Հովսեփ Սիմոնյանին փոխարինող են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել սահմանված վեց տոկոսանոց շեմը: Ըստ այդմ, ՀՅԴ-ն Գյումրու ավագանու կազմում չի ունենա որեւէ ներկայացուցիչ, չնայած նրան, որ Շիրակի մարզի վերահսկողությունը ՀՅԴ-ի ձեռքում է. այստեղ մարզպետը ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն է:

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գրանցած խայտառակ արդյունքը ՀՅԴ-ին ստիպել է կուսակցության ներսում համակարգային փոփոխությունների մասին մտածել: Օրակարգում է նաեւ Շիրակի մարզպետի փոփոխության հարցը: Մասնավորապես Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո դժգոհություն ունեն ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից: «Այո՛, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր ունեցածի վրա, եւ այդ առումով հարցեր կան, որոնց լուծման համար մարզպետն իր հեղինակությամբ ճիգ պետք է գործադրեր եւ դրանով բարձրացներ մեր հեղինակությունը»,- ասել էր Արմեն Ռուստամյանը: Խմբակցության ղեկավարը նշել էր, որ թեեւ մարզպետի պաշտոնն իրենք չեն դիտել որպես ընտրական լծակ, քանի որ դա հակաօրինական է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պաշտոնյա ավելացնում կամ պակասեցնում է այն կուսակցության վարկանիշը, որը ներկայացնում է:
«Ժողովուրդ»-ը եղած դժգոհությունների եւ իր հետագա պաշտոնավարման հարցի մասին հետաքրքրվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից:

-Պարո՛ն Սիմոնյան, լուրեր են շրջանառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո քննարկվում է Ձեր հրաժարականի հարցը, որովհետեւ ՀՅԴ-ն ցանկալի արդյունք չգրանցեց:

-Նման բան չկա:

-Քննարկումներ չե՞ն եղել:

-Չկա այդպիսի բան:

-Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանն էլ նշել են, որ Ձեզ հետ կապված կան դժգոհություններ:

-Ով ինչ ասել է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի նոր թեկնածու է որոնում, սակայն հարմար անձնավորության դեռ չի կարողանում գտնել:

Վահագն Հակոբյան




Լրահոս