«Կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ». ո՞ր կուսակցության հետ է համագործակցելու Ստեփան Դեմիրճյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 1-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից փորձել էինք պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններում նա որ կուսակցությունների հետ կհամագործակցի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ստեփան Դեմիրճյանը ասել էր. ««Հայ ազգային կոնգրեսի» հետ ունենք դաշինքային, կարելի է ասել, համագործակցություն, բնականաբար կա սերտ համագործակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, աշնանը»:
Աշունն արդեն կիսվել է, եւ «Ժողովուրդ»-ը Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեց նրա ապագայի պլանների, մասնավորապես՝ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցության մասին:

-Պարո՛ն Դեմիրճյան, 2017-թ. ԱԺ ընտրություններում ո՞ր կուսակցության հետ կհամագործակցեք, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմե՞ք, թե՞ այլ կուսակցությունում եք տեսնում Ձեզ:

-Ձեր հարցին ավելի կոնկրետ կանդրադառնամ, կպատասխանեմ մինչեւ տարվա վերջ, կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք: Բնականաբար դաշինքը պետք է ձեւավորվի ընդդիմադիր դաշտում: Բայց հիմա եկեք կոնկրետ կուսակցությունների անուններ չտանք, կլինեն համապատասխան քննարկումներ: Կրկնում եմ՝ կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ այս հարցը լուծված կլինի:

-Իսկ ո՞ր ուժերին եք համարում ընդդիմադիր, օրինակ՝ ՀԺԿ-ն ընդդիմություն համարո՞ւմ է անվանափոխված ՕԵԿ-ին, այսինքն՝ «Հայկական վերածնունդ»-ին, եւ հնարավո՞ր է, որ այդ ուժի հետ դաշինք կազմելու տարբերակը եւս դիտարկեք:

-Եկեք հիմա կոնկրետ կուսակցությունների մասին չխոսենք, կրկնում եմ՝ համապատասխան քննարկումներ կլինեն համապատասխան կուսակցությունների հետ, եւ ես կոնկրետ կպատասխանեմ Ձեր հարցերին ավելի ուշ՝ տարեվերջին: Հիմա անհատական կուսակցություններին չանդրադառնանք, լա՛վ:

-Հոկտեմբերի 14-15-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երանում մասնակցեց իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին: Վերջինս անդրադառնալով իր՝ քաղաքականություն մուտք գործելուն՝ ասել էր, թե այդ մասին կխոսի նոյեմբերին: Հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա «Հայկական վերածնունդ»-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արա Աբրահամյանը, ով Ձեր խնամին է, ֆինանսավորում է «Հայկական վերածնունդին»:

-Խնդրում եմ՝ իր պլանները ճշտել իրենից, կրկնում եմ՝ ես կոնկրետ կպատասխանեմ Ձեր հարցերին ավելի ուշ՝ տարեվերջին:

-Իսկ Դուք նրա հետ հանդիպե՞լ եք, հնարավո՞ր է՝ իր հետ համագործակցեք:

-Կրկնում եմ՝ իր ծրագրերը ճտեք իրենից, իր հետ խոսեք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս