ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրությունները շարունակում են մնալ համաշխարհային լրատվամիջոցների ու քաղաքական մեկնաբանների ուշադրության կենտրոնում: Այս շաբաթ կայացավ Թրամփի ու Քլինթոնի ներկայացրած փոխնախագահության թեկնածուների բանավեճը, որը զգալիորեն տարբերվեց նախագահական առաջին բանավեճից: Նկատենք, որ եթե ԱՄՆ-ում նախագահն իրեն անմիջականորեն հաջորդող պաշտոնին հրավիրում է այնպիսի գործչի, որը պիտի ծածկի իր բացերը, ապա Հայաստանում նախագահները հատկապես վերջին շրջանում նախընտրում են քաղաքականապես թույլ, կախյալ ու ավելի հավակնություններ չունեցողներին:

Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը որպես փոխնախագահ է առաջադրել Ինդիանա նահանգի 50-րդ նահանգապետ Մայք Փենսին: Վերջինս ամերիկյան հայտնի քաղաքական-պետական գործիչներից է, որը, կարելի է ասել, Թրամփի հակապատկերն է: Գրեթե նույնը կարող է վերաբերվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի առաջադրած փոխնախագահ, Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնին: Եթե Թրամփը ագրեսիվ է, խոսակցին շարունակաբար ընդմիջող ու անհարգալից, ապա Փենսը զուսպ է, հանդարտ խոսքի վարպետ: Նմանապես, եթե Քլինթոնը խաղաղ բնավորություն ունի, ապա Քեյնը հախուռն է ու ակտիվ: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպես պիտի ընթանար փոխնախագահության թեկնածուների բանավեճը, որի ընթացքում հանրապետականների ու դեմոկրատների թեկնածուները կարծես փոխված լինեին իրենց դերերում` համեմատած Թրամփ-Քլինթոն առաջին բանավեճի: Ըստ այդմ, եթե Քլինթոն-Թրամփ բանավեճից հետո հարցումների գերակշիռ մասը հաղթող էր հռչակում առաջինին, ապա այս դեբատից հետո հաղթանակի դափնեկիրը դարձավ հանրապետական Փենսը:
Ողջ բանավեճի ընթացքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թիմ Քեյնը շարունակաբար ընդհատում էր մրցակցին` հիշեցնելով Թրամփի հակասական հայտարարությունները: Ակնհայտորեն Քեյնի մարտավարությունը հիմնված էր լայն լսարանի առաջ Թրամփի լեզվական սայթաքումներն ու վիրավորանքները քննադատաբար մեկնաբանելու եւ դրանց համար Փենսին պատասխանատու հռչակելու վրա` նպատակ ունենալով հստակորեն ցուցադրել իր եւ Քլինթոնի գերազանցությունը: Ավելին` Քեյնը քանիցս անհարկի ընդհատում էր զրուցակցին` թույլ չտալով նրան կառուցել նախադասությունն ու արտահայտել իր մտքերը: Խուսափելով իր հանդեպ հնչած հիմնավոր քննադատություններից` Քեյնը անպատասխան թողեց կոնկրետ մեղադրանքները` կապված լրջագույն բացթողումների ու վրիպումների հետ, երբ նա դեռ Վիրջինիայի նահանգապետն էր: Բայց եւ այնպես, ակնհայտ էր Քեյնի գերազանցությունը հատկապես արտաքին քաղաքականության խնդիրների քննության ժամանակ: Կենտրոնանալով Թրամփի` որեւէ գործնական մարտավարություն չառաջարկելու վրա` դեմոկրատական թեկնածուն կետ առ կետ հիմնավորեց իր պաշտպանած ծրագիրը: Թրամփի փոխնախագահ Փենսն էլ հաջողեցնում էր զսպվածությամբ կարգի հրավիրել դիմացինին` մատնանշելով Քլինթոնի թերացումները: Այդուհանդերձ, Փենսը բավականին դժվարին առաքելություն էր ստանձնել` պաշտպանել Թրամփի վիրավորանքներն ու ծիծաղելի հայտարարությունները: Չընդունելով, որ Թրամփը վիրավորել է կանանց, ներգաղթյալներին, ամերիկացիների տարբեր խմբերին, Փենսը նախագահական ընտրություններին հետեւող քաղաքացիներին այդպես էլ չկարողացավ համոզել: Ակնհայտորեն փոխնախագահի հանրապետական թեկնածուն ավելի դրական լույսի ներքո երեւաց բացառապես Քեյնի ագրեսիվ պահվածքի պատճառով: Իսկ քաղաքական գաղափարների ու դրանց հիմնավորումների համատեքստում Թրամփ-Փենս զույգը միանշանակ զիջում էր դեմոկրատ մրցակիցներին: Ի դեպ, Փենսի պատրաստվածությունն ու պահվածքը թույլ տվեցին մեկնաբաններին եզրակացնելու, որ մի քանի հարցերից զատ, Թրամփի նախագահությունը վարելու է հենց Փենսը, որը անհամեմատ լուրջ գործիչ է: Ի դեպ, հիշենք, որ իր նախկին մրցակիցներից Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին փոխնախագահությունն առաջարկելով` Թրամփը խոստացել էր նախագահական բոլոր գործերը վստահել նրան: Ենթադրելի է, որ Փենսի դեպքում էլ նմանօրինակ մի խոստում է եղել: Ի վերջո, Մայք Փենսը ժամանակին Ներկայացուցիչների պալատում Հանրապետական մեծամասնության ղեկավարն էր, հանրապետական բոսսերի մտերմագույն անձանցից մեկը:
Հայաստանում փոխնախագահի ինստիտուտը ստեղծվել է 1991թ., սակայն 1995թ. Սահմանադրության ընդունմամբ այն վերացվեց: 25 տարի առաջ` հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխնախագահն էր դարձել այսօրվա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հավելենք, որ այդ նույն ընտրություններում փոխնախագահության թեկնածուներ էին Վահան Հովհաննիսյանը` նախագահի թեկնածու Սոս Սարգսայանի հետ (ՀՅԴ), Ազատ Արշակյանը` Պարույր Հայրիկյանի հետ (ՀՔԴՄ-ԱԻՄ), Հրանտ Խաչատրյանը` Աշոտ Նավասարդյանի հետ (ՍԻՄ-ՀՀԿ), Սուրեն Զոլյանը` Ռաֆայել Ղազարյանի հետ եւ Հարություն Մարզպանյանը` Զորի Բալայանի հետ: Քանի որ Տեր-Պետրոսյան-Հարությունյան զույգը հրաժարվել էր նախընտրական քարոզարշավից, բնական էր, որ բանավեճեր էլ տեղի չունեցան: Եվ հաշվի առնելով հայկական կարծրատիպը, երբ բոլոր ընդդիմադիրները ցանկանում են բանավիճել բացառապես իշխանության ներկայացուցչի հետ, զարմանալի չէ, որ մյուս թեկնածուները միմյանց հետ գաղափարական պայքարի մեջ չմտան:
Խիստ ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուները փոխնախագահ են ընտրում իրենցից զգալիորեն տարբերվող գործիչների: Դա պահանջում է հակակշիռների այն անխախտ ավանդույթը, որը գոյություն ունի ամերիկյան պետական համակարգում: Ի տարբերություն սրա` Հայաստանում, որտեղ փոխնախագահ չկա, եւ այդ քաղաքական դերը ինչ-որ առումով կատարում է վարչապետը, նախագահները նախընտրում են իրենցից թույլ կամ լիովին կախվածության մեջ գտնվող գործիչներին: Դա բնորոշ է հատկապես Սերժ Սարգսյանի նախագահությանը: Ռոբերտ Քոչայանի օրոք, սակայն, ունենք բացառություն` հանձին Վազգեն Սարգսյանի կառավարության, այն էլ այդ նշանակումը կատարվել էր ամենեւին ոչ Քոչարյանի ցանկությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների շուկայում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 4 տոկոս գնանկում, ոգելից խմիչքը, ծխախոտը 07 տոկոսով են էժանացել, ոչ պարենային ապրանքները՝ 2.1 տոկոսով: Իսկ, ահա, ծառայությունները, հակառակը, թանկացել են 2.2 տոկոսով:

Կարտոֆիլը նույնպես էժանացել է. բանջարեղենի շուկայում արձանագրվել է 19 տոկոս գնանկում: Իսկ, ահա, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սունկը, սխտորը, խառը կանաչեղենը, սմբուկը, կանաչ սոխը թանկացել են: Կաթնամթերքի շուկայում այս սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 4.3 տոկոս գնանկում: Ի դեպ, նշենք, որ այն հիմնականում պայմանավորված է «Չանախ» պանրատեսակի էժանացումով: Նշված ժամանակահատվածում մսամթերքի շուկայում նույնպես գնանկում է գրանցվել՝ 4.1 տոկոս: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել են ոչխարի, խոզի եւ տավարի մսերը, առաջին տեսակի կիսաապխտած երշիկը, խոզապուխտը, թռչնամիսը: Իսկ, ահա, հավի բդի, խաշի պարագաների գինը նույնպես ավելացել է: Թանկացել են նաեւ բարձր տեսակի ապխտած եւ եփած երշիկները, բաստուրման:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ առաջին անհրաժեշտության սննդատեսակը՝ հացը, էժանացել է 0.1 տոկոսով: Իսկ, ահա, մրգի շուկայում է թանկացում արձանագրվել. այս տարվա սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2 տոկոս: Հիմնականում թանկացել են տանձը, ձմերուկը, դեղձը, նարինջը: Իսկ խաղողի գինը նվազել է 28.2, սալորինը՝ 23.7, կիտրոնինը՝ 2.2, խնձորինը՝ 1.8 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն: Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանին եւ մյուսներին իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել: Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբե): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկմամբ: Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ. հունիսի 29-ին: Սակայն հուլիսի 3-ին դատարանը որոշում է կայացրել Կ. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին՝ նկատի ունենալով, որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեկ տարի եւ երեք ամիս անց՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին Կ. Մարտիրոսյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այդ գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը սեպտեմբերի 19-ին որոշել է նշված քրեական գործի վարույթը վերսկսել: Նշենք, որ Կ. Մարտիրոսյանը ՀՀԿ անդամ, 2008թ.-ից Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին է: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում Ազատամուտ համայնքի ղեկավարի 2 թեկնածու կար՝ Ժորա Մարտիրոսյանը եւ Արտեմ Սարիբեկյանը: Ընտրությունների արդյունքում Ժ. Մարտիրոսյանը ստացել է 692, Ա. Սարիբեկյանը՝ 668 քվե, 33 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ա. Սարիբեկյանի պահանջով Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ-ում կատարվեց քվեների վերահաշվարկ, սակայն վերահաշվարկի արդյունքում թեկնածուներին տրված քվեների քանակը չփոխվեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս