
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերին 13-ին մեկնել է Վենետիկ՝ մասնակցելու «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստին:
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով (http://moj.am/storage/uploads/001SPEECH_Venice_ARM-1.pdf), որտեղ ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած մի շարք կարևոր զարգացումներ: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ընտրացուցակների հրապարակման հիմնախնդրին` կարևորելով ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:
Լիագումար նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «Կուսակցությունների մասին»» ՀՀ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի բոլոր գործընկերներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն