ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքը հերթական անգամ փոթորկվեց: Այս անգամ առիթը ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկի` New York Times-ի կողմից հրապարակված ֆինանսական փաստաթղթերն են, որոնք վերաբերում են Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հարկային պարտավորությունների կատարմանը: Հատկանշական է, որ եթե աշխարհում պաշտոնյայի կամ թեկնածուի ֆինանսական եկամուտներն ու հարկային մուծումները նվազագույն իսկ կասկած են հարուցում, դա դառնում է հանրային մանրազնին քննարկման առարկա կամ նույնիսկ քաղաքական սկանդալի պատճառ: Իսկ, ահա, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու վայելած հարկային ու մաքսային արտոնությունների մասին քաջ հայտնի է, սակայն դա հասարակական լուրջ պարսավանքի առարկա չի դառնում:

ԱՄՆ-ում 1970-ական թվականներից գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի` նախագահի թեկնածուները հրապարակում են իրենց ֆինանսական եկամուտների ու հարկային մուծումների հաշվետվությունը: Այդ քայլի հիմնական նպատակն է նախ պարզել, թե ինչ եկամուտներ ունի նախագահ դառնալ ցանկացողը, ինչպես նաեւ հասկանալ, թե որտեղ կարող են լինել նրա տնտեսական հետաքրքրությունները: Խիստ կարեւոր է, որ նախագահի թեկնածուի հաշվետվությամբ ամերիկացիները հստակորեն տեսնում են, թե ում է պարտք ապագա նախագահը, եւ երկրին ու ժողովրդին ինչպիսի հեռանկարներ են սպասվում` կոնկրետ այդ կապերով պայմանավորված: Ցայսօր ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները չեն թաքցրել իրենց հարկային վճարների ու ֆինանսական դրության մասին որեւէ տվյալ, իսկ հրապարակելիս հարկադրված են եղել իրական տվյալներ ցույց տալ, հակառակ դեպքում դրանցով անխուսափելիորեն պիտի զբաղվեին իրավապահ մարմինները: Սակայն ինչպես գրեթե բոլոր առումներով, 2016թ. նախագահական ընտրությունները այս հարցում եւս տարբերվում են: Դոնալդ Թրամփը ավելի քան մեկ տարի է, ինչ համառորեն հրաժարվում է հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունը` պատճառաբանելով, թե իր բիզնես գործունեությունը ԱՄՆ հարկային մարմինների կողմից ստուգման տակ է: Թրամփը պնդում է, որ նման հաշվետվություն կարելի է հրապարակել միայն ստուգման ավարտից հետո, որը, ի դեպ, կարող է տարիներ տեւել: Թրամփի այսպիսի քայլը հանդիպում է թե՛ նրա հիմնական մրցակից Քլինթոնի քննադատությանն ու պարսավանքին, թե՛ ընտրողների դժկամությանը: Ակնհայտ է, որ Թրամփը թաքցնելու բան ունի, ինչը կասկած է սերմանում թեկնածուի ազնվության նկատմամբ:
Օրեր առաջ New York Times-ը հրապարակեց իր տրամադրության ներքո հայտնված մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին Թրամփի տնտեսական գործունեության մանրամասները հեռավոր 1995թ.-ին: Պարզվում է, որ սնանկացումների հետեւանքով Թրամփը օգտվել է օրենքի այն տարրից, որով ազատվել է հաջորդ 18 տարիներին հարկային վճարումներ անելու պարտավորությունից: Ըստ աղբյուրների` Թրամփի կորուստները կազմել են ավելի քան 910 մլն ԱՄՆ դոլար: Ֆինանսական այդ աղետը Թրամփին պատուհասել էր Ատլանտիկ Սիթիում ունեցած 3 կազինոների սխալ կառավարման հետեւանքով: Գործարարն էլ ժամանակին բավականին ճարպիկ է գտնվել եւ օգտվելով օրենքի տրամադրած սողանցքներից` հաջողեցրել է խույս տալ վճարումներից: Ամերիկյան տնտեսագետները մեկնաբանում են, որ Թրամփը մեծ օգուտներ է քաղել իր սնանկացումից` հատկապես հաջորդ տարիներին վաստակած միլիոնները նկատի ունենալով: Հատկանշական է, որ նախագահական առաջին բանավեճում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ծաղրել էր Թրամփին` հարկային պարտավորությունների հաշվետվությունը չներկայացնելու համար, ինչպես նաեւ նկատել, որ Թրամփը խուսափում է հրապարակումից միայն ու միայն այն պատճառով, որ պետությանը հարկեր չի վճարել:
Քլինթոնի այսպիսի կարծիքը այլեւս կարելի է հիմնավոր համարել թե՛ վերոնշյալ փաստաթղթերի գաղտնազերծման, թե՛ Թրամփի արձագանքի պատճառով: Վերջինս բանավեճի ընթացքում արձանագրել էր, որ հարկերից օրենքի միջոցով խուսափելու փաստը խոսում է իր ճկուն գործարար-մտքի մասին: Թեկնածուի շտաբը հայտարարեց, որ Թրամփը խելացի մարդ է, որը վճարել է սահմանված հարկային բեռից ոչ ավելին: Քոլորադո նահանգի հանրահավաքի ժամանակ Թրամփն անձամբ ընդունեց, որ ինքն օգտագործել է օրենքը սեփական բիզնեսը չկորցնելու միտումով: Նրա պնդմամբ` գործարարության բնույթն է ստիպել իրեն նվազագույն հարկային պարտավորություններ կատարել: Իրականում Թրամփը, որպես նորմալ տնտեսվարող, որ ցանկանում է ավելի քիչ հարկ վճարել ու շատ եկամուտ ստանալ, կարողացել է ճշգրտորեն շահել օրենքի թերությունից: Այստեղ հետաքրքիր է այն, որ Թրամփն ամեն քայլափոխի քննադատում է հարկային անարդար համակարգը, սակայն պարզվում է, որ այդ անարդարությունը ժամանակին լավ էլ ծառայեցրել է իր անձնական օգուտի համար:
Հայաստանում որեւէ պաշտոնյայի կամ թեկնածուի ֆինանսական դրությունը ու դրա մանրամասների անակնկալ բացահայտումը, որպես կանոն, անհետեւանք է մնում: Այս տարիների ընթացքում բազմիցս խոսվել է հատկապես պետության բարձր օղակներ թափանցած գործիչների ֆինանսական աստղաբաշխական կարողությունների մասին, սակայն թե՛ հասարակությունն է անտարբեր գտնվել` սովորական համարելով այդ արատը պետության կյանքում, թե՛ իրավապահներն են զերծ մնացել իրենց պարտականությունը կատարելուց` վախենլով իշխանության նավավարի պատժից: Լավագույն օրինակը, թերեւս, ռուսական մամուլի բացահայտումներն էին: Ի դեպ, հիշենք որ 2008թ. Սերժ Սարգսյանը որպես իր միակ ունեցվածք հայտարարագրել էր լոկ մեկ սենյականոց բնակարան Ստեփանակերտում: Բնական է, որ մեկ այլ երկրում դա քաղաքական սկանդալի առիթ կդառնար, մինչդեռ մեզանում առավելագույնը շարժեց հասարակության ծիծաղը: Ըստ էության, ֆինանսական եկամուտները թաքցնելը Հայաստանում ընդունված պրակտիկա է, որն անգամ բացահայտվելու դեպքում լուրջ հետեւանքներ չի ունենում: Մեր երկրում բոլորն էլ գիտեն, թե որ պաշտոնյան որքան ունեցվածք ունի գրանցված, ինչպես Աղվան Հովսեփյանն էր ասում, «քեռու մարդու» անունով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ն ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՄՅՈՒՍ ՈՒԺԵՐԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՎ

ՏԻՄ ընտրությունների նախորդ օրը` հոկտեմբերի 1-ին, համացանցով տարածվեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ հայտնի «կաթի փոշու» գողության մասին պատմող տեսանյութը: Հիշեցնենք, որ կաթի փոշին Գյումրի օգնություն էր փոխանցվել 1988թ. երկրաշարժին հաջորդած օրերին: Տեսանյութում, մասնավորապես, ներկայացվում էր, թե պատգամավորը գյումրեցիներին դրսից ուղարկված օգնությունն ինչպես է իրացրել, ապա՝ կալանավորվել:

Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համառ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ այն Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռագիրն է: Ըստ այդ լուրերի` ՀՀԿ-ն փորձ է արել այդկերպ վարկաբեկել Գյումրիում առաջադրված մյուս թեկնածուներին, եւ չի բացառվում, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությանն ուղղորդած լինի հենց ՀՀԿ-ն: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, Ձեր կուսակցությունը այլ քաղաքական ուժերի մասին նյութերի կամ պաստառների հրապարակումով է զբաղվում:
-Ե՛ւ Հանրապետական կուսակցությունը, ե՛ւ ես անձամբ ընդհանրապես քարոզարշավի շրջանակներում չենք զբաղվել այլ քաղաքական ուժերի հետ կապված ինչ-որ նյութեր հրապարակելու, պաստառներ պատրաստելու գործերով: Պաստառների՞ հարցում էլ են մեզ մեղադրում, բայց մենք զբաղվել ենք մեր աշխատանքով:
-Ինչպես հայտնի է` իրավապահները քննություն են անցկացնում պաստառի պատմության լրիվ, օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Բանն այն է, որ ոչ պաշտոնական վարկածներից մեկն այն է, որ տեղի ունեցածի դրդապատճառը եղել է «զառերով պաստառը», որն ուղղված է եղել Վարդեւան Գրիգորյանին: Մտավախություն չունե՞ք, որ իրավապահների բացահայտումները կարող են Ձեր հետքերի վրա բերել:
-Մենք պաստառի հետ որեւէ կապ չունենք: Եվ դա, առհասարակ, պետք է հիմնավորվի:
-Բայց միեւնույն է՝ «զառերի» հայտնի պաստառը հանրության մոտ կասկածների տեղիք էր տվել: Դուք միտում չե՞ք տեսնում կատարվածում:
-Դրանք պարզապես նախընտրական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են: Բայց կրկնում եմ` Հանրապետական կուսակցությունը եւ ես անձամբ մեր առջեւ նման խնդիրներ չենք դրել, ոչ էլ մասնակցել ենք այդ խնդիրների իրագործմանը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԲՌՆԱԲԱՐՈՂԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվում է քրեական գործ՝ չափահաս անձանց կողմից 15-ամյա աղջկա բռնաբարության կապակցությամբ: 15-ամյա աղջիկը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակչուհի է: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138 (Բռնաբարությունը) եւ 141 (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) հոդվածներով: Սույն քրեական գործն առնչվում է 3 տղամարդկանց, որոնցից մեկի՝ 46-ամյա անձի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Վերջինս Աչաջուր գյուղի բնակիչ չէ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, տղամարդը դեռեւս հայտնաբերված չէ: Քրեական գործի էպիզոդներից մեկը վերաբերում է 2014 թվականին, երբ աղջիկը 13 տարեկան է եղել: Քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ:

 

 

9 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԿՈԹՈՂԸ
Ադրբեջանին սահմանամերձ Կողբ գյուղը Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքն է: Կողբը մարզի այլ գյուղական համայնքների համեմատ բարեկարգ է, 2015թ. պետական բյուջեի միջոցներով բնակավայրի հիմնական փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվեց: Սակայն Կողբի գերեզմանատուն տանող ճանապարհի մի հատված վատ վիճակում է, մարդատար ավտոմեքենաները դժվարությամբ են հաղթահարում այդ ճանապարհը, հաճախ՝ վնասվում: Կողբի գյուղապետարանը մինչ այժմ ֆինանսական միջոցներ չի գտել գյուղի միակ գերեզմանատուն տանող ճանապարհը փոքր-ինչ բարեկարգելու համար: Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Կողբի Ավագի ձոր կոչվող թաղամասում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում, մեծ շուքով բացվել է 7 մետրանոց բազալտե կոթող, որը զարդարված է նռերով, սրերով, վահանով եւ այլն: Արձանի մի երեսին տղամարդու գլուխ է, մյուս երեսին՝ կնոջ: Այդ կապակցությամբ կոթողը դարձել է կողբեցիների հումորի, բազում սրամտությունների թեման: Արձանի բացմանը ներկա են եղել կոթողի հովանավոր, ամերիկահայ Գեւորգ Աթանիզյանը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներ, արձանը կերտած կողբեցի քանդակագործ Լեւոն Աբովյանը: Բոստոնահայ Գեւորգ Աթանիզյանը եւ Լեւոն Աբովյանը Կողբի ավագանու որոշմամբ դարձել են Կողբ համայնքի պատվավոր քաղաքացիներ, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավար Սթիվ Փարաջյանը Գեւորգ Աթանիզյանին պարգեւատրել է այդ կազմակերպության մեդալով: Կողբի համայնքապետարանից տեղեկացանք, որ կոթողի կերտման համար բարեգործի կողմից նվիրաբերվել է 9 միլիոն դրամին համարժեք գումար: Եթե այդ գումարի մի փոքր մասը ծախսվեր Կողբի գերեզմանատան ճանապարհը հարթեցնելու նպատակով, գերեզմաններ այցելող կողբեցիները եւ հյուրերը սրբավայրի ճանապարհին զրկանքներ չէին կրի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս