ՀՀԿ-Ի ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԻՄԸ ԿՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի քարոզչության համար պատասխանատուները բավական ծանր կացության մեջ են հայտնվել, ինչի արդյունքում նրանք հնարավոր է՝ զրկվեն եկող տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզչությամբ զբաղվելու իրավունքից:

Մինչ իրադարձությունների զարգացումները ներկայացնելը, նկատենք, որ ներկայումս ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուները, այսպես կոչված, հնաբնակներին հավատարիմ երիտթեւն է: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ձեռքից վերցվեց ՀՀԿ-ի քարոզչության կառավարումը: Արդյունքում, ՀՀԿ-ի հնաբնակների տիրապետմանը հանձնվեցին մի քանի կայքեր, որոնցից մեկը միայն ինչ-որ չափով վարկանիշ ունի, եւ մեկ հեռուստաալիք: Իհարկե, հնաբնակների իրական նպատակը Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի նկատմամբ վերահսկողություն ստանալն էր, բայց այդ խնդիրը նրանց չհաջողվեց լուծել: Արդյունքում, 2014-ից զուգահեռ սկսեցին գործել երկու իշխանական քարոզչական համակարգեր: Միքայել Մինասյանի` երիտիշխանության թեւը սկսեց զբաղվել Սերժ Սարգսյանի եւ իրենց թիմակիցների քարոզչությամբ: Իսկ ՀՀԿ-ի հնաբնակները ստիպված էին ինքնուրույն կազմակերպել իշխող կուսակցության քարոզչությունը իրենց տիրապետմանն հանձնված լրատվամիջոցների միջոցով:
Այս նոր բաժանման առաջին լուրջ փորձությունը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այդ ընտրություններից հետո պարզվել է, որ իշխանական թեկնածուն` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, բավական լուրջ գումարներ է վճարել ՀՀԿ-ի իշխանական քարոզչության պատասխանատուներին, բայց փոխարենը, կարելի է ասել, ոչինչ չի ստացել: Միլիոնավոր դրամների դիմաց մատուցված քարոզչությունը սահմանափակվել է իշխանական քարոզչության պատասխանատուների կայքում մեկ-երկու նյութ հրապարակելով եւ ՀՀԿ-ին պատկանող հեռուստաալիքով Դանիելյանի հետ հարցազրույց հեռարձակելով: Վերջինիս հետ տեղի ունեցածը հանրապետականների շրջանում ընկալվել է իբրեւ նրա անձնական խնդիր: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները համարել են, որ Արամ Դանիելյանն է մեղավոր, որ «հարիֆ-հարիֆ» գումարները տվել է՝ չիմանալով՝ ինչի համար է վճարում:
Սակայն Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներսում սկսված ռազբորկաների ժամանակ քարոզչության պատասխանատուների հարցը արդեն լուրջ է բարձրացվել: Բոլոր վերլուծությունները ցույց են տվել, որ քարոզչության ազդեցությունը վերը նշված երկու ընտրությունների արդյունքներում եղել է զրոյական: Փաստացի, ի սկզբանե ակնհայտ է եղել, որ ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում ընտրակաշառքներով եւ վարչական ռեսուրսներով 15 հազարական քվե, ամեն դեպքում, կունենա: Արդյունքում, պարզվել է, որ չնայած Գյումրիի եւ Վանաձորի քարոզչության վրա մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվել, բայց անարդյունք:
Օրինակ՝ Մամիկոն Ասլանյանի հետ հարցազրույց է կազմակերպվել, հրապարակվել, որի համար ՀՀԿ քարոզչական պատասխանատուները կլորիկ գումար են վերցրել, մինչդեռ դա կարող էին անել կուսակցական ռեսուրսներով, որոնք ստեղծվել են հենց ՀՀԿ-ական թեկնածուներին սատարելու համար:
Ինչեւէ, առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնց ժամանակ քարոզչության նպատակով հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվելու: Արդյունքում, բնական հարց է ծագել՝ արդյոք իմաստ ունի նման գումարները վստահել մարդկանց, որոնք իրենց վստահված գումարների տասը տոկոսի չափով արդյունք չեն կարողանում ապահովել: Նրանք արտաքին շղարշ են ապահովում միայն:
Մի խոսքով, ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուների ողջ կազմը փոխվելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԱՍՈՒՄ Է՝ ՉԵՄ ԵՂԵԼ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե նորմալ է գնահատում կառավարության կառուցվածքային վերջին փոփոխությունները: Մյուս կողմից, ինչպես հայտնի է՝ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում առաջիկայում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն է սկսվելու, որն արդեն առնչվելու է հենց մարզպետներին: Նույնիսկ լուրեր կան, որ այդ նպատակով մարզպետները հրավիրվել են նախագահական նստավայր, որտեղ քննարկվել են նրանց հետագա ճակատագրի եւ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հետ աշխատելու հեռանկարները: «Ժողովուրդ»-ը Հովիկ Աբովյանից փորձեց պարզել, թե արդյոք ինքը մասնակցել է այդ քննարկմանը, ինչին նա կարճ պատասխանեց. «Չեմ եղել»:

 

 

BMW-Ն ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի հարեւանությամբ կրակոցներ էին հնչել, արդյունքում տուժել էին ինչպես վեճի մասնակիցները, այնպես էլ անցորդները: Վեճի կողմերից մեկը եղել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսան` Գոռ Առաքելյանը, իսկ մյուս կողմից քրեական աշխարհի հետ կապեր ունեցող Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը:
Դեպքի վայրում եղած «BMW X6» մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը վարել էր Վալերիկ Հովհաննիսյանը, անհետացել էր: Անցել է երկու տարի, բայց այդպես էլ ավտոմեքենան չի հայտնաբերվել: Վ. Հովհաննիսյանի հայրը` Սամվել Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անհետ կորած ավտոմեքենան գտնելու համար դիմել են փաստաբանի օգնությանը: «Մեքենայի անհետացման մասով քրեական գործ է հարուցվել, որն անջատվել էր կրակոցների գործից: Եթե չանջատվեր, դրանով շատ բան ի հայտ կգար, որդիս չէր ազատազրկվի: Մեքենան իմ անունով է, ոչ թե որդուս»,- պարզաբանեց Սամվել Հովհաննիսյանը: Նշված օրը հնչել էր 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել էր ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ): Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, այդպես էլ անհայտ է մնացել:

 

 

ԿՀԱՆԴԻՊԻ
Հաջորդ շաբաթ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով կմեկնի Գեղարքունիքի մարզ եւ կհանդիպի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղնախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից: Գեղարքունիքի մարզի բնակիչները երեկ որպես բողոքի նշան փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Նրանք դժգոհում են ե՛ւ կարտոֆիլի ցածր գներից, ե՛ւ իրացման խնդրի չլուծվելուց: Հայաստանում կարտոֆիլ մթերում է միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը այս տարի գյուղացիներին առաջարկել է շատ ցածր գին՝ մեկ կգ 35-40 դրամ, ինչը խիստ զայրացրել է գյուղացիներին:

 

 

ՉԵՆ ԽԱՌՆՎՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը համաձայնեցրել է Պուտինի հետ: «Բացարձակ աբսուրդ է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ Պուտինը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի ներքին քաղաքականության վրա: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, առավել եւս, մոտ գործընկերների, ինչպիսին Հայաստանն է»:

 

 

ԿՐԻՄԻՆԱԼ ԳՅՈՒՄՐԻ
Գյումրիում մեքենաների բախման հետեւանքով երեկ վիճաբանություն է առաջացել, որի արդյունքում հնչել են կրակոցներ: Բախումը տեղի է ունեցել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջեւ: Վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։

 

 

ԹՈՒՐՔԱՀԱՃՈ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային պահը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Եթե Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց համաձայնությունների իրականացմանը՝ առանց ԼՂ հակամարտության հետ կապի, ապա մենք միայն ուրախ կլինենք, սակայն մենք կարծում ենք, որ դա կլինի ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային պահը»,-ընդգծել է Լավրովը: Նա նաեւ կարեւոր գործոն է անվանել այն, որ Թուրքիան դրական դեր կարող է խաղալ՝ ապահովելով «տարածաշրջանում նորմալ՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային համագործակցությունը»:

 

 

ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋԸ
Երեկ, ի թիվս ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, Հայաստան է ժամանել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Լուկաշենկոյին դիմավորել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

 

 

ՓԱԹԵԹՈՎ
Արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Արսենյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

 

 

ԷԼԻ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Երեկ այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ հարցին կանդրադառնան տարվա վերջին` Ռուսաստանում: Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուները ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովն ու պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն են:




Լրահոս