում է Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը:
ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր, 2000-2003 թ.թ. պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի անունը ժամանակին կապվում էր պետական գույքի մասնավորեցման մութ պատմությունների հետ: Պաշտոնը լքելուց հետո նա հեռացավ քաղաքականությունից:
Ուսումնասիրելով վերոնշյալ քաղաքական գործիչների ծավալած գործունեությունը սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո` պարզվում է, որ շատերի ընդդիմադիր պայքարը դրսեւորվել է ոչ թե համակարգի դեմ, այլ պայմանավորված է եղել կոնկրետ անձով: Իշխանափոխությունից հետո քաղաքական թատերաբեմում հայտնվեցին այլ անձինք նույն գաղափարներով, սակայն այդ ընդդիմադիր գործիչներից շատերը նույն պոռթկումով չընդվզեցին նրանց դեմ:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ 104 ԱՇԽԱՏԱՏԵՂ ԿԲԱՑԻ

«Ժողովուրդ»-ը սեպտեմբերի 20-ի համարում գրել էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը գյուղացիներից հավաքել է անձնագրերի պատճենները եւ խոստացել, որ առաջիկայում իրենց աշխատանքի կտեղավորի: Ինչը լուրջ մտահոգել էր շատինցիներին:

Գրել էինք, որ Շատինի գյուղապետ Մ. Սմբատյանը հայտարարել է, թե գյուղում գտնվող ռելեի գործարանն ու կարի արտադրամասը կվերագործարկեն այն դեպքում, երբ ինքը ընտրվի գյուղապետի պաշտոնում: Իսկ այս հարցում իրեն կաջակցի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված եւ տուժած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը: Բնակիչները պատմել էին նաեւ, որ վերջինս հայտարարել է, թե 2 մլն դոլարի չափով ներդրում կանի՝ գործարանները վերագործարկելու նպատակով: Սակայն զրույցի ընթացքում գյուղապետը հրաժարվել էր՝ նշելով, որ ինքը անձնագրերի պատճեններ չի հավաքել, դրանք հավաքել է Փ. Հայրապետյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Փ. Հայրապետյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, որ ինքը անձնագրի ոչ մի պատճեն էլ չի հավաքել. «Ես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գործարաններ հիմնելու, աշխատատեղ բացելու մասին ելույթից ոգեւորվեցի եւ քանի դեռ չէի վաճառել իմ ունեցած կարի մեքենաները, որոշեցի դնել արտադրության մեջ: Ես այսօր իմ ունեցած կարի մեքենաներով կարող եմ 104 աշխատատեղ բացել: Այս նպատակով գնացել եմ Շատին, ծանոթացել այնտեղի կարի արտադրամասին, բայց գյուղապետին առաջարկել եմ վերանորոգել տարածքը: Միայն այդ դեպքում կարող ենք այն աշխատեցնել: Դեռ արձագանք չկա»: Փ. Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց, որ Եղեգնաձորում նույնպես տարածք են գտել: «Ուղղակի հիմա առողջական փոքր խնդիրներ ունեմ եւ բուժվելուց հետո կգնամ, կծանոթանամ նաեւ այդ տարածքին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԸՆՏՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան համայնքի 15 հոգանոց ավագանու անդամ դառնալու համար պաքարում էր 33 թեկնածու: Նորընտիր ավագանու մեծամասնությունը երիտասարդներ են: Միակ կին անդամը կարող էր լինել «Մասիս Տոբակո» ՍՊԸ գործակալ, Ոսկեվանի նախկին բազմամյա գյուղապետ, ՀՀԿ անդամ Էմմա Հակոբյանը, եթե վիճակահանությունը բարեհաճ լիներ նրա նկատմամբ: Բանն այն է, որ Է. Հակոբյանը եւ սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ, անկուսակցական Ռոբերտ Մախսուդյանը սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու ընտրություններում ստացել էին հավասար՝ 242 քվե: Սեպտեմբերի 23-ին վիճակահանութամբ որոշվեց, թե ով է դառնում Նոյեմբերյանի համայնքի ավագանու վերջին անդամը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ երկու սպիտակ թղթերից մեկի վրա գրվել է ընտրված է, մյուսի վրա՝ ընտրված չէ, թղթերը քառակի ծալվել, դրվել են արկղի մեջ: Թեկնածուներից այբբենական կարգով առաջինը՝ Էմմա Հակոբյանը, մոտեցել եւ հանել է թղթերից մեկը, որի վրա գրվածը նշանակում էր, որ նա ընտրվել է խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ: Այդպիսով՝ Նոյեմբերյան համայնքի ավագանին, թեկուզ վիճականահության միջոցով, կին անդամ ունեցավ:

 

 

ՓՈՐՁԵԼ Է  ՍՊԱՆԵԼ  ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում շարունակվում է Հաղարծին գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հուլիսի 28-ի գիշերվա ժամը 2-ի սահմաններում Հաղարծին գյուղի կենտրոնում՝, Արծրուն Բադալյանի խանութի մոտ, միմյանց միջեւ ձեւավորված անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով, ապօրինի ձեռք բերված ՏՕԶ-8 մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանով Տիգրան Թամրազյանի հասցեին սպանության սպառնալիքներ տալով՝ դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է նրա ուղղությամբ, նրա ձախ ուսի շրջանում մարմնական վնասվածք պատճառել, սակայն համագյուղացի Արմեն Գրիգորյանի միջամտությունից հետո, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Բացի այդ՝ Գագիկ Պետրոսյանը, չունենալով հրազեն պահելու եւ կրելու իրավունք, եղբոր՝ Գառնիկ Պետրոսյանի մահից հետո, շուրջ 20 տարի, վերջինիս պատկանող, ապօրինի հրազեն հանդիսացող ՏՕԶ-8 մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն ապօրինի պահել է Հաղարծին գյուղում գտնվող իր առանձնատանը: Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով, նա գտնվում է կալանքի տակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս