Ինչ փոփոխություններ կլինեն նոր Ընտրական օրենսգրքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր եւ վաղը եթե Հայաստանում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության եւ քվեարկության ամփոփման ողջ գործընթացը կտեսագրվի:

Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր հենց ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններին, որոնք բխում են իշխանական կոալիցիայի եւ ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ ու ՕԵԿ համաձայնությունից: Ըստ այդմ, նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասի տարածքը, մուտքը եւ դիմացի հատվածը` 50 մետր շառավղով, պետք է տեսանկարահանվեն եւ իրական (օնլայն) ռեժիմում պետք է համացանցով հեռարձակվեն: Ավելին՝ նախատեսվում է, որ տեսանկարահանված նյութերը ընտրական փաստաթղթերի հետ պետք է պահպանվեն: Մասնավորապես, հիշեցնենք, որ ընտրական փաստաթղթերը պետական արխիվում պահպանվում են հինգ տարի` մինչեւ հաջորդ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալը: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան լուծել, Հայաստանի բոլոր երկու հազար տեղամասերում վերահսկողություն ունենալն է: Այդ վերահսկողության առկայության դեպքում հնարավոր կլինի թոթափել ընտրողների շրջանում վախն առ այն, թե իբր այդ տեսախցիկներով իր քվեարկությունը վերահսկելու են: Իսկ առանց վերահսկողության ընտրողները տեսախցիկների ներքո կգնան տեղամաս եւ կքվեարկեն իշխանությունների օգտին:

Իրականում եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան ընտրական բոլոր տեղամասերը վերահսկել, ապա տեսախցիկների գործոնն ընդամենը կդառնա լրացուցիչ փաստական տվյալների շտեմարան: Այլ կերպ ասած՝ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերի վստահված անձինք տեղամասերում վերահսկողություն կիրականացնեն, եւ այդ ընթացքում օրինախախտումներ տեղի կունենան, նրանք հնարավորություն կունենան իրենց հետ տեղի ունեցածն ապացուցել` վեր հանելով այդ տեղամասի տեսագրությունները:
Հաջորդ խնդիրը, որը այս փոփոխություններով փորձ է արվում լուծել, ընտրողների կողմից ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելն է: Նախկինում, մինչեւ ընտրողների ստորագրած ցուցակները «գաղտնի» փաստաթուղթ դարձնելը, ինչը տեղի ունեցավ 2003-ի նախագահական ընտրություններից հետո, ընտրողների ստորագրած ցուցակների պատճենները փակցվում էին տեղամասերում: ԸՕ փոփոխություններով ստորագրված ընտրական ցուցակները քվեարկության հաջորդ օրը կսկանավորվեն եւ կտեղադրվեն ԿԸՀ կայքում ու ցանկացողները հնարավորություն կունենան դրանք բեռնել եւ ուսումնասիրել:

ԸՕ ներկա փոփոխություններով առաջարկվում է ներդնել հատուկ վարչարարությունը` ուրիշի փոխարեն քվեարկության մասին դիմում ներկայացնելու դիմումներ ներկայացնելու համար: Այլ կերպ ասած՝ ընտրողը, կուսակցության վստահված անձը կամ ընտրական հանձնաժողովի անդամը եթե տվյալներ ունեն ուրիշի փոխարեն քվեարկության մասին, նրանք կարող են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրավոր դիմում ներկայացնել: Այս «նորամուծության» խոցելի կողմերից մեկն այն է, որ դիմումատուն նախազգուշացվելու է սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ որեւէ քաղաքացի չհիմնավորված դիմում ներկայացնի առ այն, որ Հայաստանից բացակայող ինչ-որ մեկի փոխարեն ուրիշը քվեարկել է, բայց պարզվում է՝ բերված տվյալներն իրականությանը չեն համապատասխանել, ապա նա կարող է պատասխանատվության ենթարկվել` ընտրակեղծարարության մասին սուտ տվյալներ հաղորդելու համար:

Այսինքն՝ սուտ մատնության համար նախազգուշացնելը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ, որպեսզի ուրիշի փոխարեն քվեարկության մասին տվյալներ ունեցողները մի պահ մտածեն, նոր դիմում ներկայացնեն: Մյուս կողմից էլ, եթե այդպես չլինի, ապա ամենեւին էլ բացառված չէ, որ բազմաթիվ մարդիկ կգտնվեն, որոնք հենց այնպես` առանց կոնկրետ փաստի, դիմումներ կներկայացնեն իրենց հայտնի բացակայողների փոխարեն քվեարկելու մասին, եւ արդյունքում ընտրական ողջ գործընթացը շիլաշփոթի կվերածվի:

Ինչեւէ, կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխիքը լինելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից տեղամասերն ամբողջությամբ վերահսկելը, ինչի մասին վերջին երկու տարիներին պարբերաբար խոսվում է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս