Թեքեյան Կենտրոնում բացվել է ամերիկահայ լուսանկարիչների հեղինակած «Հարաշարժ լույս» խորագրով ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի նախաձեռնությամբ Թեքեյան Կենտրոնում բացվեց ամերիկահայ լուսանկարիչներ Թեդ Անդրեասյանի եւ Նունե Քարամյանի հեղինակած «Հարաշարժ լույս» խորագրով ցուցահանդեսը:

Ներկայացված 76 աշխատանքները պատկերում են այն վայրերը, որտեղ ապրել եւ ստեղծագործել են լուսանկարիչ ամուսինները՝ Հայաստան, Դուբայ, Նյու Յորք: Հեղինակների կողմից օգտագործված լուսանկարչական հատուկ տեխնիկան թույլ է տալիս արտացոլել բնության շարժումը, միաժամանակ ֆիքսելով անշարժ առարկաները, իսկ սեւ-սպիտակի համադրությունն ընդգծում է ձեւը, լույսն ու ստվերը:

Ցուցահանդեսին արժանի կերպով ներկայանալու համար հեղինակներն ապրիլ ամսին կրկին եկել էին Հայաստան, քանզի համոզված էին, որ հին աշխատանքներն ամբողջությամբ չէին արտահայտում իրենց գաղափարախոսությունը: «Մենք փորձում ենք ցույց տալ պատմության երկարատեւությունը, գեղեցկության կայունությունը եւ, ցավոք, մարդու անցողիկ լինելը», իր ելույթում նշեց Նունե Քարամյանը:

Թեդ Անդրեասյանին եւ Նունե Քարամյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ շնորհավորեցին եւ ողջույնի խոսք ասացին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, հույս հայտնելով, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական, կյանքի կոչելով մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

Նշենք, որ Թեդ Անդրեասյանը եւ Նունե Քարամյանը մասնակցել են մի շարք միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ արժանացել են մրցանակային տեղերի:

«Հարաշարժ լույս» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 25-ը:




Լրահոս