ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԷԼ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում անցկացրեց իր հերթական հանդիպումը` հյուրընկալելով Ռումինիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ այդ օրը տոնական տրամադրությամբ էր համակված ողջ Երեւանը: Հայաստանը նշում էր իր մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձը եւ հույս ուներ օրը կրկնակի տոնական մթնոլորտում անցկացնել: Սակայն մեր հավաքականն ունեցավ իր հերթական խայտառակ ելույթը՝ անտարբեր խաղով ու ոչ ռիսկային գործողություններով առաջացնելով երկրպագուների եւ անգամ ոչ ֆուտբոլասեր հասարակության զայրույթը:

«Ժողովուրդ»-ը փորձեց մասնագետների միջոցով հասկանալ` որն է խնդիրը, որ մեր ազգային հավաքականը չի կարողանում գտնել իր խաղն արդեն քանի տարի ու չի կարողանում ներկայացնել «պրոֆեսիոնալ» ֆուտբոլ:
Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը հավաքականում առկա խնդիրները նորություն չի համարում: Սպորտային մեկնաբանի համար աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ էլ պարզ էր, որ հավաքականը բախվելու է խնդիրների. «Որովհետեւ մի շարք խաղացողներ միանգամից հրաժարվեցին կամ տարբեր պատճառներով այլեւս չեն խաղում մեր հավաքականում, իսկ համարժեք փոխարինողներ, ինչպես տեսնում ենք, չկան»,- ասաց Չախոյանը:
Խաղի ընթացքում հայ երկրպագուների զայրույթի ալիքն ուղղված էր հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին. բոլորը միաբերան վանկարկում էին` Սուքիասյա՛ն, հեռացի՛ր: Խաչիկ Չախոյանի կարծիքով՝ այս պարտությունը միայն մարզչի գործոնով չէր պայմանավորված. «Ֆուտբոլը, ամեն դեպքում, թիմային խաղ է, ինչ-որ մտածում է մարզիչը՝ կատարողներն են խաղադաշտում իրականացնում: Ռումինիայում մերոնք խաղացին այնքան, որքան կարող էին: Բնական է, որ հանդիպման երկրորդ րոպեին կարմիր քարտը, հետո տասնմեկ մետրանոցը իրենց հետքը թողեցին, բայց բոլոր դեպքերում՝ 0:5 հաշվով պարտությունը չեմ կարծում, որ ճիշտ էր: Կատարողների խնդիրներ ունեինք, ինչ-որ տեղ մարզչի վրիպումն էլ կար Ռումինիայի հետ խաղում, բայց միայն մարզիչով չէ: Ֆուտբոլում, հիմնականում, ասում են` հաղթում է թիմը, պարտվում` մարզիչը»,- նշեց Չախոյանը:
Նման արդյունքը սպասելի էր նաեւ սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի համար: Մեկնաբանի խոսքով` մինչեւ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը չկարգավորվի, ֆուտբոլը չի կարող բարձր մակարդակ ունենալ: Սուրեն Բաղդասարյանը վստահ է` մեր ֆուտբոլային իրականության մեջ եւս պետք է համակարգ փոխվի.«Այսօր քաղաքական ասպարեզում էլ ծանր վիճակի հետ կապված ասում են, որ համակարգ պետք է փոխվի, նույնը վերաբերում է նաեւ ֆուտբոլին՝ ֆուտբոլային համակարգը պետք է փոխվի: Նրանք, ովքեր կարող են, չեն ուզում ներդրումներ անել: Մեր ֆուտբոլն այնքան ցած է գլորվել, որ եկել է պահը, որ նրանք, ովքեր պատասխանատու են մեր ֆուտբոլի համար, քարերը թափեն իրենց փեշից եւ հրավիրեն բոլոր այն կարող ուժերին, ովքեր կարող են այս կամ այն կերպ օգնել մեր հավաքականին: Ցավոք, այդ հարցը այդպես էլ չլուծվեց, եւ պատահական չէր, որ հանդիպման ընթացքում ֆուտբոլասերներն իրենց դժգոհությունը արտահայտեցին»,- ընդգծեց սպորտային մեկնաբանը:
Սուրեն Բաղդասարյանը ականատես է եղել, թե ինչպես է Ռումինիայի հավաքականի գերմանացի մարզիչ Քրիստոֆ Դաունը խիստ դժգոհություն հայտնել իր ֆուտբոլիստներից: Ասում է` գերմանացի մարզիչը նույնիսկ հայտարարել է, որ ռումինական ֆուտբոլում միասնություն չկա, բայց Ռումինիայի հավաքականը նույնիսկ այս վիճակում ջախջախեց մեր հավաքականին. «Սա խոսում է այն մասին, որ մենք շատ հետ ենք մնացել, եւ առայժմ լավ բան չի երեւում: Հարկ է նաեւ մտածել այն մասին, որ ֆուտբոլային հավաքականն էլ պետք է փոխվի, առողջ մթնոլորտ պետք է լինի, մենք պետք է միասնական ձեւով աշխատենք, օգտագործենք մեր բոլոր ռուսերսները: Երբ ես ասում եմ՝ համակարգը պետք է փոխվի, ես նաեւ նկատի ունեմ անձերի փոփոխությունը»,- նշեց Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ մեր միասնական խաղի բացակայությունը սերում է նաեւ ազգային բնավորությունից:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Սակայն մեր հարցը լսելուն պես վերջինս հրաժարվեց հեռախոսով զրուցել եւ առաջարկեց դիմել ՀՖՖ մամուլի ծառայություն:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմետ, ոչ պարենային ապրանքները 2.1 տոկոսով էժանացել են: Սակայն այս տարվա սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնաճ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում հիմնականում թանկացել են գորգեղենը, կահույքը, խոհանոցային սպասքը, այգեգործական ապրանքները, մշակույթի ապրանքները, գրենական պիտույքները, ոսկերչական ապրանքները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ բարձրացել են նաեւ կենցաղային էլեկտրաապրանքների, հագուստի, գործվածքի, կոշկեղենի գները: Նշենք, որ լվացող միջոցների, գեղահարդարման ապրանքների, շինանյութերի գները նվազել են, իսկ տեքստիլեղենի շուկայում գների մակարդակը սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեղամիջոցների գները նվազել են 1.4 տոկոսով: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հոկտեմբերի 6-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների հերթական մշտադիտարկում: Դեղերի մանրածախ գների համեմատությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի գները, ընդհանուր առմամբ, մնացել են անփոփոխ: Իսկ ահա Ֆրանսիայի «Սանոֆի Ուինթրոպ Ինդաստրի» դեղագործական ընկերության արտադրության Պլավիքս (կլոպիդոգրել) 75մգ 14 դեղահաբեր թաղանթապատ դեղի մանրածախ գինը սեպտեմբեր ամսվա համեմատությամբ նվազել է շուրջ 50 տոկոսով: Նշենք, որ այս դեղը բժիշկները նշանակում են սրտի ստենտավորում կատարած մարդկանց: Սրան զուգահեռ նվազել են նաեւ բուժսպասարկման ծառայությունների սակագները:
Իսկ ահա բնակարանային-կոմունալ, հանգստի կազմակերպման եւ կրթության համակարգի ծառայությունների սակագները բարձրացել են:

Ս. Հ.

 

 

 
ԿԵՂԾ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Արդեն գրել ենք, որ Տավուշի մարզում մի խումբ «կեղծ բժիշկներ» իրականացրել են բժշկական ծառայություններ՝ չունենալով դրա համար ո՛չ արտոնագիր, ո՛չ էլ մասնագիտական պատրաստվածություն:
Պարզվում է, որ հոկտեմբերի 3-ին «Առողջ կյանք» ՍՊԸ աշխատողները Իջեւան քաղաքում նախապես իրենց կողմից հերթագրված քաղաքացիներին բուժզննել են, նրանց ձեռքերին միացվող թեստերի միջոցով ախտորոշել հիվանդություններ, որպես բուժամիջոցներ՝ 5-40 հազար դրամով, նրանց վաճառել բնական հավելումներ: Տավուշի մարզկենտրոնից ստացված տեղեկություններով՝ Իջեւան քաղաքում քաղաքացիների առողջական վիճակի զննությանը մասնակցել է բժշկական գործունեության լիցենզիա չունեցող 3 աղջիկ եւ 2 երիտասարդ: Իջեւանի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վերոհիշալ ՍՊԸ-ի աշխատակիցները հեռախոսով իրեն նախապես առաջարկել են բուժզննել 17 օրգան, առաջին բուժզննման համար մուծել յոթ հազար դրամ, որից հետո հետագա բուժզննումը իր համար կլինի անվճար: Նույն քաղաքացու ասելով՝ Իջեւանում բուժզննմանը հերթագրվել է քաղաքի եւ շրջակա գյուղերի շուրջ 90 բնակիչ: Սակայն Իջեւանում «բուժզննմանը» մասնակցել է նախապես հերթագրվածների մի մասը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղից տեղեկացանք, որ բժշկական գործունեության արտոնագիր չունեցող անձինք սահմանամերձ գյուղի բնակչից յոթ հազար դրամ վերցնելով՝ նրա առողջական վիճակը զննել են եւ դեղերի անվան տակ Կոթիի բնակչին վաճառել 40 հազար դրամի բնական հավելումներ: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը հայտնեց, որ բաժնի աշխատակիցները ցուցմունքներ են վերցրել «կեղծ բժիշկներից» տուժած 9 քաղաքացիներից, բժշկական գործունեության իրավունք չունեցող անձանց հանդեպ հոկտեմբերի 10-ին խարդախության հոդվածով քրեական գործ կհարուցվի:

 

 

13-ԱՄՅԱ ԳՈՂԸ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղի 13-ամյա բնակիչը, գյուղում 8 տուն մտնելով, գումարներ է գողացել: Տարբեր տներից պատանու «հասույթը» տարբեր չափի է եղել՝ հարյուր հազար դրամ, հիսուն հազար դրամ եւ այլն: Տղան ունի ծնողներ, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքից է. տանը 9 երեխա կա: Իջեւանի իրավապահներից տեղեկացանք, որ տղային գողության է դրդել նրա մայրը: Այժմ իրավապահները որոշում են, թե կատարված գողությունների կապակցությամբ ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն տղայի եւ նրա մոր նկատմամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս