ԳԱՂՏՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական այս ընտրություններում կարծես թե բոլոր հնարավոր սկանդալներն արդեն տեղի են ունեցել: Բավական է ասել, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն գործարար Դոնալդ Թրամփն է` ամերիկյան իրականության ամենահակասական կերպարներից մեկը: Հերթական խայտառակությունը պատեց ամերիկյան ընտրարշավին, երբ հրապարկվեցին մի շարք գաղտնի ձայնագրություններ` նպատակ ունենալով սեւացնել Հանրապետական կուսակցության թեկնածուին:

Հարկ է հստակորեն արձանագրել, որ Դոնալդ Թրամփը նախագահության թեկնածուի կարգավիճակին է հասել միանգամայն արդար ճանապարհով` ի հեճուկս կուսակցական բոսերի ամենատեսակ խոչընդոտների: Հենց միայն այն փաստը, որ Թրամփին ընտրել է ավելի քան 14 միլիոն մարդ (ռեկորդային թիվ Հանրապետական կուսակցության քվեարկությունների պատմության ընթացքում), արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Երբ հաշվի ենք առնում Թրամփի բնավորության բռնազբոսիկությունը, ագրեսիվությունն ու անկանխատեսելիությունը, նրա ընտրությունը դառնում է հակաքաղաքագիտական: ԱՄՆ-ում գոյություն ունեցող քաղաքական ու կառավարման համակարգի պայմաններում Թրամփը որեւէ գործնական շանս չպետք է ունենար այդպիսի բարձր աստիճանի հասնելու համար: Սակայն կարծես ինչպես ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում էլ այս տարի քաղաքական համակարգի ճգնաժամ է, որը ծագել է առաջին հերթին պետության վերնախավի ինքնահաճ եւ ինքնանպատակ գործունեության արդյունքում:
ԱՄՆ-ում վերջին շաբաթը փոթորկվում է հանրապետականների թեկնածու Թրամփի մասնակցությամբ գաղտնի տեսաձայնագրությունների հրապարակումներով: 10-15 տարի առաջ ձայնագրված նյութերը այսօր ակնհայտորեն հրապարակվում են Քլինթոնների ցանկությամբ եւ հստակ ուղղորդմամբ` նպատակ ունենալով արժեզրկել Թրամփին լայն ընտրողների շրջանում: Իրեն պատիվ չբերող ձայնագրություններում Թրամփը անվայելուչ արտահայտություններ է թույլ տալիս կանանց հասցեին, որոնք ԱՄՆ տարբեր վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կողմից որակվեցին «սեռական ոտնձգություն» եզրույթով: Այդպիսի կարծիք հայտնեց նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Թրամփը քանիցս ներողություն խնդրեց իր խոսքերի համար` շեշտելով, որ ամաչում է նախկինում արած իր այդ ձեւակերպումների համար: Թրամփի կերպարը հաշվի առնելով` շատերը չհավատացին նրա զղջումներին: Այդպիսի թերհավատությունն էլ հանգեցրեց նրան, որ արդեն 6 կին մամուլի միջոցով հրապարակայնորեն հայտարարել է, որ Թրամփի սեռական ոտնձգության զոհն է դարձել: Նրանք պնդում են, որ Թրամփը դիպչել է իրենց, համբուրել եւ նմանատիպ այլ գործողություններ կատարել առանց իրենց ցանկության: Համաձայնեք, որ նման մեղադրանքները նույնիսկ դուրս են գալիս բարոյականության ոլորտից` թափանցելով իրավական հարթակ: Սակայն տարօրինակորեն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն չի սկսում Թրամփի պահվածքի նկատմամբ, ինչը փաստում է, որ այսպիսի արշավը սոսկ քաղաքական է եւ վերահսկվում է Քլինթոնների կողմից: Ելնելով Թրամփի` մեկ շաբաթ առաջ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սիրուհիների հետ համատեղ կայացած ասուլիսի փաստից` զարմանալի չէ, որ Քլինթոններն էլ պեղել եւ գտել են Թրամփի «զոհերին»: Ի դեպ, նման պրակտիկան ԱՄՆ-ում խիստ տարածված է, երբ թեկնածուներից մեկը իջեցնում է պայքարի որակական սանդղակը, մյուսն այլեւս իր հերթին կաշկանդված չէ բարոյական չափանիշներով:
Նմանօրինակ ծանրագույն մեղադրանքներից հետո բնական է, որ Թրամփը պիտի հանդես գար պաշտպանողական հայտարարություններով: Ձայնագրությունների հրապարակման ողջ մեղքը բարդելով Քլինթոնների վրա` գործարարը նաեւ կեղծիք որակեց այդ կանանց հայտարարությունները: Թրամփը խոստացել էր ապացույցներ հրապարակել, որոնցով հստակ կդառնար իր անմեղությունը: Ծանակելով նաեւ իր դեմ մեղադրանք ներկայացրած կանանց` Թրամփն իր վերջին հանրահավաքներից մեկում ամբոխին կոչ էր անում ուշադիր նայել այդ կանանց տեսքին: Նա ակնարկում էր, որ այդ կանայք այնքան էլ հմայիչ չէին, որոնցով ինքը պիտի հրապուրվեր: Թրամփը հատկապես ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր դեմ մեղադրանքները տարածվում են դեմոկրատների ազդեցության ներքո գտնվող ԶԼՄ-ների միջոցով (օրինակ` «Նյու Յորք Թայմս», «Փիփլ Մեգըզին», «Փալմ Բիչ Փոսթ» են), ինչը հուշում է իր հանդեպ քաղաքական հաշվեհարդարի մասին:
Իրավամբ, քաղաքական պայքարում գաղտնի ձայնագրությունների հրապարակումը գերազանցապես տեղի է ունենում հավատարիմ ԶԼՄ-ների միջոցով: 2007թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, եւ իշխանությունների մտահղացմամբ նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին վարկաբեկող ձայնագրություն էր հրապարկվել «Գոլոս Արմենիի» թերթում: Հրապարակումից անմիջապես հետո իշխանությունները` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կատաղի արշավ սկսեցին Բաղդասրյանի դեմ` վերջինիս մեղադրելով պետական դավաճանության մեջ: Նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանն անձամբ հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը դավաճանել է Հայաստանին, եւ մեկ անգամ դավաճանողը անխուսափելիորեն դավաճանելու է նաեւ հաջորդ անգամներում: Ի դեպ, բազմաթիվ ընտրողներ չհավատացին Քոչարյանին եւ 2008թ. մարտի 1-ի նախօրյակին հերթական անգամ մեծագույն հիասթափություն ապրեցին: Հետաքրքիր է, որ այդ օրերին ամերիկյան դիվանագետների հետ զրույցներում Քոչարյանի բառապաշարը լիովին սատարող Սերժ Սարգսյանի համար ամիսներ անց Բաղդասարյանն այլեւս դավաճան չէր, այլ ազգային անվտանգության խորհրդի արժանի քարտուղար: Հատկանշական է, որ այնժամ ՕԵԿ-ի ղեկավարն իր հերթին դատապարտելի ու անընդունելի էր համարել իր հանդեպ տարվող արշավը: Ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, տուժող կողմը աղավաղված է որակում ձայնագրությունը` պնդելով, որ այն կտրված է հիմնական կոնտեքստից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հովհաննես Հովսեփյանի վերջին վատությունը բիզնես շրջանակներում բողոքի եւ դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել: Անցած շաբաթ երրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված աղմկահարույց նոր Հարկային օրենսգիրքն արդեն տալիս է բացասական արդյունքը:
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների կողմից վճարելիք պետական տուրքի շուրջ առաջացած աղմուկին: Ինչպես հայտնի է՝ 5 անգամ բարձրացվել է պետական տուրքը՝ ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպման յուրաքանչյուր լիցենզիայի ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ, այսինքն՝ մեկ կազմակերպությունը, որը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր, պետք է ընդհանուր, ամեն տարի վճարի 1 միլիարդ ՀՀ դրամ պետական տուրք:
Նախ տեղեկացնենք, որ առցանց խաղատները եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունները նույն դաշտում են գործում: Եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի, իսկ ինչի հաշվին, բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Բայց խնդիրը միայն դա չէ: Առաջացած մտահոգությունների պատճառն այն է, որ, ըստ էության, նախագծով շուկայում մենաշնորհ հաստատելու նախադրյալներ են ստեղծվում, քանի որ այսօր այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո» ՍՊԸ-ն միայն կկարողանա վճարել սահմանված ահռելի պետտուրքը: «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները գուցե փակվեն, քանի որ չունեն այդքան շրջանառություն:
Իսկ ինչպես է կայացվել չարաբաստիկ որոշումը: «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախագծի շուրջ որեւէ քննարկում, այդ թվում` ոլորտի մասնագետների եւ ներկայացուցիչների հետ տեղի չի ունեցել: Ընդամենը մի գիշերվա ընթացքում հնչել է առաջարկն, ու կայացվել նախագիծն առաջ քաշելու որոշումը: Կայքերից մեկն արդեն գրել է, որ այս ամենի հետեւում կանգնած է եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանը: Չի բացառվում, որ նա կոնկրետ շահագրգռվածություն է ունեցել «Վիվառո» ՍՊԸ-ի կողմից եւ որոշել է այդ ընկերությանը «մի քանի միլիոնի լավություն անել»: Ինչի դիմաց էլ հավանաբար այդ ընկերությունն է «մի քանի միլիոնի լավություն արել» ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանին: Դժվար է այլ դրդապատճառ պատկերացնել, քան բոլորին հայտնի «լավությունները», որը կստիպեր ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանին հրահանգել մեկ գիշերվա մեջ Հարկային օրենսգրքի նախագծում գաղտագողի ավելացնել պետական տուրքի հինգանգամյա ավելացման «անվնաս» կետը:
Ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ պետտուրքի բարձրացումը նպատակ ունի 4 միլիարդ մուտք ապահովել պետբյուջե, սակայն ֆանտաստիկ գիտելիքներ պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ նման գումար շուկայում չի շրջանառվում, այդ թիվը հնարովի է:
Եվ հերթական անգամ պետք է փաստենք, որ մենաշնորհը վերացնելու կամ գոնե նվազեցնելու բարձրագոչ հայտարարություններ անող ՀՀ նոր կառավարությունը չի խախտում ավանդույթը` զարկ տալով երկրում մենաշնորհների զարգացմանը: Արդյունքում` ունենք անլուծելի փաստի առաջ կանգնած բազմաթիվ գործարարներ, IT ոլորտի մասնագետներ, որոնք իրենց աշխատանքը հավանաբար կկորցնեն:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հովհաննես Հովսեփյանից, սակայն նրա հետ կապվելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: ՊԵԿ նախագահի պաշտոնից դուրս գալուց հետո նրան անհնար է գտնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
«ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԳՈՂԱՑԵԼ Է
Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի զինծառայող Նորայր Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 90ա հասցեում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գրասենյակ եւ այնտեղից գողացել զգալի չափերով՝ ընդհանուր 96 հազար 900 դրամ արժողությամբ պլանշետ եւ ինտերնետային կապի 3 մոդեմ՝ իրենց լրակազմով: Ն. Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Այդ հոդվածով բնութագրվող գործողությունը պատժվում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ն. Նիկողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ԲԱՑՈՒՄԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 10-ի երեկոյան Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի աշխատողները տեղափոխվել են նորակառուց համալիր: Տեղեկություններ կային, որ նոր մաքսակետի բացումը կկատարվի հոկտեմբերի 19-ին, սակայն բացման հանդիսավոր արարողությունը հետաձգվել է մինչեւ նոյեմբեր ամիս: Տեխնիկապես խիստ հագեցած նոր մաքսակետը, որն իրենից ներկայացնում է մի քանի շենքերից բաղկացած համալիր, դյուրացնում է մարդկանց, ավտոմեքենաների տեղաշարժը դեպի Սադախլոյի մաքսակետ եւ հակառակ ուղղությամբ: Նոր մաքսակետի առավելությունները զգացել են նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր արտերկիր են մեկնել Բագրատաշենի անցակետով: Հոկտեմբերի 12-ին Բագրատաշենի նոր մաքսակետում են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով՝ նրանք մեկնել են Երուսաղեմ: Բագրատաշենի նոր մաքսակետի հանդիսավոր բացումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Ինչպես կարեւոր այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություների պարագայում, մաքսակետի բացմանը ներկա կլինի նաեւ Սերժ Սարգսյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս