Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացու կենսաթոշակային տարիքը լրացել է, նա պե՞տք է կատարի նպատակային սոցիալական վճարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ կենսաթոշակի անցնելու տարիքը լրացել է, բայց դեռ շարունակում եմ աշխատել: Նշեմ, որ չեմ ստացել իմ կուտակային կենսաթոշակը: Խնդրում եմ ասեք` ես պարտավո՞ր եմ կատարել նպատակային սոցիալական վճարներ, թե՞ ոչ:

Շուշան Հակոբյան (65 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը: 63 տարեկանը լրանալուց հետո, մասնակիցը՝ նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար, պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:
Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճարը պետական բյուջեի եկամուտ է: Նպատակային կատարող անձի համար (օգտին) օրենքով սահմանված կանոնների համաձայն` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով կատարվում է կուտակային հատկացում: Կուտակային հատկացումների վերադարձելիության երաշխավորումը եւ դրա ընթացակարգը սահմանված է օրենքով:




Լրահոս