Հարց քաղաքացիներից` անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները բացի տվյալ անձից, որեւէ մեկին կարո՞ղ են հասանելի լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները բացի տվյալ անձից, որեւէ մեկին կարո՞ղ են հասանելի լինել: Այսինքն՝ որեւէ այլ անձ տեղեկություն ստանալու իրավունք ունի՞:

Արուսյակ Մխոյան (47 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են եւ հասանելի չեն այլ անձանց, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին՝ անձի կատարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի եւ արժեքի մասին:
Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը եւ որեւէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա՝ գործատուն, պետական մարմինները եւ այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:
Մեկ բացառություն եւս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում, անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ մահացած մասնակցի ժառանգներին:

Կենսաթոշակային համակարգի իրեզակեման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների մասին տեղեկատվություն կարող է ստանալ հետեւյալ հաշվետվությունների միջոցով՝ կենսաթոշակային հաշվի քաղվածքի, կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ նախորդ տարվա տարեկան հաշվետվության, բանկոմատների միջոցով՝ հաշվով կատարված վերջին 10 գործարքների վերաբերյալ:




Լրահոս