Դեղամիջոցների գները նվազել են. ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմետ, ոչ պարենային ապրանքները 2.1 տոկոսով էժանացել են: Սակայն այս տարվա սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնաճ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում հիմնականում թանկացել են գորգեղենը, կահույքը, խոհանոցային սպասքը, այգեգործական ապրանքները, մշակույթի ապրանքները, գրենական պիտույքները, ոսկերչական ապրանքները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ բարձրացել են նաեւ կենցաղային էլեկտրաապրանքների, հագուստի, գործվածքի, կոշկեղենի գները: Նշենք, որ լվացող միջոցների, գեղահարդարման ապրանքների, շինանյութերի գները նվազել են, իսկ տեքստիլեղենի շուկայում գների մակարդակը սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեղամիջոցների գները նվազել են 1.4 տոկոսով: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հոկտեմբերի 6-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների հերթական մշտադիտարկում: Դեղերի մանրածախ գների համեմատությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի գները, ընդհանուր առմամբ, մնացել են անփոփոխ: Իսկ ահա Ֆրանսիայի «Սանոֆի Ուինթրոպ Ինդաստրի» դեղագործական ընկերության արտադրության Պլավիքս (կլոպիդոգրել) 75մգ 14 դեղահատեր թաղանթապատ դեղի մանրածախ գինը սեպտեմբեր ամսվա համեմատությամբ նվազել է շուրջ 50 տոկոսով: Նշենք, որ այս դեղը բժիշկները նշանակում են սրտի ստենտավորում կատարած մարդկանց: Սրան զուգահեռ նվազել են նաեւ բուժսպասարկման ծառայությունների սակագները:

Իսկ ահա բնակարանային-կոմունալ, հանգստի կազմակերպման եւ կրթության համակարգի ծառայությունների սակագները բարձրացել են:




Լրահոս