80 քննիչ երկու ամսում երկու ժամ են աշխատել, իսկ դատավորը դա գնահատում է բավարար. Տիգրան Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն հացադուլը դադարեցրած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր դժոգոհությունն է հայտնում նշելով, որ իր պաշտպանյալին առաջադրվել է անհեթեթ մեղադրանք և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմնավորում չկա:

Պաշտպանի խոսքով` Առաջին ատյանի դատարանը ընդունել է անհիմն որոշում, սակայն Հայաստանում ընդունված կարգի համաձայն, մնացած դատարանները չեն բեկանում այդ որոշումը. «Զավեշտալի կետեր էլ առկա այստեղ, երբ Եղնուկյանի գործով զբաղվող 80 քննիչները շուրջ երկու ամսվա ընթացքում 720 ժամ աշխատանք իրականացնելու փոխարեն աշխատում են երկու ժամ, իսկ դատարանը դա գնահատում է որպես պատճաշ կատարված աշխատանք: ես գտնում եմ, որ նման որոշում կայացրած դատավորին պետք է պատասխանատվության ենթարկել, ով երկու ամսվա մեջ երկու ժամ աշխատելը համարում է պատշաճ իրականացված գործողություն»:

Տիգրան Հայրապետյանը դատարան էր դիմել բողոքարկելով դատախազի անգործությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը, փաստաբանը դատարան է դիմել նաև քննիչի անգործությունը բողոքարկելու հարցով, նա նշում է, որ սահմանափակել են իր պաշտպանյալի հիմնարար ազատատությունները. «Եղնուկյանը շատ կապված է ընտանիքի անդամների հետ, սակայն նրան թույլ չեն տալիս տեսակցել անգամ իր երեխաներին: Նա սա համարում է իշխանությունների հաշվեհարդարը: Մենք կանգ չենք առնի և կհասնենք մինչև Եվրոպական դատարան»:

Իրավապահները վկայակոչում են Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, որ նա տեղեկություններ է տարածել, թե ՊՊԾ գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում և այդ կերպով խոչընդոտել է իրավապահների աշխատանքին, բացի այդ նա գրել, որ իրավապահների փոխանցած սննդից «ծռերը» թունավորվել են:

Եղնուկյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, փաստաբանի խոսքով նրան մեղադրում են գոյություն չունեցող հանցագործությանը աջակցելու մեջ:




Լրահոս