Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր iLur.am կայքում գրել էր, որ «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագետներ Հայկ Սարգսյանի և Վարդան Բոստանջյանի հետ` հասկանալու երկրին նման սպառնալիք կա՞, թե՞ ոչ:
Տնտեսագետ Հայկ Սարգսյանն ի պատասխան մեր հարցադրմանը նշեց, թե չի կարծում, որ Հայաստանին կարող է նման լուրջ սպառնալիք սպասվել: Նույն տեսակետը հնչեցրեց նաև տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` նշելով, որ պետք չէ նման պեսիմիստական մոտեցումներ ունենալ. «Ես չեմ կարողանում ՀՀ-ին պատկերացնել այդ տիրույթում, իհարկե կան նմանտիպ գնահատականներ, սակայն ես հակված չեմ դրանք ընդունելու, որովհետև Հայաստանն իր պատմական զարգացման ընթացքում ցույց է տվել, որ ազգի մոտ կա ծանր վիճակից դուրս գալու այդ հնարավորությունը»:
Տնտեսագետի կարծիքով նմանատիպ հայտարարությունների հիմք է հանդիսացել երկրի տնտեսապես ծանր վիճակը. «Հասկանալի է, որ մենք գտնվում ենք տնտեսական-սոցիալական առումով ոչ նախանձելի վիճակում և բնականաբար այդ գործոնները կարող են նախանշան, նախադրյալ լինել այդպիսի զարգացումների, բայց պետք չի գերադրական բառեր կիրառել, պեսիմիստական մոտեցումներ ունենալ: Չեմ կարծում, որ մենք կհասնենք այդ վիճակին:
Բոլոր դեպքերում հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ավելի խտացված գույներով են դեպքը ներկայացնում: Սա այդ դեպքերից մեկն է»:
Նշենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նշանակվելուց հետո տնտեսական վիճակի մասին խոսելիս ևս ասել էր, որ այն գտնվում է անմխիթար վիճակում. «Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք են համակարգային փոփոխություններ: Ռեալ, մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր»:
Լիլիթ Շաբոյան