ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՆՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը լքելուց հետո սույն գերատեսչությունում ոչ միայն կառուցվածքային, այլեւ տեխնիկական փոփոխություններ եղան: Նշանակումից մի քանի օր անց նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին, ըստ էության, նվիրված «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից եւ երթեւեկում է համեմատաբար էժան «Toyota camry»-ով:

Նախ հիշեցնենք, որ 2009 թվականին, երբ Ա. Աշոտյանը նոր էր ստացել կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը նրան նվեր մատուցեց՝ ջիփ տեսակի թանկարժեք մեքենա: Մամուլը գրեց, որ այդ «Volksvagen»-ն արժի 70 հազար դոլար: Իսկ կատարվածում կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին Արմեն Աշոտյանը շտապեց հակադարձել՝ ասելով. «Մեքենան ձեռք է բերվել ո՛չ պետական միջոցների, ո՛չ պետբյուջեի հաշվին: Այն ձեռք է բերել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որի գործերն ընթանում են այնքան հաջողությամբ ու այնքան լավ, որ ունի շահույթ, եւ իր շահույթից գնել է այդ մեքենան եւ նվիրել կրթության եւ գիտության նախարարությանը. դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է»:
Դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն այս տարվա մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել էր, որ գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների մակնիշները սահմանված են օրենսդրությամբ:
«Այն ավտոմեքենան, որը տրամադրված էր պարոն Աշոտյանին, մենք կպահենք նախարարության տրամադրության տակ, եւ դա երեւի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի, իսկ Toyota camry» տիպի մեքենան, որը նախատեսված է նախարարների համար եւ որը արդեն կա կրթության եւ գիտության նախարարությունում, ես կվերցնեմ որպես իմ ծառայողական մեքենա: Այս Toyota camry»-ից նախկին աշխատակազմի ղեկավարն է օգտվել, համարանիշը դեռ աշխատակազմինն է, սպասում ենք իրավաբանորեն ձեւակերպումներ անենք, որպեսզի վերադարձվի նախարարին»:
Պարզվում է՝ Արմեն Աշոտյանին սպասարկած ավտոմեքենան ոչ թե բաժին ընկավ մեկ այլ պաշտոնյայի, այլ հանվեց աճուրդի: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2009 թվականի արտադրության «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենան վաճառվում է բավականին էժան` 9 միլիոն 400 հազար դրամով (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):
Թե ինչ հիմնավորմամբ է կրթության եւ գիտության նախարարությունը աճուրդի հանել Արմեն Աշոտյանի «նվերը» եւ ինչի վրա է ծախսվելու ավելի քան ինը միլիոն դրամը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հենց գերատեսչությունից: Սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան: Նախ մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հորդորեց հարցը գրավոր ուղարկել: Իսկ գրավոր տարբերակը, կարծես, անտեսվեց: Բանն այն է, որ մամուլի քարտուղարին ներկայացրինք թեմայի այժմեականությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանել հարցմանը, ինչին ի պատասխան՝ Լուսինե Մարգարյանը նշեց. «Ինձ աշխատել մի՛ սովորեցրեք: Շտապ բան չկա: Մենք ստացել ենք Ձեր հարցումը: Ես այն չեմ տեսել: Այն արդեն մուտք է արվել համապատասխան վարչություն: Օրենքով սահմանված կարգով հարցմանը կպատասխանենք»:
Մեր դիտարկմանը, թե հարցմանը չծանոթանալու պայմաններում ինչպե՞ս կարող է հայտարարել, թե «շտապ բան չկա», մամուլի քարտուղարը շարունակեց. «Օրենքով սահմանված կարգով կպատասխանենք»,- ապա անջատեց հեռախոսը:
Ի դեպ, Լուսինե Մարգարյանը նաեւ նշեց, թե ինքը միջոցառման է եւ չի կարող խոսել: Իսկ ամենափնովելին այն պահվածքն է, որ միջոցառման ավարտից հետո սույն աշխատակիցը հարկ չհամարեց զանգահարել եւ կատարել իր պարտականությունը, այն է՝ լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին պատշաճ պատասխան տալը, ինչի համար պետբյուջեից վարձատրվում է: Իսկ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ պաշտոնական պատասխանը կլինի մոտ երկու օրից:
Ինչեւէ, հուսանք նման տհաճ միջադեպերի հետագա գործունեության ընթացքում չենք բախվի:
Լ. Մարգարյանի վերաբերմունքն, այդուհանդերձ, չխանգարեց մեզ գնալ թեմայի հետքերով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատեց ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը վերադարձրել է իրենց հաշվեկռում հաշվառված «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան՝ առանց հայտնելու պատճառների մասին: Մեր հարցին՝ գուցե այն անսա՞րք է, Ն. Ղուկասյանը պատասխանեց. «Դա մեզ է պատկանում. տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նոր նախարարի նշանակումից հետո այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեին: Նոր մեքենա է, իմ իմանալով անսարքություններ չունի»:
Իսկ թե ինչի վրա է ծախսվելու 9 միլիոն 400 հազար դրամը, պարզել չհաջողվեց:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ:
Նախ հիշեցնենք, որ դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը, ըստ այդ տեղեկությունների` նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, նա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում:
Եվ այսպես՝ դեպքից ավելի քան քսան օր անց «Ժողովուրդ» օրաթերթը զոհված զինծառայողի հորից՝ Ալիկ Ղանդիլյանից տեղեկացավ, որ քննիչն իրեն հայտնել է քրեական գործի հարուցման մասին: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
Արման Ղանդիլյանը տեղեկացրեց նաեւ, որ մեղադրյալի կարգավիճակում է որդու ծառայակից Հայկ Սեյրանյանը, ով կալանավորված է. «Մեղադրանքում ասվում է, որ Հայկ Իգորի Սեյրանյանը, ով ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող թիվ N մարտական դիրքում որպես դիտորդ է եղել, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ուշադրությունը շեղելով՝ թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել է ոչ առույգ, որի հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ, ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող շարքային Արման Ղանդիլյանին դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս: Եվ քիչ անց նկատելով նշված խրամաբջջի հողաթմբի վրա Ա. Ղանդիլյանի գլխի սիլուետը՝ առանց նշանաբառ պահանջելու՝ նախապես լիցքավորված, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ղանդիլյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ այտի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ մահացու վիրավորում»:
Ա. Ղանդիլյանը հիշեցնում է, որ դեպքից հետո ինքը հայտարարել էր, որ որդին, ով ինն ամիս դիրքեր է բարձրացել, չէր կարող չտիրապետել մարտական կանոններին եւ մոռանալ նշանաբառը կամ այլ պահանջներ: Միեւնույն ժամանակ, զինծառայողի հայրը նկատում է, որ իրավապահների ներկայացրած այս եզրակացությունը իրեն հիմք չի տալիս վստահ լինել, որ որդու մահվան պատճառներն իրականում այլ չեն եղել:
Իր տարակուսանքը մեր զրուցակիցը բացատրեց հետեւյալ հանգամանքով. դեպքից մի քանի օր առաջ Արմանը զանգահարել է հորը եւ հայտնել. «Ինձ ասաց «կապտյորկայից» իրերը գողացել են, իսկ այդ գողությունից մի քանի օր առաջ էլ գրպանից գումար են գողացել: Ես այս բոլորը գրավոր կերպով ներկայացնելու եմ քննչական կոմիտեին, թող ամեն ինչ հաշվի առնեն: Ու կասկածներ ունեմ, որ սրա հետեւանքով միջանձնային լարվածություն է սկսվել, դրա պատճառով որդուս «արտահերթ» դիրքեր են բարձրացրել: Ու Արմանը հաճախ էր ասում՝ հանգստի ժամ չունենք»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԱՆԻՄԱՍՏ ԱԳՐԵՍԻԱ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում հրապարակել էր «Գյումրու առեղծվածային դեպքի հետքերով» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն խեղաթյուրում է փաստերը: Հղում անելով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ իրականում 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, ինչպես հայտարարել է կոմիտեն, այլ տան բակի երկրորդ եւ հին ավտոտնակում: Հիշատակել էինք նաեւ այն փաստը, որ նշված ավտոտնակը երկու մուտք ունի՝ բակի եւ փողոցի հատվածից, որոնք ունեն տեսախցիկներ:
Եվ տրամաբանական է, որ երկու մուտք ունեցող ավտոտնակը չի կարող որեւէ կերպ ներկայացվել որպես ստորգետնյա տարածք` նկուղ:
Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն մի ագրեսիվ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մեր տեղեկությունները: «Ա. Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել: Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,- մասնավորապես գրել է քննչական կոմիտեն։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց մահացած Արշակ Գրիգորյանի հոր` Վարդեւան Գրիգորյանի կուսակցի` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Պարոն Մելքումյանը պնդեց. «Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Դիակը հայտնաբերվել է ավտոտնակում, որը ունի երկու մուտք` փողոցից եւ բակից, դա փաստ է: Մնացած վարկածների քննությունը թողնում ենք իրավապահներին»:
Այնպես որ, ՀՀ քննչական կոմիտեն լրատվամիջոցի գործունեությունը անպատիվ աշխատաոճի որակելու փոխարեն, լավ կլիներ փաստերը ստուգեր: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է իրականությունը, իսկ թե դա ում է ձեռնտու կամ ոչ, մեզ ամենեւին չի հետաքրքրում:

 

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՏՎԵԼ
ՀՔԾ տեղեկացմամբ՝ քաղաքացի Համլետ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վայր ընկնելու հետեւանքով քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգել են ոստիկանություն եւ հայտնել իր ստացած մարմնական վնասվածքների մասին: Նույն օրը իրենց տուն է այցելել ոստիկանության ծառայողը, որին բացատրություն է տվել, որ ընկել է, ինչի արդյունքում քթի շրջանում ստացել է վնասվածքներ: Հետագայում իրեն կանչել են ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նույն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով ներկայացնել, թե իրականում ինչ հանգամանքներում է ստացել քթի շրջանի մարմնական վնասվածքները: Քաղաքացի Համլետ Գ.-ի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:




Լրահոս