Ո՛Չ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ, Ո՛Չ ԳՈՂ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն պետք է կարգավորի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման եւ ոչ պատշաճ իրականացման կամ ժամկետներում չներկայացման դեպքում առաջացող իրավահարաբերությունները:

Առաջիկայում արդարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու նաեւ մի շարք օրինագծեր: Առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ օրենսդրական փոփոխություններից հետո իրավապահ մարմիններն ունենալու են գործիքներ` ապօրինի հարստացումը բացահայտելու համար:
«Ժողովուրդ»-ը ապօրինի հարստացման քրեականացման մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի հետ:

Աժ տնտեսական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյան
-Պարո՛ն Նուշիկյան, Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ առաջիկայում արդարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ:
-Անձնապես ինձ նկատի ունե՞ք:
-Այո՛, Ձեզ:
-Ինչո՞ւ պետք է ինձ մտահոգի:
-Ըստ Ձեր հայտարարագրի՝ անցած տարեվերջին Ձեր դրամական միջոցները կազմել են մոտ 334 միլիոն դրամ:
-Ես հիմա էլ եմ այն ներկայացնում, ինչը Ձեզ հասանելի է, ի՞նչ կա այնտեղ անհասանելի:
-Պատգամավորները պետք է հիմնավորեն՝ ինչպես են այդ դրամական միջոցները ձեռք բերել:
-Չէ՛, այն բացարձակ ինձ չի մտահոգում, այլ, ընդհակառակն, ավելի ուրախ եմ:
-Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ եթե հայտարարագրի հետ կապված իրավապահները հավելյալ հիմնավորումներ պահանջեն, խնդիրներ կարող եք ունենալ:
-Ինձ մոտ դա բացարձակապես մտահոգություն չի առաջացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որովհետեւ դա կարող է նպաստել, որ գործարարությունը կամ պետական պաշտոնյաները..: Ես ավելի ուրախ կլինեմ, եթե ոչ միայն եկամուտները հայտարարագրվեն, այլեւ ծախսերը նույնպես: Որովհետեւ այս կոռուպցիա հասկացողությունը մեզ մոտ դրա հետեւանքով կնվազի եւ այլն, ուստի, ընդհակառակը, ես ուրախ եմ:
-Բոլորը կոռուպցիա են փնտրում, բայց չեն գտնում՝ որտե՞ղ է թաքնված կոռուպցիան:
-Դե, համենայնդեպս, հույս ունեմ, որ կամաց-կամաց կսկսեն քննել: Այսպես ասեմ:
-Իսկ հնարավո՞ր է, որ Դուք մտավախություն չունեք, որովհետեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նման խնամի ունեք:
-Եթե տվյալ պահի մասին ենք մենք խոսում, ապա իմ խնամու կոմիտեն ինձ հետ կապ չունի, որովհետեւ մեզ հետ կապ ունի հատուկ քննչական ծառայությունը:
-Բայց միթե Ձեր խնամին, լինելով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, հարկ եղած դեպքում չի կարող դիմել ՀՔԾ՝ իր գործընկերներին:
-Ո՛չ, այդ մտավախությունը բացարձակ չունեմ, որովհետեւ ավելի շատ մտածում եմ իմ երեխաների մասին, իմ թոռների մասին, որ մենք ավելի լավ երկիր ունենանք, որ չգնանք արտասահմանները, շատ ու շատ հարցերի կապակցությամբ խորը ափսոսանք ապրենք, թե ինչու մեր երկրում նման բաները այսպես չեն, այնպես են:
-Վստա՞հ եք, որ Ձեր խնամու միջնորդությանը չեք դիմի:
-Ես ինչ պետք է անեմ, որ դիմեմ միջնորդության, որ իրավապահները իմ նկատմամբ ավելի մեղմ վերաբերվեն: Ո՛չ հանցագործ եմ, ո՛չ գող եմ, ինչի պետք է ես այդ առումով մտածեմ կամ, ընդհանրապես, մտահոգություն ունենամ: Իմ կենսագրության ընթացքում երբեւիցե առնչություն չեմ ունեցել այդ մարմինների հետ, ինչու պետք է հիմա ունենամ: Ապօրինի հարստացած անձ չեմ, եսիմ ինչերի մեջ չենք, պետական տենդերի մեջ չենք, ոչ մի բանի մեջ չենք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյան
-Պարո՛ն Դավթյան, Ձեզ չի մտահոգում, որ ապօրինի հարստացումը քրեականացնում են:
-Կոնկրետ ինձ` ո՛չ: Նույնիսկ փոքր-ինչ մտավախություն չունեմ եւ դեռ ավելին՝ կարծում եմ, որ այս քայը միգուցե մի փոքր էլ ուշացած է:
-Եթե Ձեզ հետագայում ասեն՝ որտեղից Ձեզ այսքան գումար, առանց խնդրի կարո՞ղ եք հիմնավորումներ ներկայացնել:
-Եթե խոսքը վերաբերում է ինձ, որեւէ խնդիր չունեմ, որեւէ հարց չկա, ամեն ինչ պարզ է եւ ամեն ինչ շատ շիտակ եւ ճիշտ:
-ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը նախօրեին ասաց. «Բնականաբար, զոքանչը հեչ մի կապ չունի իր փեսայի հետ, իրար ատող մարդիկ են, բայց, չգիտես ինչու, ամբողջ հարստությունը գրանցում են զոքանչի անունով»: Դուք Ձեր հարստությունը Ձեր զոքանչի կամ այլ մարդու անունով գրանցե՞լ եք:
-Ճիշտ կլինի՝ Հեղինե Բիշարյանը իր մատնանշած մեկ-երկու զոքանչների անուններ բերի, ասի: Ես ոչ միայն չեմ արել, երբեք մտքովս էլ չի անցել նման բան կատարել:
Նշենք, որ ուսումնասիրելով Արտակ Դավթյանի հայտարարագիրը` տեսնում ենք, որ նրա ներկայացրած միջոցները անհամեմատ ավելի համեստ են, քան նրա կնոջ՝ Անահիտ Գաբրիելյանի դրամական միջոցները: Այսպես՝ անցած տարեվերջին Ա. Դավթյանի դրամական միջոցները կազմել են մոտ 4 միլիոն դրամ, մինչդեռ նրա կնոջ՝ Անահիտ Գաբրիելյանի դրամական միջոցները եղել են 20 միլիոն դրամ եւ 250 հազար դոլար, վարձակալության դիմաց նրա կինը ստացել է 16 միլիոն 320 հազար դրամ, իսկ, ահա, մեկ ընկերությունից նա շահաբաժին է ստացել 70 միլիոն դրամ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԷ

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը սեպտեմբերի 18-ի ընտրություններում արդեն իսկ հասցրել է գրանցել իր առաջին հաղթանակը. Նոր Կյանք համայնքում ընտրվեց կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը: Իսկ թե ինչպես են պատրաստվում հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ընտրություններին, փորձեցինք պարզել Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանից:

-Պարո՛ն Համբարձումյան, ինչո՞ւ պետք է գյումրեցին իր ձայնը տա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ո՞րն է Ձեր հիմնավորումը:
-Այդ հարցին ամենաճիշտը կպատասխանի գյումրեցին, ով ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նոր դուրս է եկել ընտրախցիկից:Մենք ներկայացրել ենք մեզ, ներկայացրել ենք մեր ծրագիրը: Մենք ունենք ծրագիր, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների ծրագրից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ ընդգրկված մարդիկ ունեն կենսագրություն: Ես միշտ մարդկանց ասել եմ` դուք պետք է նեղություն տաք ձեզ, ուսումնասիրեք ծրագիրը եւ ծանոթանաք այն մարդկանց հետ, ովքեր ներկայացրել են այդ ծրագիրը:
-Դուք, որպես կուսակցության ցուցակում առաջին համարը զբաղեցնող թեկնածու, ի՞նչ ծրագրեր ունեք, եւ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:
-Մենք տասը պարտավորություն ենք ստանձնում, որոնք պետք է կատարենք առաջիկա երկու տարիների ընթացքում: Ես նաեւ պարտավորվել եմ, այսինքն՝ սա նաեւ տասնմեկերորդ պարտավորությունն է, որ այդ ծրագրերից որեւիցե մեկի չկատարման դեպքում հրաժարական կտամ քաղաքապետի պաշտոնից:
-Ըստ Ձեզ՝ այս ընտրություններում ո՞րն է հաղթանակի գրավականը:
-Մենք ասում ենք, որ սա քաղաքական ընտրություն է, ժողովուրդը պետք է կատարի քաղաքական ընտրություն, իշխանություններն ասում են, որ ո՛չ, սա քաղաքական ընտրություն չէ, սա թաղային ինչ-որ իրադարձություն է, եւ ես կարծում եմ, որ քաղաքական ընտրության արդյունքում մենք պետք է հաղթենք: Մարդիկ փոփոխություններ են ուզում, նոր դեմքեր են ուզում, ուզում են, որ իշխանությունը կաշկանդված չլինի ո՛չ կառավարությունից, ո՛չ քաղաքային կլաններից: Մենք կաշկանդվածություն չունենք ո՛չ այնտեղից, ո՛չ այլ տեղից: Այս հանգամանքը էականորեն տարբերում է մեզ մնացած ուժերից:
-Ո՞ր քաղաքական ուժին եք համարում Ձեզ արժանի մրցակից:
-Բարդ հարց եք տալիս: Հետագա շահարկումներից խուսափելու համար Ձեր հարցին պատասխանելուց զերծ կմնամ: Մեր թիվ մեկ թիրախը իշխանությունն է: Մենք պետք է հաղթենք իշխանություններին:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ԽԱԽՏՈՒՄՈՎ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը բաց ընթացակարգով հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր է կնքել: Սակայն գործընթացն իրականացվել է խախտումներով: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման այս գործընթացին: Բանն այն է, որ հրավերի հայտարարությամբ հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը` հայտարարության հրապարակման օրվանից հաշված 40-րդ օրը, չի համընկնել հայտարարությամբ սահմանված հայտերի բացման օրվան` այս տարվա հոկտեմբերի 20-ին: Ինչը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Բացի այս, խախտվել է նաեւ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 69-րդ կետով սահմանված պահանջներին:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւս առաջիկայում հրաժարական է ներկայացնելու: «Ժողովուրդ»-ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են: Մեր քաղաքապետը նորմալ աշխատում է, ընդհանրապես չկա նման բան: Անգամ նման մտադրություն չունի: Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»:

 

 

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար ազատազրկման դատապարտված Արա Ռաֆայելի Ավետյանին (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին (9 տարի): «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել, թե վերը նշված նամակին, ի վերջո, ինչ ընթացք է տրվել: Պարզվում է՝ միայն այդ նամակը բավարար չէ խնդիրը քննարկելու համար: «Դեռեւս ընթացքի մեջ, որեւէ կոնկրետ բան չկա: Սովորաբար, երբ որ գալիս է մի քանի այդպիսի միջնորդություն, քննարկվում է, բայց դեռեւս որոշում կայացված չէ, ընթացքի մեջ է գործը»,-պատասխանեց Բաբայանը:




Լրահոս