ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայր բուհի տարածքում

Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիմանկարը հայտնվել է Երեւանի պետական համալսարանի պատին:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե երեխայի ծնվելու պահին ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, ապա ի՞նչ կարգով է լրացվում երեխայի հոր մասին տեղեկությունը:

Նարե Վահանյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝
– հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
– երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը՝ մոր ցուցումով:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ` ծնողների համաձայնությամբ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մեկ տարեկան դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանման ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Ի դեպ, երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա:

 

 

 
ՀԱՐՑ. Իմ մեքենան, բացի ինձանից, վարում են մի քանի անձինք: Եթե իմ մեքենան վարող անձանց քանակը մեկից ավել է, ինչպե՞ս պետք է վարվեմ:

Սլավա Հակոբյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե Ձեր ավտոտրանսպորտային միջոցը վարող անձանց քանակը մեկից ավել է, ապա ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ԱՊՊԱ պայմանագրում՝ «լիազորված տիրապետողներ» դաշտում, պետք է նշեք նրանցից յուրաքանչյուրին: Ընդ որում, «լիազորված տիրապետողներ» դաշտում կարող եք նշել առավելագույնը 5 անձանց: Եթե ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցը վարման եք հանձնում անձի, ում մասին չեք նշել ԱՊՊԱ պայմանագրում, ապա նախքան նրան վարման հանձնելը անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեզ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը եւ համապատասխան փոփոխություն կատարեք ԱՊՊԱ պայմանագրում: Հակառակ դեպքում Ձեզ համար կարող են առաջանալ բացասական հետեւանքներ: Մասնավորապես՝ ԱՊՊԱ պայմանագրում չնշված վարորդի կողմից ավտոմեքենան վարելու ընթացքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետեւանքով տուժողին պատճառված վնասները փոխհատուցած ապահովագրական ընկերությունը կարող է իր կողմից տուժողին հատուցված գումարը հետ պահանջել Ձեզանից: Այն դեպքում, երբ Դուք հստակ չեք կարող որոշել այն անձանց շրջանակը, ում վարման պետք է հանձնեք ապահովագրվող ավտոմեքենան, միեւնույն ժամանակ չեք ցանկանում յուրաքանչյուր նոր վարորդին ավտոմեքենան վարման հանձնելուց առաջ փոփոխություններ կատարել ԱՊՊԱ պայմանագրում կամ հինգից ավել մարդու եք ուզում տալ մեքենան, ապա Դուք «լիազորված տիրապետողներ» դաշտում կարող եք նշել «առանց սահմանափակումների» նշումը, ինչը նշանակում է, որ Դուք կարող եք ավտոմեքենան վարման հանձնել ցանկացած անձի, ով ունի համապատասխան վարորդական իրավունք:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում ապահովագրական ընկերությանը վճարվող ապահովագրավճարի չափը որոշակիորեն կմեծանա:




Լրահոս