Ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր. Լենա Ղազարյանը` որոշ շոուբիզնեսցիների «չուզողության» մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է երեւանյան մենահամերգով հանդես գալու իր մտադրության մասին, անդրադարձել երգարվեստում առկա խնդիրներին:

Լենա՛, մի փոքր պատմիր քո նոր տեսահոլովակի մասին, որը պատրաստվում ես թողարկել մոտ օրերս:

-Այն նկարահանվել է «Երեւան» երգի հիման վրա, որն ավելի վաղ Նյու Յորքի DANU ռադիոկայանի երեքժամյա երաժշտական մրցույթում ռադիոունկնդիրների քվեարկությամբ գրավել էր առաջին հորիզոնականը: Երգի հեղինակը Արթուր Բարսեղյանն է: Իսկ հոլովակը ողողված է երեւանյան գեղեցիկ տեսարաններով:

-Որքանով տեղյակ ենք` վերջերս մեկնել էիք Ֆրանսիա, որտեղ հանդես եք եկել համերգներով…

-Այո՛, դրանք բարեգործական բնույթի համերգներ էին, որոնցից ստացված հասույթն ուղղվելու է առողջական խնդիրներ ունեցող հայաստանցի երեխաներին: Ես եւ ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը ներկայացանք Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ելույթ ունեցանք ոչ միայն հայ համայնքի, այլեւ տեղի բնակիչների համար: Ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր, որ Ֆրանսիայի հայությունը մեզ հիշում էր եւ հրաշալի ճանաչում: Բավական ջերմ ընդունելության արժանացանք: Վստահ եմ, որ նմանատիպ համերգները շարունակական բնույթ կունենան:

lena-ghazaryan-cover

Ձեր «Փակուղի» երգը դարձավ «Փոխնակ մայրը» սերիալի սաունդթրեքը: Սպասո՞ւմ էիք նման արդյունքի:

-Ասեմ, որ ես այդ մասին տեղյակ չեմ եղել, իմացել եմ էկրանից` պատահաբար լսելով իմ երգը: Իհարկե, այդ փաստն ինձ անակնկալի բերեց եւ շատ ուրախացրեց:

-Լենա՛, երաժշտական նախագծերում Ձեզ նորից կտեսնե՞նք:

-Ո՛չ. նախ` ժամանակս չի ների, բացի այդ` ցանկություն առանձնապես չկա: Այդ մրցութային «թոհուբոհից» դուրս եմ եկել: Նպատակս արդեն ասպարեզում կայանալն է: Կարծում եմ` հասցրել եմ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ տանել:

-Իսկ նախագծերի մասնակից հայտնի երգիչ-երգչուհիների հետ Ձեր կապը պահո՞ւմ եք:

-Այո՛, անշուշտ: Մենք շատ լավ ընկերներ ենք եւ հաճախակի հանդիպում ենք:

Լինելով բավական երիտասարդ` Ձեզնից տարիքով մեծ աշակերտներ ունեք: Դա պարտավորեցնող չէ՞:

-Պատկերացրեք` արդեն հարմարվել եմ այդ կարգավիճակին (ծիծաղում է): Աշխատանքս սիրով եմ անում, ոչ պարտադրված:

Երեւանյան մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:

hqdefault

-Այո, հաջորդ տարի անպայման հանդես եմ գալու մենահամերգով: Հիմնականում կերգեմ երգեր` իմ երգացանկից, կներկայացնեմ նաեւ քավեր տարբերակով ստեղծագործություններ:

-Կարծում եք` կհաջողվի՞ մեծ դահլիճ լցնել: Բացի այդ` մենահամերգը ֆինանսական առումով շքեղություն չի՞ մեր այսօրվա իրականությունում:

-Թող որպես մեծամտություն չհնչի, բայց ինչու ոչ` կարծում եմ` կկարողանամ դա անել: Հատկապես վերջին շրջանում երկրպագուներս շատացել են: Ինչ վերաբերում է ֆինանսականին, ապա դա ինձ համար այս պարագայում առաջին պլանի խնդիր չէ: Կարեւորն այն է, որ կատարեմ հանդիսատեսի պահանջը:

Ի՞նչ եք կարծում` Ձեր ասպարեզի ամենամեծ բարդությունը ինչի՞ հետ է կապված:

-Վատ շրջապատի, մարդկանց, որոնք քեզ օգնելու ցանկություն չունեն, ավելին` ի հակառակ քեզ` ինչ-որ քայլեր են անում…

-Այսինքն` այսպես ասած, «չուզողները» ոլորտում շա՞տ են:

-Այո՛, իհարկե: Ես ինչ-որ հատուկ դեպքերի չեմ առնչվել, բայց բոլորի հետ չէ, որ հավասարապես շփվել եմ: Այդ է պատճառը, որ իմ մասին արտահայտվելիս ոմանք ասել են, թե ես գոռոզ եմ, այնինչ ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր:

Եվ վերջում` շուտով կբոլորեք Ձեր 20 տարին: Ի՞նչ երազանք եք պահում:

– Որ երջանիկ լինեմ:

-Իսկ անձնական կյանքի հետ կապված…

-Դե, որ ասում եմ` ուզում եմ երջանիկ լինել, նշանակում է` սիրելի մարդու կողքին (ժպտում է)…

Աննա Բաբաջանյան




Լրահոս