Պետական անփութություն. ինչո՞ւ չի վերահսկվում կեղծ տոմսերի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է` ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ է տարածում այն մասին, որ Երեւանում միջոցառումների կեղծ տոմսեր են վաճառվել քաղաքացիներին:

Այսպես՝ նախ` հոկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ մի խումբ անձինք իրացրել են ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր: Կեղծ միջոցառումը պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի: Մինչդեռ թատրոնում նման երեկո՝ նշված օրերին, ընդհանրապես նախատեսված չի եղել: Եւ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ապա բառացիորեն նույնաբովանդակ հայտարարությամբ ՀՀ ՔԿ-ն հանդես եկավ երեկ, այս անգամ, սակայն, կեղծ տոմսերը նվիրված էին ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հորինված համերգին: Այս դեպքում եւս քաղաքացիներին կեղծ տոմսեր իրացնողներն անհայտ անձինք են, որոնք միջոցառման տեղը կրկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնն էին ընտրել: Գուցե երկու դեպքում էլ քաղաքացիներից գումար կորզողները նույն անձինք են, դեռեւս վաղ է ասել, սակայն ձեռագիրը, ըստ նախնական տվյալների, նույնն է:

Մշակութասեր հանրության համար քիչ էր արատավոր պրակտիկան, որ հայտնի աստղերի համերգներն էին հետաձգվում, ապա տոմսերի վերադարձն էր անլուծելի խնդիր դառնում, հիմա էլ նոր երեւույթ է ի հայտ եկել: Նախ հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում մի քանի անգամ չեղյալ հայտարարվեցին աշխարհահռչակ մի քանի կատարողների համերգներ: Սկզբում հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտին չեղյալ հայտարարեց ապրիլին Հայաստանում կայանալիք համերգը, ապա նրա երկրպագուները փաստի առաջ կանգնեցին. տոմսերի վերադարձը դարձավ հանրային լայն քննարկումների թեմա, անլուծելի խնդիր: Մի քանի փուլով իրականացված գործընթացը սեպտեմբերի 26-ին, կարծես թե, ավարտվեց: Բանն այն է, որ տոմսերի վաճառքն իրականացրած ընկերությունը` «Ֆորպոստարտ»-ը, հայտարարել էր, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում եւ ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը եւ ժամը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են կարողացել օգտվել այս տարբերակից եւ, ըստ այդմ, զրկվել են տոմսի համար նախապես վճարված գումարները ետ ստանալու իրավունքից: Սրանից առաջ չեղյալ էր հայտարարվել նաեւ ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը: Ի դեպ, համերգի «տապալման» մասին երգչուհու երկրպագուներն իմացել էին միայն համերգի օրը` մարզահամերգային համալիր այցելելուց հետո: Այստեղ հանդիսատեսին հուզում էր այն հարցը, թե ինչու տեղում չէին վերադարձվել տոմսերը: Պարզաբանումը եղել էր այն, որ համերգը տեղափոխվել էր մինչեւ ապրիլի 6-ը: Այս օրն էլ համերգը չիրականացվեց եւ տեղափոխվեց մինչեւ մայիսի 23-ը: Խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր տոմսերը տոմսարկղերից չէին գնել, այլ մասնավոր կազմակերպություններից, զրկվել էին դրան ներկա գտնվելու հնարավորությունից: Իսկ նրանց գումարները, չնայած բուռն քննադատություններին եւ բողոքներին, այդպես էլ չվերադարձվեցին:

Այսպիսով՝ կարող ենք գալ այն եզրահանգման, որ մասնավոր կազմակերպություններից ձեռք բերված տոմսերը երաշխիք չեն կարող լինել, որ միջոցառումների հետ կապված փոփոխությունների դեպքում քաղաքացիները փաստի առաջ չեն կանգնի: Տոմսավաճառ մասնավոր կառույցները, սակայն, միակ խնդիրը չեն այս ոլորտում: Ինչպես տեսնում ենք` կեղծ տոմսերի վաճառքը եւս դարձել է օրհասական խնդիր: Իսկ ինչու չի վերահսկվում կեղծ տոմսերի վաճառքը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ պետական մարմինները, դժվար է հստակ պատասխան տալ, համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ներկայացուցչի պարզաբանումից պարզ դարձավ, որ այդ պրակտիկան որեւէ կերպ չի վերահսկվում: Այսպես՝ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տեղեկատվության կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանի հետ, ով հայտնեց, որ թատրոնի ղեկավարությունը կատարվածի առնչությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն: Պարզվում է` քաղաքացիները համերգի` իրենց հայտնի օրն այցելել են թատրոն, որտեղ էլ պարզել են, որ ցանկում Ջիգարխանյանին նվիրված միջոցառում չկա: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ թատրոնի տոմսարկղում վաճառվում են միայն իրենց միջոցառումների տոմսերը, այլ միջոցառումների համար նախատեսված տոմսերը ձեռք են բերվում այլ վայրերից: Եվ, մասնավորապես, Խանամիրյանին եւ Ջիգարխանյանին նվիրված համերգներ թատրոնը չի նախատեսել: Հետեւաբար, ինչպես ներկայացրեց Վ. Զաքարյանը, դրանք միանշանակ իրենց մոտից դուրս չեն եկել: Այդուհանդերձ, պարզվում է` նշված կեղծ տոմսերի վաճառքի վայրը դեռեւս հայտնի չէ: Ավելին՝ հայտնի չէ նաեւ կեղծ տոմսերի արժեքը:

Ի դեպ, Վահագն Զաքարյանը հայտնեց նաեւ, որ նմանատիպ դեպքեր Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում երբեւէ չեն եղել. այս պատմությունը նորություն է թատրոնի համար: Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունից: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը նախարարությունում երեկ տեղի ունեցած թռուցկաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ պետք է պարտադիր ներդրվի միասնական տոմսային համակարգը: Նախարարը, մասնավորապես, ասել է. «Շահարկումներն ու անհարկի խոչընդոտներ ստեղծելն այլեւս ավելորդ են, եւ շատ լավ հասկանում եմ, թե ինչ են նշանակում դրանք: Զգուշացրե՛ք ձեր ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություններին (թատրոններն են, կինոթատրոնները, համերգասրահները, թանգարանները, պատկերասրահները…), որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է, եւ որ անիմաստ են այս կարգի խոսակցությունները. կառավարության որոշում չկա, բայց նախարարությունը ստիպում է: Այո՛, այդպես է լինելու»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարի հրամաններն ուսումնասիրելուց հետո պարզեց, որ տոմսերի վաճառքի մասով որեւէ որոշում երբեւէ չի կայացվել: Այսինքն` համերգային եւ այլ միջոցառումների տոմսերի վաճառքը տարիներ շարունակ անվերահսկելի եւ չկառավարվող երեւույթ է եղել: Հուսով ենք` վերջին դեպքերը խրատ կլինեն պետական կառույցների համար, եւ ոլորտը կառնեն խիստ վերահսկողության տակ:

Հ. Գ.  Մշակույթի նախարարությունը սոցացնցի իր էջում այսօր անդարադարձել է վերոհիշյալ խնդրին.«ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած միասնական տոմսային համակարգի ներդրումը լավագույն եղանակն է՝ բացառելու կամ նվազեցնելու նաև կեղծ տոմսերի վաճառքի այնպիսի ռիսկեր, ինչպիսիք, ՀՀ քննչական կոմիտեի երեկվա հաղորդագրությունից դատելով, տեղի են ունենում մեր երկրում:

Այսպես. իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը պարզելու համար:

Քաղաքացիների վստահությունը չարաշահելով, մի խումբ անձիք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել», ասված է հաղորդագրության մեջ։

Տաթեւ Հարությունյան




Լրահոս