ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ԱՎԱՆՍՈՎ» ՁԱԽՈՂՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին իսկ քննությունը տապալեց՝ ինքն էլ այդ մասին չիմանալով: Հայաստանի իշխանական համակարգը երեկ պարզապես ցույց տվեց, որ կապ չունի, թե վարչապետի աթոռին ով է նստած, եթե նա չի կարող համակարգին մերժել, ապա շատ արագ կդառնա նրա գերին:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունն արդեն մոտ երեք տարի է՝ մշակում է «Հարկային օրենսգրքի» նախագիծը, որը ՀՀԿ-ն մի կերպ կարողացավ այս տարվա հունիսին առաջին ընթերցմամբ անցկացնել: Սակայն նախագիծը քննարկելիս խորհրդարանական ուժերը համաձայնության էին եկել, որ մինչեւ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելը նախագիծը պետք է լրջորեն բարեփոխվի: Ենթադրվում էր, որ այդ նպատակով խորհրդատվական մարմին պետք է ստեղծվեր, որի մեջ պետք է ներառվեին նաեւ Աժ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ: Սակայն նման քննարկումներ չկազմակերպվեցին: Ամառը առավել քան թեժ եւ լարված մթնոլորտում անցավ, այն աստիճան, որ բոլորը մոռացել էին «Հարկային օրենսգրքի» մասին: Հանրությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու պատմության շոկից, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները ծրագրում են նոր կառավարություն ձեւավորել: Ի վերջո, Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց, եւ Կարեն Կարապետյանը Ռուսաստանից վերադառնալով՝ ստանձնեց վարչապետի պաշտոնը:
Ենթադրվում էր, որ նա նախ պետք է իր կառավարությունը ձեւավորեր, այնուհետեւ իր ծրագիրը մշակեր եւ ներկայացներ եւ դրանից հետո նոր միայն անդրադառնար «Հարկային օրենսգրքի» նախագծին` փորձելով դրան տալ այն տեսքը, որը նրա ղեկավարած կառավարությանը հնարավորություն կտար իր ծրագիրն իրագործել: Սակայն տեղի ունեցավ հակառակը. «Հարկային օրենսգրքի» նախագիծը կառավարությունը, որի անդամների մեծ մասը դեռեւս պաշտոնակատարներ էին, սեպտեմբերի 22-ին հաստատեց եւ ուղարկեց խորհրդարան` արտահերթ նիստով` արագացված կարգով երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ անցկացնելու համար: Նկատենք, որ երբ կառավարությունում նախագծին հավանություն էր տրվում, փաստաթուղթն այդպես էլ չէր հրապարակվել: Այս երկուշաբթի արտահերթի մեկնարկից հետո էլ այն պատգամավորներին չէր բաժանվել: Բանն այն է, որ նախագիծը, ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների, նախօրեին քննարկվել է ՀՀ նախագահի նստավայրում, ստացվել է նրա համաձայնությունը: Դրա համար էլ նախագիծն արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր, սակայն փաստաթուղթը պատգամավորներին չէր բաժանվել, եւ միայն երեկվանից պատգամավորները կարող էին այդ ծավալուն փաստաթղթի հետ ծանոթանալ: Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքով» նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի հարկահավաքության համակարգը: Փորձագետները համոզված են, որ ներկայացված նախագիծը Հայաստանի տնտեսությունն ավելի է կենտրոնացնելու: Այլ կերպ ասած՝ ընդհանուր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն է ունենալու եւ արտագաղթի լրացուցիչ առիթ դառնալու:
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանը հավանաբար գլխի չի ընկնում, որ այն պահից, երբ ուժի մեջ կմտնի այդ չարաբաստիկ «Հարկային օրենսգիրքը», Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բոլոր զարգացումների միակ եւ անհերքելի պատասխանատուն լինելու է ինքը: Ու երբ այդ օրենքի կիրառկման արդյունքում փոքր եւ միջին ձեռներեցները սնանկանան, դրա մեղավորը չի լինելու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը կամ մեկ ուրիշը, այլ Կարապետյանն է պատասխանատվության ողջ բեռը կրելու: Ավելին՝ նույնիսկ խորհրդարանի վրա չի կարողանա մեղքի բաժինը բարդել, քանի որ նախագիծը գաղտագողի ԱԺ բերելով՝ այդ հնարավորությունից եւս զրկվեց:
Այսօր բոլորը փորձում են հասկանալ, թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի Հայաստանի տնտեսությունում գեթ փոքր դրական տեղաշարժ արձանագրել: Սակայն, հաշվի առնելով «Հարկային օրենսգրքի» հետ կապված այս գործընթացը, կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանն արդեն իսկ ավանսով ձախողվել է:
Ավելին՝ իր ձախողմամբ նա կարժեզրկի նաեւ «պրոֆեսիոնալ կառավարության» գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման տարիներին:
Հիշեցնենք` Արմեն Դարբինյանը պաշտոնավարեց մեկ տարի երեք ամիս` 1998-ի մարտի 1-ից մինչեւ 1999-ի մայիսի 30-ը: Նրա կառավարության տնտեսական բլոկի նախարարները պրոֆեսիոնալներ էին, բայց իշխանական համակարգը նրանց, մեղմ ասած, խժռեց, ինչի արդյունքում «պրոֆեսիոնալ» եզրույթը երկար ժամանակ հեգնանքի եւ ծաղրի առարկա էր դարձել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իշխանական շրջանակներում վերջին օրերին քննարկվում է զինված ուժերի ֆինանսավորման կարգի փոփոխության հարցը: Նշվում է, որ մինչ այս բանակի համար պետական բյուջեից հատկացված բոլոր գումարները տրվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղից էլ այն բաշխվել է: Սակայն եկող տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ֆինանսավորումն առանձնացնել: Փաստացի, պաշտպանության նախարարն այլեւս հնարավորություն չի ունենա որոշելու, թե ԶՈՒ գլխավոր շտաբին որքան գումար պետք է հատկացվի: Այս փոփոխությունը պայմանավորված է նաեւ ՀՀ նոր Սահմանադրությամբ: Չնայած նոր Սահմանադրության կառավարությանը վերաբերող հոդվածները մեկուկես տարի հետո ուժի մեջ կմտնեն, բայց պետական ֆինանսավորման համակարգը արդեն իսկ համապատասխանեցվում է այդ փաստաթղթին: Բանն այն է, որ նոր Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրագույն պաշտոնը գլխավոր շտաբի պետի պաշտոնն է: Իհարկե, նույն դրույթը նախատեսում է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթակա է պաշտպանության նախարարին, սակայն նոր համակարգի գործելուց հետո այդ ենթակայությունը սիմվոլիկ բնույթ կկրի:

 

 

ԱՍԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքի» նախագիծը: Սակայն ուշագրավն այն է, որ նախագծի առնչությամբ ելույթի համար հերթագրվեցին միայն ոչ իշխանական պատգամավորները: Մասնավորապես ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե այս փաստաթուղթը Հայաստանի հանդեպ դիվերսիա է: «Ելույթ ունեցողներից ոչ մեկ ՀՀԿ անդամ չէ: Դուք չեք ուզում պաշտպանեք ձեր նախագիծը, ո՞ւր են ձեզ պաշտպանողները: Դա քաղաքական գնահատականն է: Ելույթ ունենալու կարիք կա, որովհետեւ վերաբերում է Հայաստանին, Հայաստանի ապագային»,- հայտարարեց Արսենյանը: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանից փորձեց ճշտել, թե ինչու իրենք հօգուտ նախագծի ելույթ չեն ունենում: «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել խմբակցությունում, առավոտյան տասից մենք քննարկում ենք ունեցել Պեկ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, համարում եմ այլեւս բան չկար ասելու»,- պատասխանեց Աճեմյանը:

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԾԻԾԱՂԻ ԱՌԻԹ
Վերջին օրերին ակտիվ քննարկվում է ՀՀ Արմավիրի թոշակառու մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հնարավոր պաշտոնանկության հարցը: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ սկսեց բարձր ձայնով ծիծաղել: «Դե, թող քննարկեն: Ինձ հետ որեւէ խոսակցություն չի եղել այդ թեմայի շուրջ: Եթե իմ աշխատանքից դժգոհեն, ապա ես այլեւս չեմ աշխատի մարզպետի պաշտոնում: Իսկ առայժմ ոչ ոք չի դժգոհել»,- ինքնագոհ հայտարարեց Արմավիրի մարզպետը:

 

 

 
ՉԵՆ ԱԶԱՏԵԼ
Երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետը հերքել է այդ լուրերի իսկությունը: «Ես ազատման դիմում չեմ գրել, բնականոն աշխատում եմ»,- ասել է նա: Դիտարկմանը, թե տարածված տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել նրա հետ, Խաչատրյանը արձագանքել է, թե նման բան չկա, եւ ինքը շարունակում է աշխատել:

 

 

ԿՀԱՎԱՔՎԵՆ
Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որը կնախագահի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նիստին կմասնակցի նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով նաեւ ելույթ կունենա: Կքննարկվեն արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը, Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը եւ այլ հարցեր:
 

ՉԸՆԴՈՒՆԵՑ
Կառավարության կառուցվածքային փոփոխության հարցով ԱԺ պատգամավորների առաջարկները, այդ թվում նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի առաջարկը՝ սփյուռքի նախարարությունը վերանվանել «Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն», քննարկվել են, բայց առայժմ չեն ընդունվել:
«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ սկզբունքային անհամաձայնությունն է, այլ այս պահին կառավարության այն դիրքորոշումը, որ կա որոշակի տեսլական՝ ծրագրի հետ կապված:

 

 

ՄԵԾ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ հետաքրքրվել է, թե քաղաքաշինության նախարարության գործառույթներն ով է կատարելու: Նա նաեւ հայտարարել է, թե ՀՀ-ում նախարարությունների թիվը շատ է: «Ինձ թվում է՝ ՀՀ-ի համար 18 նախարարություն ունենալը շռայլություն է, այն էլ մեծ շռայլություն, կարծում եմ՝ 12-ը լրիվ բավական կլիներ»,-ասաց նա։

 

 

ԻՆՉՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՀԱՐԿՎՈՒՄ
Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը երեկ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրել է, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է վճարի: Ըստ նրա՝ պատմական տարբեր գնահատականներ կան, բայց Հայ Առաքելական եկեղեցու հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428թ.-ին, 1045թ.-ին: Վախթանգ Միրումյանը նշել է, որ եթե պնդում է՝ եւս մեկ անգամ կարող են հարկման հարցը վերանայել: «Ուղղակի երկու նկատառումներից ելնելով՝ չենք նախատեսել, խնդիրներից մեկը կապված է շինությունների կադաստրային արժեքների գնահատման հետ»,- ասել է Միրումյանը՝ հավելելով, որ դա նաեւ որոշակի բեռ կլինի կրոնական կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական միջոցներն առկա չեն:

 

 

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումներով հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի եւ Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս