ՇԱՀԱՐԿՈՒՄ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական եւ հատկապես ազատամարտիկների շրջանում վերջին օրերին հաճախակի կարելի է լսել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնավարող իրենց մարտական ընկերները հորդորում են միավորվել իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի շուրջ, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի է պատրաստվում: Երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Եթե քառօրյա պատերազմը եղած չլիներ, ապա միանշանակ կարելի էր պնդել, որ վերը նշված լուրերը միտումնավոր են շրջանառության մեջ դրվում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական պայքարը զսպելու համար: Նախորդ ԱԺ եւ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը, թշնամու գործոնը մշտապես շահարկել են: Ուստի դժվար է ասել՝ ներկա իրավիճակը հերթական շահարկման փո՞րձ է, թե՞ մտահոգության իրական դրսեւորում: Ամեն դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես տեղեկություններ ունեն Ադրբեջանի կողմից մոտալուտ ագրեսիա սկսելու մասին, ապա ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ քայլեր պետք է կատարեր նման ագրեսիան կանխելու ուղղությամբ: Նման քայլեր մենք այս օրերին չենք տեսնում, ուստի կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի մասին լուրերը մի փոքր չափազանցված են:
Ինչեւէ: Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: «Մենք ամեն րոպե հետեւում ենք հակառակորդի բոլոր քայլերին եւ միշտ պատրաստ ենք համապատասխան գործողությունների»,- պատասխանեց Հովհաննիսյանը:

 

 

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետեւել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են: Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 24-ին: Խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը պետք է քննարկի եւ որոշում կայացնի հինգօրյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով եկող չորեքշաբթի Աժ արտահերթ նիստ կհրավիրվի:

 

 

 
ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում է փոխել մաքսային ծառայության գործելաոճը: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են: Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է: Վարդան Հարությունյանը նաեւ պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի: Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավո ընկերությունները: Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն: Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման եւ ներկրման գործընթացները: «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների եւ սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության եւ կոռուպցիոն երեւույթների դեմ»:

 

 

 
Տեւական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս եւ «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին: «Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը: Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը: Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես պատճառաբանեց. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»: Շարունակությունը` 2-րդ էջում:

 

 

 
ԳԱՂՋԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԸՕ փոփոխությունների նախագծի երեկվա քննարկմանը հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը ընդգծել է, որ նոր օրենսդրությամբ սուտ հայտարարություններ եւ կեղծ դիմումներ ներկայացնողների դեմ կոշտ գործիքներ են մտցրել: «Չպետք է այնպես անել, որ կեղծ հայտարարություններով տպավորություն ստեղծեն, թե ընտրություններն անցել են կեղծիքներով: Կեղծ հայտարարություն անողին, եթե կարողացան ապացուցել, որ հավաստի չէ այդ հայտարարությունը, սպառնում է քրեական պատիժ՝ 2-3 տարի ազատազրկում»,- ասել է նա:
Այսպիսով՝ փոխանակ ընտրությունները թափանցիկ անցկացնելու պետության պոզիտիվ պարտավորության իրագործման մեխանիզմները կատարելագործելու, իշխանությունները փորձ են անում ի սկզբանե կոշտ քրեական պատասխանատվություն սահմանելով՝ կանխել ընտրախախտումների մասին բարձրաձայնումները: Անշուշտ, քիչ չեն դեպքերը, երբ տարբեր ուժերի, դիտորդների կամ, ինչու ոչ, լրատվամիջոցների կողմից արվում են չճշտված ահազանգեր: Չի բացառվում անգամ, որ դա երբեմն էլ արվի հատուկ նպատակով, ինչը, բնականաբար, անընդունելի է: Սակայն արդյոք պետության առաջնային մտահոգությունը պետք է լինի այդ ահազանգերի վերացումը, առավել եւս, որ դրանց ապացուցման գործառույթները վերը նշված շրջանակների լիազորություններից դուրս են: Դրա համար, ինչպես գիտենք, կան քննչական մարմիններ, դատախազություն, որոնք շատ արագ բացահայտում են՝ երբ այս կամ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Միթե ազատ եւ արդար ընտրությունների անցկացման գերնպատակ հետապնդող իշխանություններին չպետք է մտահոգի այն, որ ի սկզբանե քրեական հաշվեհարդարով սպառնալով՝ «երեխային էլ կարող են ջրի հետ դուրս նետել», ասել է թե՝ առանց այդ էլ ցածր իրավագիտակցություն ունեցող մեր քաղաքացիների մեծ մասը այսուհետ առհասարակ չի համարձակվի բարձրաձայնել անգամ աղաղակող ընտրախախտումների մասին՝ մտավախություն ունենալով վերջնարդյունքում հայտնվել քավության նոխազի դերում: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր իրականությունում քաղաքացիները հաճախ անգամ իրենց ներկայությամբ կատարվող հանցագործությունները գերադասում են չտեսնելու տալ, քանզի որեւէ երաշխիք չունեն, որ բարձրաձայնելու դեպքում չեն հայտնվի քաշքշուքների եւ, անգամ, իրավապահների ճնշումների ներքո:
Եվ հիմա, փաստորեն, սուտ մատնության «մահակը» կիրառելով՝ փորձ է արվելու համատարած կերպով փակել դիտորդների եւ ԶԼՄ-ների բերանները, քանի որ ընտրական գործընթացներում ոչ միշտ է, որ հաջողվում է փաստացի արձանագրել խախտումները: Եթե սա է Սերժ Սարգսյանի ասած քաղաքական նոր մշակույթը, ապա արձանագրենք, որ նա իրավացի է. քաղաքական նման բարեփոխումները հաստատ կփոխեն մեր պետության զարգացման ընթացքը: Հիրավի, եթե նման մոտեցում կիրառվի բոլոր բնագավառներում, ապա գաղջ մթնոլորտն իսպառ կվերանա, քանի որ երբ գաղջը համատարած է եւ ամենուր, այն այլեւս դառնում է սովորական:




Լրահոս