ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ «ՆԻՍՅԱՅՈՎ ԵՆ ԼՑՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին ութ ամիսների պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 40 միլիարդ դրամով: Այս փաստն ի հայտ է գալիս երեկ հրապարակված պաշտոնական տվյալները ուսումնասիրելու արդյունքում:

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 733 միլիարդ 364 միլիոն դրամ: Անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է մոտ 7 միլիարդ դրամով: Սա այն դեպքում, երբ հակառակ երեւույթը պետք է տեղի ունենար, որպեսզի պետական բյուջեն կատարվեր, եկամուտները, անցած տարվա համեմատ, մոտ 5 տոկոսով պետք է ավել լինեին: Ըստ այդմ, ստացվում է, որ այս տարվա պետական բյուջեն, անցած տարվա ութ ամիսների համեմատ, մոտ 35 միլիարդ դրամով պետք է ավել լիներ: Ուստի սպասվող աճն ու փաստացի թերակատարումը հաշվի առնելով՝ ստացվում է, որ եկամուտների գծով պետական բյուջեն առնվազն 40 միլիարդ դրամի թերակատարում է ունեցել:
Ի դեպ, հարկեր եւ տուրքերի գծով եկամուտներն այս տարվա ութ ամիսների արդյունքներով կազմել են 696 միլիարդ 121 միլիոն դրամ: Այս ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,3 միլիարդ դրամով: Ի դեպ, ուշագրավ է, որ հարկատեսակներից աճ է արձանագրվել ակցիզային հարկի գծով` մոտ 5 միլիարդ դրամի չափով եւ շահույթահարկի գծով` շուրջ 22 միլիարդ 795 միլիոն դրամ: Եթե ակցիզային հարկի աճը պայմանավորված է բենզինի, դիզելային վառելանյութի եւ սիգարետների ակցիզային հարկերի դրույքաչափերի՝ այս տարեսկզբի բարձրացմամբ, ապա շահույթահարկի գծով մուտքերի ավելացումը արհեստական բնույթ է կրում եւ հիմնականում գերավճարների արդյունք է: Սպառման ընդհանուր ծավալների անկման պայմաններում, երբ տնտեսավարողները բոլոր ցուցանիշներով միայն անկում են արձանագրում, նրանց շահույթները նման ծավալներով չէին կարող աճել: Եթե շահույթներն իսկապես նման` 32 տոկոսով աճած լինեին, ապա Հայաստանի տնտեսությունն այժմ աճից «կտրաքեր»: Ի վերջո, եթե շահույթահարկի նման աճ է արձանագրվել, Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից ինչու հրաժարական ներկայացրեց, ինչու է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր կացության մեջ է գտնվում: Շահույթահարկի մուտքերի նման աճ արձանագրող երկրի տնտեսությունը չի կարող վատ վիճակում լինել:
Փոխարենն ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի եկամուտների 35 միլիարդ 252 միլիոն դրամով անկումը իսկապես բնորոշում է Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակը: Ի վերջո, հարկայինը կարող է ընկերություններին խնդրել կամ պարտադրել, որպեսզի նրանք շահույթահարկի գերավճար կատարեն, բայց ավելացված արժեքի հարկը տնտեսվարողի փաստացի գործունեությունից է գանձվում, եւ այդ մասով մի փոքր դժվար է տնտեսվարողին գերավճար պարտադրել: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այս տարվա ութ ամիսների կտրվածքով հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի եկամուտների խնդիրը հիմնականում լուծվել է շահույթահարկի գերավճարներ հավաքագրելու հաշվին: Հակառակ դեպքում հարկային եկամուտների գծով պետական բյուջեն ավելի ողբերգական վիճակում էր գտնվելու, քան առկա է:
Սակայն գերավճարներով բյուջեն լցնելը մի շատ վատ հատկություն ունի. ի վերջո, ինչ-որ պահի անհրաժեշտ է լինում այդ գերավճարները զրոյացնել, այդ ժամանակ արդեն բոլոր խնդիրները միանգամից են ի հայտ գալիս:
Ի դեպ, այս տարվա ութ ամիսների կտրվածքով պետական բյուջեի պակասորդը կազմել է 131 միլիարդ 13 միլիոն դրամ: Անցած տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը եղել է 97 միլիարդ 38 միլիոն դրամ: Ի դեպ, չնայած պետական բյուջեի միջոցները գնալով նվազել են, բայց դա չի խանգարել, որպեսզի ծախսերը աճեն: Այսպես՝ անցած տարվա ութ ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 837 միլիարդ 423 միլիոն դրամ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում պետբյուջեից ծախսվել է 864 միլիարդ 378 միլիոն դրամ: Այսինքն՝ պետությունը շարունակել է աղքատանալ, բայց նրա ղեկավարները, չգիտես ինչու, որոշել են, որ նախկինից 27 միլիարդով ավել գումար պետք է ծախսեն: Նման տնտեսվարում ունեցող ընտանիքները կարճ ժամանակում սնանկանում են: Պետության դեպքում սնանկացումը մի փոքր ավելի երկար է տեւում, քանի որ մինչ այդ սկսում է պետական պարտքը սրընթաց աճել, ինչն այժմ տեղի է ունենում: Իսկ պետությունը «սնանկանում» է այն ժամանակ, երբ պարզվում է, որ այն իր տնտեսությամբ ի վիճակի չէ պարտքերը վերադարձնել: Հայաստանը դեռ նման վիճակի չի հասել, բայց սրընթաց մոտենում է այդ եզրագծին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ
Ինչպես հայտնի է՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մի շարք նախարարությունների անուններ եւս փոփոխության կենթարկվեն: Մասնավորապես սեպտեմբերի 22-ին կառավարության նիստին հայտարարվել էր, որ կառավարության կազմում այլեւս չի լինելու քաղաքաշինության նախարարություն: Նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Սակայն սա, ըստ էության, միակ խնդիրը չէ: Բանն այն է, որ այս օրերին քաղաքաշինության նախարարության մի շարք աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ դեռեւս չգիտեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: Նրանց համար անհասկանալի է, թե կոմիտե դառնալուց հետո իրենց գերատեսչությունն ինչ կարգավիճակ է ունենալու, եւ արդյոք իրենք կշարունակեն աշխատել: Քաղաքաշինության նախարարության աշխատակիցների շրջանում արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառուցվածքի փոփոխության արդյունքում աշխատակազմի մի զգալի մասը պարզապես կրճատվելու է:

 

 

ՊԵԿ-Ը ՔՆՆԱՐԿՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա՝ «Ինչպես գործարարը կորցրեց բիզնեսը» վերտառությամբ հրապարակումը համապատասխան ընթացակարգով քննարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ լրագրողական հոդվածում հիշատակվող Արմեն Հունանյանը, ում քաղաքացի Խաչիկ Ավագյանը մեղադրում է իր բիզնեսը խլելու մեջ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում աշխատում է որպես գլխավոր հարկային տեսուչ: ՊԵԿ-ից մեզ խոստացան, որ քննարկման արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կիրազեկեն:

 

 

ՃՈ ՊԵՏԸ ԿԱԶԱՏՎԻ՞
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանեց. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ: Ես նման տեղեկություն չունեմ եւ առաջին անգամ եմ նման բան լսում»: Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա հուլիսին: Իսկ մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը:

 

 
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին, ով հանդիպման ընթացքում նշել է, թե հետաքրքրված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդով եւ ցանկություն ունի հայկական փորձը կիրառել Ուրուգվայի դպրոցներում, ինչի նպատակով վաղը Ծաղկաձորում կայանալիք միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունենալու հայ շախմատիստների հետ: Ս. Սարգսյանը եւ ռեկտոր Ռ. Մարկարյանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ռուսական «ԹՁը 24» բանկի նախագահ Միխայիլ Զադորնովին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ եւ ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրը՝ ի դեմս նոր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման եւ իրականացման նպատակով: Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր եւ պատրաստվում է ընդլայնել գործունեությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտներում:

 

 

ՆԻՍՏ ՊՆ-ՈՒՄ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ՝ նվիրված ՊՆ կադրային քաղաքականությանը եւ ոլորտի բարելավման ուղիներին, ՌՈՒՀ-երում եւ ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցերին, ինչպես նաեւ զինված ուժերի անձնակազմի կառավարման, համալրման եւ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ներդրման ընթացիկ աշխատանքներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
 

ԱՅՑԵԼԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես: Նա շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության եւ հետագա զարգացման ծրագրերի մասին:

 

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության եւ առաջիկա ծրագրերի շուրջ:




Լրահոս