Արդարացվա՞ծ են ՊՈԱԿ-ներին տրված միլիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գրեթե բոլոր գերատեսչություններին կից գործում են այնպիսի ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր, որոնց գործունեությունը հանրության համար անհայտ է: Իսկ դրանց ֆինանսավորումը մեր՝ հարկատուներիս հաշվին է իրականացվում: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ դրանց առկայությունը հավելյալ բեռ է պետական բյուջեի վրա:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետը կառավարության բոլոր մարմիններին հանձնարարել է վերանայել իրենց համակարգում ներառված ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները՝ հստակ եւ չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կային, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, եւ գոնե իմ համար հասկանալի չէր, թե իրենց պրոդուկտը, օգուտը եւ մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, եւ յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Նա նաեւ ասել է, որ այն ՊՈԱԿ-ները, որոնք վարչական հանձնարարությունը չեն կատարում, կլուծարվեն: «Պարզեցնել կառավարումը, ավելորդ կառույցներից` ԾԻԳ-երից հրաժարվում ենք, ՊՈԱԿ-ները կա՛մ կրճատում ենք, կա՛մ հրաժարվում ենք, բոլոր այդ ավելորդ ատրիբուտիկայից հրաժարվում ենք»,- կառավարության՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում հրահանգել է վարչապետը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի հրահանգին հետեւել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարման վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է կառավարությանը: Նկատենք, որ եթե վարչապետը լուծարի նշված ԾԻԳ-ը, ապա 21 աշխատող գործազուրկ կդառնա:
Կան նաեւ ՊՈԱԿ-ներ, որոնք պետբյուջեից հսկայական գումարներ են ստանում, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե դրանք ինչպես, ինչի վրա են ծախսվում:
Օրինակ՝ «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին այս տարվա համար ՀՀ կառավարության աշխատակազմը հատկացրել է ավելի քան 387.5 մլն դրամ (ավելի քան 810 հազար դոլար): Իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ը ստացած այս ահռելի գումարով պարտավորվում է կառավարության աշխատակազմին ամրացված շենքերը պահպանել եւ շահագործման աշխատանքներ իրականացնել: Այդ թվում, ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի նաեւ ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման, կաթսայատների տեխնիկական սպասարկում:
Իսկ, ահա, ֆինանսների նախարարությունը այս տարի 110 մլն 106 հազար դրամ հատկացրել է «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ հանրային հատվածի ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծառայությունների համար: Նշենք, որ այս կազմակերպության գործունեության առարկան տնտեսական բարեփոխումների եւ պետական ֆինանսների կառավարմանն առնչվող այլ ոլորտների մասնագետների համար սեմինարների կազմակերպումն է:
Սա դեռ ամենը չէ. ֆինանսների նախարարությունը գումար հատկացրել է նաեւ մեկ այլ՝ «Գնագոյացման վերլուծական եւ ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 80 մլն դրամ:

Գումարը հատկացվել է «Կողմնորոշիչ գների մեթոդաբանական վերլուծական եւ տեղեկատվական ծառայություններ» ծրագրի իրականացման համար: Այսինքն՝ ՊՈԱԿ-ը պետք է պետական կարիքների համար ապրանքների շուկայական գների օրական, ամսական, եռամսյակային տեղեկատվություն հավաքագրի, մշակի, ուսումնասիրի եւ այլն: Ի դեպ, այս ՊՈԱԿ-ի գործառույթն է նաեւ ՀՀ ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գների վերաբերյալ տեղեկության հավաքագրումը, մշակումը եւ ֆինանսների նախարարությանը ներկայացումը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ին հատկացված ավելի քան 80 մլն դրամից միայն 71 մլն 31 հազար 600 դրամը տրվել է որպես աշխատանքի վարձատրություն, 1.4 մլն դրամ՝ տեղեկատվական ծառայությունների համար, տրանսպորտային նյութերի համար՝ 2 մլն 645 հազար դրամ, մեքենայի սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար՝ 850 հազար դրամ, գործուղման ծախսերը՝ 910 հազար դրամ, էլեկտրաէներգիայի վարձավճարի համար՝ ավելի քան 1.5 մլն դրամ եւ այլն: Այս ՊՈԱԿ-ին հատկացվել է տասն անգամ ավել գումար, քան մի քանի գյուղերին միաժամանակ: Մինչդեռ ՊՈԱԿ-ի ծախսերը նվազեցնելու արդյունքում հնարավոր կլիներ լուծել, օրինակ, մի շարք գյուղերի խմելու ջրի խնդիրը:

ՀՀ արդարադատության նախարարությունը «ՀՀ արդարադատության նախարարության թարգամանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին թարգմանչական աշխատանքների իրականացման համար հատկացրել է մոտ 217.5 մլն դրամ: Միայն աշխատավարձի համար հատկացվել է 214 մլն 80 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 1 մլն 748 հազար դրամ եւ այլն: Այսինքն՝ նշված երկու ՊՈԱԿ-ներին հատկացված գումարի առյուծի բաժինը տրամադրվել է որպես աշխատավարձ: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա համար նախատեսվում է իրականացնել 25 հազար 588 էջ փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, հայերենից ռուսերեն եւ հակառակը:
Թե որքանով են արդարացված ՊՈԱԿ-ներին հատկացված գումարները, եւ ինչպես են դրանք ծախսվում, հարկ է, որ դառնա լուրջ եւ պաշտոնական խորը ուսումնասիրության առարկա: Ի վերջո, այս օղակներում էլ է ծաղկում «պրիմիտիվ գողությունը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս