ՖՈՏՈ. Անընդհատ տեղափոխություններն ինձ լարված իրավիճակում են պահում. Լենա Ղազարյանը՝ անձնական կյանքի եւ նախընտրելի ոճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լենա Ղազարյանը վերջին շրջանում բավականին ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում  եւ շուտով նա իր երկրպագուներին կներկայացնի նոր անակնկալներ եւ երգեր:  Ստեղծագործական նորությունների եւ այլ հետաքրքիր թեմաների մասին երգչուհին խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

«Իմ նոր տեսահոլովակից անցել է ընդամենը մեկ ամիս, բայց շուտով պատրաստվում եմ իմ երկրպագուներին նոր երգեր ներկայացնել: Առաջին երգը լինելու է պարային, ռիթմիկ, ուրախ երգ, իսկ մյուսը՝ ստացված սիրո մասին»,-նշում է նա:

Անդրադառնալով նաեւ ոճային նախասիրություններին՝ Լենա Ղազարյանն ընդգծում է, որ առօրյայում նախընտրում է կրել սպորտային հագուստ. «Ես եմ միայն իմ հագուստի ոճը որոշում, ես ինքս եմ ընտրում եւ առհասարակ սիրում եմ շատ ջինսային եւ սպորտային հագուստ կրել առօրյայում, իհարկե, դասական ոճին էլ եմ կողմ, քանի որ իմ ասպարեզի բնույթն այնպիսին է, որ դասականը պետք է գերակշռող մաս կազմի։ Ինձ մոտ հիսուն-հիսուն է, կրում եմ ե՛ւ դասական, ե՛ւ սպորտային ոճի հագուստ»:

Իսկ աքսեսուարներից երգչուհին  հիմնականում սիրում է կրել օղեր եւ թեւնոցներ, իսկ մատանիներ կրել այնքան էլ չի սիրում. «Ես ունեմ երեք  թեւնոց, որոնք միշտ ինձ հետ են. դրանք ունեն խորհուրդներ ինձ համար՝ մեկն ունի երջանկության խորհուրդ, մյուսը՝ առողջության, եւ երրորդը՝ արեւի եւ էներգիայի խորհուրդ»:

Խոսելով նաեւ դիմահարդարման եւ մազերի գունային երանգի մասին՝ Լենա Ղազարյանը նկատում է, որ իրեն շատ ավելի ազատ եւ լավ է զգում բաց երանգի մազերով, իսկ դիմահարդարումն ավելի շատ նախընտրում է բնական եւ նուրբ երանգների մեջ:

«Կար ժամանակ, որ նախընտրում էի ավելի վառ գունային երանգներով դիմահարդարում, բայց հիմա ճաշակային փոփոխության եմ ենթարկվել: Ես բնույթով առհասարակ փոփոխություններ սիրող մարդ եմ, իսկ մազերի գունային երանգը նախընտրում եմ բաց գույնը, եւ կարծում եմ, որ այն ինձ ավելի շատ է սազում, քան իմ բնական շագանակագույն մազերը»,-ասում է նա:

Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծանում է, նշելով, որ շատ է բարդույթավորվում, երբ իր կյանքում ամեն բան լինում է միանգամից. «Անընդհատ տեղափոխություններն ինձ լարված իրավիճակում են պահում: Ինձ մոտ միշտ այնպես է, որ չի լինում, չի լինում եւ հանկարծ ամեն ինչ միանգամից է լինում: Կարող է, ամիսներով ոչինչ չլինի, բայց գա մի օր, որ բոլոր գործերս համընկնեն այդ օրվա հետ․ այդ լարվածությունն ինձ շատ է բարկացնում»:

Իսկ, թե անձնական կյանքում ինչ փոփոխություններ են սպասվում, Լենա Ղազարյանը հավելում է, որ այս փուլում միմիայն մտածում է կարիերայի մասին:

«Իմ կյանքում ոչ մի փոփոխություն չկա, ես սիրահարված չեմ , հիմա միայն մտածում եմ կարիերայիս մասին, բայց այնպես չէ, որ ես կարիերիստ եմ եւ անձնականս թողնելով՝ մտածելու եմ միայն դրա մասին: Ես աշխատում եմ իմ անձնականը չհանրայնացնել, եւ եթե իմ կյանքում ինչ-որ մի փոփոխություն լինի, ապա բոլորը դա կտեսնեն, եթե եղել է ու հիմա չկա, ուրեմն չկա: Կարծում եմ այդ հարցը հիմա բոլորին շատ է մտատանջում»- մեզ հետ զրույցում եզրափակում է Լենան :

Լիդա Եղիազարյան




Լրահոս