ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱԾՈՒԿ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին եւ մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի եւ վարչապետի հանդիպումը եւս բավական երկար է տեւել: Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով եւ հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է:
Արդյոք Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել, որպեսզի Սեյրան Օհանյանին անձամբ հավաստիացնի, որ ինքը նրա դեմ ոչինչ չունի, եւ որ նրա վերանշանակման հարցը Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշելու: Ամեն դեպքում, առաջիկա օրերին, երբ, ի վերջո, տեղի կունենա պաշտպանության նախարարի նշանակումը, Կարեն Կարապետյանի խորհրդավոր այցելության պատճառը, թերեւս, հասկանալի կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի: «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,- պատասխանեց Շուշան Սարդարյանը:

 

 
Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 86 միլիոն 178 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 16 միլիոն 236 հազար դրամով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 429 միլիոն 510 հազար դոլար: 2015 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 549 միլիոն 530 հազար դոլար, իսկ 2014 թվականին` 836 միլիոն 905 հազար դոլար: Հավելենք, որ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 120 միլիոն 20 հազար դոլարով, իսկ նախորդ` 2014 թվականի ութ ամիսների համեմատ անկումը կազմել է 407 միլիոն 395 հազար դոլար:

 

 

 
Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով:

 

 
Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործընթացի ձգձգումը պայմանավորված է վաղը Հայաստանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է, որ մինչ այդ մարզպետների պաշտոնանկության հարցերը կարիք չկա քննարկել, քանի որ պոտենցիալ պաշտոնանկ արվող մարզպետներն իրենց մարզերում կարող են ՀՀԿ թեկնածուների ընտրությունները տապալել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին, որպես վարչապետի թեկնածու ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին զգուշացրել է, որ բոլոր հարցերում, այդ թվում՝ կադրային, նա է լինելու որոշում կայացնողը:

 

 
ԵՐԿԻՐԸ ՍԻՐԵԼՈՎ
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Իր ենթականերին ուղղված լակոնիկ խոսելու, չերկարացնելու հորդորներից մինչեւ պրիմիտիվ գողությունը վերացնելու նրա կոչերը բավականին դրական արձագանք են գտել հանրության շրջանում:
Կարեն Կարապետյանը, սակայն, նախօրեին մի հայտարարություն արեց, որը մակերեսային առումով դարձյալ ընդունելի եւ հանրության համար ընկալելի լինելով հանդերձ` միեւնույն ժամանակ անցանկալի էր՝ հաշվի առնելով, որ դրա հեղինակը երկրի վարչապետն էր: Նա, մասնավորապես, ասաց.«Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է՝ անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:
Այն, որ երկրի վարչապետը խոսում է ստվերը հարկային դաշտ բերելու կարեւորության մասին, իհարկե, լավ է, բայց այն, որ նա համարում է, թե մեր երկիրը ինքը պիտի երկիր դարձնի, այ, դա արդեն մտահոգիչ է: Սա «էս երկիրը երկիր չի» մտածողության դրսեւորում է, ինչն, ի դեպ, ժամանակին շատ կտրուկ ձեւով քննադատել էր Սերժ Սարգսյանը:
Նա, հիշեցնենք, 2012թ. մարտի 10-ին ունեցած իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Մեզանում ձեւավորվել է հոռետեսության եւ հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձեւերն են, որ հնչում են հաճախ եւ մոտավորապես այսպես՝ «էս երկրում օրենք ո՛չ եղել է, ո՛չ կլինի, «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» եւ ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»: Ապա նա թվարկել էր, թե ինչ արժանիքներ ունի մեր երկիրը.«Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաեւ մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում եւ հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են եւ որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների: Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել»:
Իհարկե, այլ հարց է, թե Սերժ Սարգսյանը այդ ելույթին հաջորդող իր գործունեության ընթացքում ինչ արեց «էս երկիրը երկիր դարձնելու» եւ իր գեղեցիկ եւ հուզական մտքերը իրականության վերածելու ուղղությամբ: Սակայն խորքային առումով նա իրավացի էր: Մեր երկիրը փնովելու իրավունքը դեռ պետք է վաստակել, այլ ոչ թե առնվազն Երեւանը զարգացնելու հնարավորությունը փոխելով՝ այլ երկրում ավելի բարձր վարձատրվող աշխատանքով տարիներ անց վերադառնալ եւ «երկիրը երկիր» դարձնելու հայտեր ներկայացնել:




Լրահոս