Հայաստանի լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան առաջին անգամ անցկացրեց լեռնահեծանվավազքի անդրանիկ առաջնությունը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Սկիզբը դրված է և նախադրյալներն էլ բավականին լավն են: Կարծում եմ մարզաձևը կարող է հաջողություւն ունենա, քանի որ մենք ինքներս էլ լեռնային ազգ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ ֆեդերացիայի ներկայացրած ծրագիրը կարդարացնի իրեն: «Նմանատիպ ծրագրերում երկու կարևոր հանգամանք կա, մեկը ֆինանսական կողմն է, իսկ երկրորդը՝ ծրագիրի իրականացումը: Մենք մեր հերթին փորձելու ենք ամեն կերպ աջակցել»,-շեշտեց Ռոստոմյանը:
Անդրանիկ մրցաշարում պատանիների պայքարում հաղթեց Հովհաննես Երանոսյանը, երիտասարդների մեջ առաջին տեղում Ամու Ասուբովն էր, իսկ մեծահասակների պայքարում լավագույնը Ռոբերտ Խաչատրյանն է:
Աղվերանում կայացած առաջնությանը մասնակցում էին 33 հեծանվորդներ, ովքեր ուժերը չափեցին 10 կմ քրոս-քանթրի ձևում: