ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը հալեպահայության խնդրի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպում ակնհայտորեն վիճակն այսօր օրհասական է, և հալեպցիների, այդ թվում՝ հալեպահայերի անվտանգությունն էապես խաթարված է:
Դժբախտաբար, Հալեպը դարձել է Սիրիայի հակամարտությանը ներգրավված ուժերի գլխավոր կռվախնձորը, որը և էապես մեծացնում է, թերևս, համեմատաբար քիչ տուժած քաղաքի արևմտյան հատվածը՝ արևելյանի դաժան ճակատագրին արժանանալու հավանականությունը:

Համաձայն լավատեղյակ աղբյուրների՝ այսօր Հալեպում դեռ ապրում է 8-10 հազար հայ՝ հիմնականում կենտրոնացած քաղաքի արևմտյան թաղամասերում: Այս իրավիճակը, բնականաբար, պետք է մտահոգի բոլորին, և ողջունելի են հայկական տարբեր կազմակերպությունների գործնական քայլերը հալեպահայությանն աջակցելու համար:

Հակամարտության առաջին օրվանից էլ հակասական մոտեցումներ են եղել հալեպահայերի՝ քաղաքում մնալ-չմնալու հարցում՝ հաշվի առնելով Սիրիայի կառավարության և ընդդիմության՝ այս հարցում ունեցած դիրքորոշումը և հնարավոր արձագանքը, ինչպես նաև մտահոգվելով հալեպահայ գաղութի դատարկման հեռանկարով:

Հաշվի առնելով այսօր ստեղծված ծանր իրավիճակը՝ խնդրի լուծման բանաձևը, մեր համոզմամբ, հետևյալն է: Հալեպում ապրող ցանկացած հայ ցանկության դեպքում պետք է ունենա քաղաքից հեռանալու և Հայաստան տեղափոխվելու նյութական և տեխնիկական հնարավորություններ:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, բարեգործական հիմնադրամներին և ունևոր անհատներին գործուն և համակարգված աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ խնդրի լուծման համար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծմանը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչություն




Լրահոս