ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երեւանում է՝ մասնակցելու հոկտեմբերի 14-15-ը իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին: «Ժողովուրդ»-ը Արա Աբրահամյանի հետ զրուցել է Հայաստանի հետ կապված նրա տնտեսական ծրագրերի եւ քաղաքական ասպարեզ մուտք գործելու մասին:

-Պարո՛ն Աբրահամյան, հոկտեմբերի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած «Ռուսաստանի դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել եք, որ հայկական սփյուռքի պոտենցիալի մեկ տոկոսն է միայն օգտագործվում: Ի՞նչ պոտենցիալի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ այն չի օգտագործվում:
-Չի օգտագործվում, որովհետեւ բացակայում է գաղափարախոսությունը սփյուռքում: Գիտաժողովի ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ ուսումնասիրենք մեր ունեցած պոտենցիալները, հստակեցնենք սփյուռքի գաղափարախոսությունը, նկատի ունեմ տնտեսական առումով: Ինչի մասին է խոսքը: Տեսեք, գիտության մեջ տարբեր երկրներում մենք ունենք գերհզոր մարդիկ, որոնք պատրաստ են գալ այստեղ աշխատելու, խորհրդակցելու: Մենք պետք է իրենց բերենք եւ միասին աշխատենք: Մենք պետք է միասնություն ցուցաբերենք: Պատկերացնում եք՝ վաթսունյոթ երկրում կան կազմակերպված սփյուռքի ներկայացուցիչներ: Ինչ կլինի, եթե այդ վաթսունյոթ երկրների պոտենցիալ ուժը միացնենք մեր փոքր երկրին: Դուք ինքներդ պատկերացրեք, թե ինչ վիճակ այդ ժամանակ կստեղծվի: Խոսքը դրա մասին է: Մենք պետք է մի քանի հարցով միասին համագործակցենք: Օրինակ` ինչո՞ւ ցեղասպանության հարցով մենք համագործակցում ենք, բայց տնտեսական հարցերով չենք կարողանում: Ինչո՞ւ այսօր մենք չենք կարողանում կանգնեցնել արտագաղթը, բայց կարո՞ղ ենք, չէ, իհարկե, կարող ենք: Մեզ ինչ է պետք դրա համար. պետք է միայն հստակեցնենք` ինչ է պետք անել, ով պետք է անի եւ երբ: Մեզ այդ երեք հարցերի պատասխանն է պետք հստակեցնել, ոչ թե միայն խոսենք՝ մեր երկրին պետք է սա, սա, սա:
-Բայց որեւէ քայլ կատարվո՞ւմ է այդ ուղղությամբ:
-Գործնական քայլեր անելու համար բոլորը պետք է պատասխանատվություն կրեն: Տեսեք, հիմա ես եկել եւ ասում եմ` ֆորում եմ անցկացնում եւ ասում եմ` մյուս տարի մենք կունենանք նույն այս ֆորումը, ամեն տարի լինելու է: Ֆորումից հետո այս եւ մյուս տարվա տարբերությունը կնկատեք բոլոր ասպարեզներում:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ պետք է համաներում կիրառենք մեկս մյուսի հանդեպ, Դուք ո՞ւմ հանդեպ եք այն կիրառել:
-Բոլորի, այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ վիրավորել են, մենք մեկս մյուսի հանդեպ շատ վատ ենք վերաբերվում: Հարգանք չկա: Ով որ ինձ ավելորդ տեղը վիրավորել է, ոչ միայն ինձ, այլեւ իմ ընտանիքի անդամներին, բոլորին ներում եմ:
-Մի առիթով ասել եք, որ Դուք ՌԴ-ում ոչ մի խնդիր չունեք, բավականին մեծ հաջողությունների եք հասել, Ձեր ֆինանսական վիճակը լավ է, սակայն գիտեք, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որ Ձեր խիղճը հանգիստ լինի։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Ձեր խղճի հանգստության համար:
-Գիտեք, խիղճը գալիս է այն ժամանակ, երբ ինքն է ուզում, ոչ թե երբ մենք ենք կամենում: Որպեսզի մենք մեր ապագան ապահովենք երջանիկ եւ ուրախ, մենք պետք է ինչ-որ աշխատանք անենք: Այսօրվա աշխատանքը ապահովում է մեր ապագայի հանգստությունը: Ունենալով այս հնարավորությունները՝ իմ խիղճը ինձ թույլ չի տալիս այդ ամենը չօգտագործել իմ երկրի զարգացման համար: Ամենակարեւոր քայլը այսօրվա ֆորումն է: Դուք չեք պատկերացնում, թե սա ինչ հարթակ է, թե ինչ պոտենցիալ ունի այսօրվա միջոցառումը:
-Ներդրումների ներգրավման առումո՞վ:
-Ե՛վ ներդրումների, ե՛ւ, ընդհանրապես, համախմբելու: Պատկերացրեք ամբողջ սփյուռքի եւ նրանց ընկերների, ովքեր հայեր չեն, պոտենցիալները միավորենք մեր երկրի պոտենցիալի հետ, ինչ կլինի: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, իշխանությունները եւ մենք, մեզ երկար ժամանակ պետք չէ, մեր ժողովուրդը մեղք է:
-Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է նշել, որ մեր տնտեսությունը վատ վիճակում է…
-Տնտեսության վիճակը, իհարկե, վատ է, մենք բոլորս դա հասկանում ենք
-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, դրա մեղավորները, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար:
-Ես չգիտեմ` ովքեր են մեղավորները, մենք պետք է փոխենք այդ իրավիճակը: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, ես անում եմ այն, ինչ հնարավոր է, Աստված ինձ տվել է հնարավորություն: Շատ լուրջ մարդիկ են այսօր եկել մասնակցելու այս ֆորումին, երբեք չէին գա, եթե չլինեին մեր կապերը, եկել են, որպեսզի օգնեն մեր երկրին: Մենք էլ պետք է ստեղծենք պայմաններ: Պետք է միասնական գործել: Ինչ եղել է, դրանից հետո դնում ենք վերջակետ ու շարժվում ենք առաջ: Ինչ պետք է անել այսուհետ, դա է պետք մեզ միայն հասկանալ:
-Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչնչով մեզ չօգնեց. ԵՏՄ-ի ներքին ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը 0,9 տոկոս է: Դա ինչպե՞ս կբացատրեք:
-Ո՞վ է մեղավոր, որ չեղավ, հիմա մենք հավաքվել ենք, որ այդ մասին խոսենք, որպեսզի մենք ստեղծենք այդ մեխանիզմները: Մենք նստած տեղը ուզում ենք անընդհատ մեղադրենք ինչ-որ մեկին, իհարկե, չի լինի: Իսկ մենք ինչ ենք արել, մենք պետք է պայմաններ ստեղծենք, պետք է երիտասարդությանը առաջ քաշենք, մեր երկրի փայլուն երիտասարդությանը, որ իրենք իմանան, որ այս երկրում հնարավորություն կա զարգանալու: Սերունդը փոխվել է, 25 տարի է անցել, այսպես շարունակել հնարավոր չէ: Մեղք է, չէ՞, ժողովուրդը:
-Դուք հայտարարել էիք քաղաքականություն մուտք գործելու մասին: Բայց կարծես որեւէ շարժ չի նկատվում Ձեր կողմից: Փոշմանե՞լ եք, թե՞ դեռ ունեք այդպիսի մտադրություններ:
-Ես չեմ մոռացել այդ մասին: Բայց այսօր չեմ անդրադառնալու քաղաքականությանը: Դրա մասին կխոսեմ նոյեմբերին:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆ ԱՆՀԱՅՏ է

Ամիսներ առաջ՝ հունիսի 4-ին, Վանաձորի հարկայինի շենքի պայթյունի փորձ իրականացնող անձը կամ անձինք մինչ օրս հայտնաբերված չեն, պարզված չեն նաեւ դրդապատճառներն ու մյուս բոլոր հարցերը, որոնք առաջացան դեպքից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ նշված օրը անհայտ անձը կամ անձինք պայթուցիկ էին նետել հարկայինի շենքի մուտքի դռան առաջ գտնվող աղբամանի մեջ, որը կարճ ժամանակ անց պայթել էր: Արդյունքում վնասվել էին շենքի դռներն ու պատուհանները, նաեւ տանիքի մի հատվածը: Դեպքի պահին տարածված վարկածներից մեկն այն էր, որ հարկայինը փորձել են պայթեցնել կա՛մ այդ կառույցի հետ խնդիրներ ունեցող հարկատուները, կա՛մ էլ ապօրինի աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը: Վանաձորի տարածքային հարկային տեսչության ղեկավարությունը ամեն ինչ արել էր՝ լրագրողների դեմն առնելու համար, որպեսզի կատարվածը չնկարահանվի, մինչդեռ դեպքից ժամեր անց համացանցը արդեն իսկ ողողված էր դեպքի վայրի լուսանկարներով ու տեսանյութերով:
Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով: Մեր տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում քննվել են բազմաթիվ վարկածներ, կատարվել են առգրավումներ ու զննություններ, այդ թվում նշված տարածքն սպասարկած բջջային հեռախոսակապի ալեհավաքների` ելքային ու մուտքային զանգերի վերծանումների զննություններ: Հետաքրքրական է, որ քննչական մարմինը եւս քննարկել ու ստուգել է մարտի 1-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի տարածքային հարկային տեսչության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված ՍՊ ընկերությունների եւ անհատ ձեռներեցների ցուցակները: Ըստ մեզ տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առայժմ չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը, եւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Նկատենք, որ դեպքից երկու ամիս անց՝ օգոստոսի 1-ին, Վանաձորի կամուրջներից մեկից ցած նետվելով՝ ինքնասպան եղավ Վանաձորի հարկայինի իրավաբան Արարատ Կարապետյանը: Այս դեպքի հետ կապված եւս հարուցված է քրեական գործ, որը մինչ օրս բացահայտված չէ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ԿԱՄՐՋԻՑ ՆԵՏՎԵԼՈՎ
Հոկտեմբերի 13-ին Իջեւան քաղաքում 1977թ. ծնված կինը փորձել է իրեն Աղստեւ գետի վրա գտնվող կամրջից ցած նետել: Մինչ այդ նա ինքնասպանության իր մտադրության մասին հեռախոսազանգով հայտնել է ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակից համայնքային ոստիկանին: Իջեւանցի ոստիկանները դեպքի վայր ժամանելով՝ կանխել են կնոջ ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկաններին ասել է, որ կյանքից հեռանալու ցանկություն է ունեցել, քանի որ նախօրեին իր ընկերը ծեծել է իրեն: Երիտասարդ կինը մեկ երեխա ունի: Ոստիկանության Իջեւանի բաժնից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, կատարվում է քննություն:

 

 

ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՆԴԻՐ
Հոկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ հանդիպել են գյուղ այցելած Նոյեմբերյան համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Աբազյանին: Խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր, այդ թվում՝ Բարեկամավանը: Այստեղ խոսակցություններ էին տարածվել, որ համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն այդ գյուղում իր լիազոր ներկայացուցիչ է նշանակել բարեկամավանցի մի երիտասարդի, ինչին համաձայն չէին հավաքված բարեկամավանցիները: Նրանք համայնքի ղեկավարին հորդորել են լիազոր ներկայացուցիչ նշանակել Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանին: Վերջինս սեպտեմբերի 18-ին կայացած Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու էր, սակայն չէր ընտրվել: Ընտրություններում պարտվելուց հետո նա հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Կ. Աբազյանը բարեկամավանցիներին ասել է, որ վերոհիշալ երիտասարդին չի նշանակի իր լիազոր ներկայացուցիչ, սակայն Գարիկ Աբազյանին եւս չի նշանակի այդ պաշտոնում, քանի որ վերջինս իր վստահությունը չի վայելում: Նոյեմբերյան համայնքի ղեկավարը բարեկամավանցիներին հայտնել է, որ լիազոր ներկայացուցիչ կնշանակվի այլ անձ, որն ընդունելի կլինի բարեկամավանցիների համար: Գործող օրենսդրության համաձայն՝ համայնքի ղեկավարն իր լիազոր ներկայացուցիչ նշանակելիս պետք է հաշվի առնի այդ բնակավայրում առկա հասարակական կարծիքը: Նշենք, որ Կ. Աբազյանն արմատներով Բարեկամավանից է, նրա հայրը ծնվել է սահմանամերձ, հեռավոր այդ գյուղում: Կ. Աբազյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 13-ին կայացել է Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում հաստատվել են համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչների հաստիքացուցակները եւ դրույքաչափերը: Լիազոր ներկայացուցիչները գործելու են Նոյեմբերյանի սահմանամերձ 8 գյուղերում: Նրանց աշխատավարձը սահմանվել է 220 հազար դրամ, հարկային պահումներից հետո այդ գումարը նվազելու է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս