ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի փոփոխություններ մտցրեց կառավարության կառուցվածքում, նաեւ որոշ գերատեսչությունների անվանումներում:

Ըստ այդմ, վերացվելու է քաղաքաշինության նախարարությունը. այն կդառնա կոմիտե, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Վերացվող քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծվի ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Ի դեպ, որպես առանձին կոմիտե կառանձնացվի նաեւ տուրիզմի ոլորտը: Նաեւ վերանվանվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, այն դարձել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Դրանում ներառվելու է նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեն, որն այժմ գյուղնախարարության ենթակայության տակ է: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը էկոնոմիկայի նախարարությունից կփոխանցվի տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Նույն նախարարության համակարգմանը կանցնի նաեւ ավիացիայի ոլորտը:
«Ժողովուրդ»-ը այս կառուցվածքային փոփոխությունների շուրջ զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, արդեն երկու շաբաթ է, ինչ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է: Ինչպե՞ս կգնահատեք նրա քայլերը:
-Առանձնապես ոգեւորիչ նորություններ չկան: Բացի այն հանգամանքից, որ կառավարության նոր նշանակված անդամները հանրությանը ավելի քիչ հայտնի են: Տնտեսական քաղաքականության հետ կապված որեւէ նոր բան չեմ լսել, բացի այն, որ վարչապետը արձանագրեց, որ ՀՀ-ի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Այդ մասին մենք բոլորս տեղյակ էինք, եւ չնայած սրան՝ իշխանությունները ամիսներ առաջ մեզ ներկայացնում էին, որ Հայաստանի տնտեսությունը բավականին լավ վիճակում է գտնվում: Հետագայում ինքը՝ Կարեն Կարապետյանը, պետք է անդրադառնա, թե իր ձեւավորած կառավարության քայլերը ինչ փոփոխություններ մտցրեցին ՀՀ-ի տնտեսության մեջ:
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք: Նոր ձեւավորվող կառավարությունը ի՞նչ առաջընթաց կապահովի ՀՀ-ի տնտեսության մեջ:
-Ընդհանուր առմամբ ես ինչ-որ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ ՀՀ-ի խնդիրը կառավարությունների փոփոխության մեջ չէ: ՀՀ-ի առջեւ կանգնած խնդիրը քաղաքական ուղղության փոփոխությունն է: Արդյոք կառավարությունը չի շարունակելու նույն ձեւով իշխանության մոտ կամ մեջ գտնվող մարդկանց բիզնես շահերը սպասարկել, որն էլ քաղաքական նպատակ է հետապնդում՝ հետագայում այդ ամենը օգտագործելով ընտրությունների ժամանակ: Արդյոք մրցակցային պայմաններ կստեղծվեն կամ կապահովվեն ՀՀ-ում: Սա կարեւոր խնդիր է, որի հետ կապված այսօր նոր բան դեռեւս չեմ նկատել: Ինչ-որ նոր մտքեր կամ գաղափարներ այս շրջանակներում չեն հնչել:
-Իսկ կառավարության նոր անդամների նշանակումները, կառուցվածքային փոփոխությունները…
-Կառուցվածքային փոփոխությունները եւ անվանափոփոխությունները Հայաստանին ոչինչ չեն տա: Ես չեմ ուզում խորանալ գնահատականներ տալու մեջ, որովհետեւ այնտեղ ջրային տնտեսության պետական կոմիտեն մի նախարարությունից մյուսին ենթարկացնելու մասով հակասական մեկնաբանություններ կան: Իրականում դա պետական արդյունավետության, տնտեսության զարգացման հետ որեւէ առչություն չունի: Շատ կարեւոր կլիներ այն, որ ներկայացվեր, թե ինչպես են պատկերացնում պետական մասնակցությունը տնտեսական կյանքում եւ ինչ ձեւերով է դա լինելու: Երբ նայում ենք կառավարության այս փոփոխություններին, նկատում ենք, որ դրանք նախկինի կրկնություններն են: Իսկ այդ փոփոխությունների բացատրությունները ինձ համար հիմնավոր չեն: Մինչդեռ բոլորը սպասում էին, որ ամբողջ պետական ապարատը իր աշխատանքի ոճը կփոխի:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարար միջավայրում Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում մեծ ոգեւորություն է առաջացրել: Շատ գործարարներ հույսեր են կապում նրա հետ: Ի՞նչ եք կարծում՝ արդարացվա՞ծ են նրանց հույսերը:
-Ընդհանրապես, եթե բիզնես շրջանակներում ոգեւորություն կա, ապա դա լավ նշան է: Բայց ես կասեմ, որ այդ աստիճանի ոգեւորություն չկա, ուղղակի բոլորը սպասում են: Ինչ-որ փոփոխությունների արդյունքում երկու-երեք պաշտոնյայի հրաժարականը բավարար չէ, որ ՀՀ-ի բիզնես միջավայրը փոխվի: Բովանդակային առումով ես ավելի շատ տեսնում եմ ցուցադրականություն: Այդ բիզնես շրջանակների ոգեւորությունը, որ Դուք նշում եք, կարծում եմ, որ նոր նշանակված անձանցով է նաեւ պայմանավորված: Բոլորը բիզնեսից եկած են: Բայց այստեղ հարց է առաջանում՝ նախ իրենք ինչքանով են պատրաստ փոփոխություն անել: Ամեն դեպքում, այդ մարդկանց գնահատականներ տալը կախված է իրենց քայլերից, թե ինչքանով է իրենց իրավունք վերապահված իրենց բնագավառում մենաշնորհները վերացնել, մրցակցային ազատ պայմաններ ստեղծել: Արդյոք իրենք իրենց նախկին պաշտոններում չէին օգտվում այդ հնարավորություններից՝ նույն մենաշնորհային դիրքից, իշխանության հովանավորությունից: Քանի որ իրականում այն կառույցներից, որտեղից որ իրենք եկել են, ունեցել են այդ հնարավորությունները:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՀԵՌԱՑՈՂՆԵՐԸ՝ ԵԿՈՂՆԵՐԻՆ
Նախօրեին կայացավ Վանաձոր համայնքի ավագանու վերջին նիստը: Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից առաջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համայնքի հեռացող ավագանու անդամների հետ:
Գայանե Քալանթարյանը, ով համայնքի ավագանու միակ կին անդամն է, կարծում է, որ ավագանին բազմաթիվ կարեւոր որոշումներ է ընդունել 4 տարվա ընթացքում, թեպետ շտապում է հիշել՝ վերջին քաղաքական ու ընտրական պրոցեսները փորձում են ստվերել ավագանու գործունեությունը: «Ավագանին մինչ այժմ քաղաքական հարթակ չի եղել, ավագանին բազմակուսակցական չի եղել, ընդդիմություն կամ դիմություն ավագանիում չի եղել, յուրաքանչյուրս քվեարկել ենք ըստ մեր խղճի, մեր համոզմունքների ու տվյալ իրավիճակի»,-ասում է Քալանթարյանն ու նկատում, որ ավագանին բավականին ակտիվ է եղել. «Բավականին լուրջ հարցեր ենք քննարկել, ունեցել ենք նաեւ բախումներ ինչպես համայնքի ղեկավարի հետ, այնպես էլ ներքին՝ միմյանց միջեւ, որոնք ամեն դեպքում հանգուցալուծվել են ի նպաստ քաղաքի: Օրինակ՝ կարմիր գծերի հարցը, որը ավագանու ճնշմամբ հանվեց օրակարգից, մեքենաների ու տարբեր օտարումների հարցեր պարզապես չեն մտել օրակարգ, մենք քաղաքապետի հետ համագործակցել ենք ու եկել ենք կոնսենսուսի»:
Քալանթարյանը կարծում է, որ նոր՝ բազմակուսակցական ավագանու աշխատանքն ավելի հետաքրքիր կլինի եւ արդյունավետ:
Համայնքի ավագանու անդամ Արմեն Մատինյանը եւս իրենց գործունեությունը դրական է գնահատում, չնայած նկատում է՝ թերություններ իսկապես եղել են: Մատինյանը նորեկներին արդյունավետ աշխատանք է մաղթում. «Նոր եկող ավագանին թող ավելի արդյունավետ աշխատի, հույս ունեմ, որ նրանք կլինեն ավելի պրոֆեսիոնալ: Բոլորս էլ ունեինք թերություններ, գալիք ավագանուն խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել ավելի շատ սոցիալական ծանր պայմաններում գտնվող բնակիչների խնդիրներին»:
Վանաձորի ավագանու միակ ընդդիմադիր անդամը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հաճախ է դեմ արտահայտվել ընդունվող որոշումներին, երբեմն էլ լքել է նիստերի դահլիճը: Խաչատրյանը չի ցանկանում գնահատական տալ ավագանու գործունեությանը՝ առաջարկելով այդ մասին հարցնել վանաձորցիներին: «Որպես կանոն, ժողովուրդը պետք է գնահատի ավագանու գործունեությունը, այլ ոչ թե ավագանու անդամը: Համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն ու լուծման ճանապահներ գտնեն եկողները»,-ասում է Խաչատրյանը:
Իսկ, ահա, Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանը բարձր է գնահատում ավագանու գործունեությունը, ասում է՝ ավագանու բոլոր անդամներն էլ շահագրգռված են եղել Վանաձորցու խնդիրներին տեր կանգնելու գործում. «Խնդիրները բոլորն էլ փորձել են լուծել ի շահ վանաձորցու, մենք այս 4 տարիների ընթացքում ավագանու հետ աշխատել ենք Վանաձորը դարձնել էլ ավելի բարեկարգ ու մաքուր»: Դարբինյանը գալիք ավագանու անդամներին մաղթում է հաջողություն ու առաջարկում օրինակ վերցնել ներկայիս ավագանու անդամներից:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 
ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԴԵՄ «ՊԱՅՔԱՐՈՒՄ» Է ԱՆԵՐԸ
Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում հոկտեմբերի երկուսին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված է երկու հոգի՝ գործող գյուղապետ, համայնքը 12 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Մխիթար Թամազյանը եւ գյուղի դպրոցի նախկին տնօրեն, ներկայիս ուսուցիչ, անկուսակցական Ղարիբ Պողոսյանը, ով գյուղապետի աներն է:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ համայնքի ղեկավարի նախորդ ընտրություններում եւս փեսա-աներ են «պայքարել» համայնքի ղեկավարի աթոռի համար: Դժվար չէ հասկանալ, որ աներոջ՝ Ղարիբ Պողոսյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ:
Մեզ հետ զրույցում Կաճաճկուտի գյուղապետի թեկնածու Մխիթար Թամազյանը նշեց, որ մյուս թեկնածուն, ով իր աներն է, առաջադրվել է, որպեսզի նորմալ ընտրություններ ապահովվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Թամազյանի հետ պայքարող նրա աները համագյուղացիներին անգամ կոչ է անում իրեն չընտրել, այլ ընտրել փեսային՝ գործող գյուղապետին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կաճաճկուտի գյուղապետը, խոսելով համայնքի խնդիրներից, կարեւորեց նախ գազաֆիկացման բացակայությունը, ապա նաեւ՝ ճանապարհների անմխիթար վիճակը: Համայնքապետարանում, բացի գյուղապետից, աշխատում է եւս 5 հոգի՝ հողի մասնագետ, մշակույթի գծով մասնագետ, աշխատակազմի ղեկավար, գանձապահ եւ հաշվապահ: Գյուղն ունի 370 բնակիչ: Բյուջեն կազմում է 8,5 մլն դրամ գումար, որից, ըստ գյուղապետի, աշխատավարձի գումարը կազմում է շուրջ 6,8 մլն դրամ:

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Վանաձոր համայնքի ավագանին երեկ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը հայտարարել է, որ Հարությունյանը Վանաձորի համար դժվարին ժամանակահատվածում ղեկավար ու կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, որոնք օգտագործել է ի նպաստ Վանաձորի զարգացման: Հարությունյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կամավոր, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու մեկնել էր առաջնագիծ ու վիրավորվել՝ պայթելով ականի վրա, ինչի հետեւանքով հեռացվել էր Հարությունյանի ոտքը: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Որոշումը համայնքի ավագանին ընդունել է միաձայն ու ի շորհակալություն Հարությունյանի ունեցած ավանդի՝ նրան շնորհել Վանաձոր պատվավոր քաղաքացու կոչում: Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությույանը Վանաձորի քաղաքապետ է եղել 1996-1999թթ.:

Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս