«ԵԹԵ ԱՐԱՄՈՆ ՄԱՂԱՐԻՉ ԱՆԻ, ԿԽԱՂԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը մտադիր է շուտով ընդգրկվել խաղացանկային թատրոններից մեկում եւ աշխատել իր մասնագիտությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է ասպարեզում կատարվող փոփոխությունների հետ կապված իր հույսերի մասին, նշել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ` հայ թատրոնը «երիտասարդացնելու» համար:

-Սուրե՛ն, որքան տեղյակ ենք` Էմմա Պետրոսյանը նոր պիես է գրել, որի բեմադրիչը կրկին Դուք եք (ավելի վաղ ռեժիսորը բեմադրել էր Է. Պետրոսյանի «Սեւ, դառը շոկոլադ» պիեսը, հեղ.): Կպատմե՞ք այդ մասին: Պիեսում էլի կին-տղամարդ հարաբերություննե՞րն են արծարծվում:
-Փակագծեր դեռ չեմ բացի, բայց ասեմ, որ պիեսը ստեղծման փուլում է, դրա վրա տարվում են աշխատանքներ: Դրա միջոցով անդրադարձ կկատարվի ոչ միայն կին-տղամարդ հարաբերություններին, այլեւ մի շարք այլ համամարդկային թեմաների, որոնք մեծ մասամբ կապված են մարդու խղճի հետ: Խոսքն այնպիսի ստեղծագործության մասին է, որը մտորելու եւ սեփական կյանքը վերանայելու տեղիք կտա հանդիսատեսին:
-Իսկ նոր ներկայացման մեջ, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ում, Արամոյին կտեսնե՞նք:
-Դեռ չենք որոշել՝ Արամոն կխաղա, թե ոչ, բայց եթե մեզ հետ լավ հարաբերությունների մեջ լինի, մաղարիչ անի եւ կարողանա իրեն արդարացնել, կարծում եմ` կխաղա (ծիծաղում է): Առհասարակ, մենք դեռ չենք որոշել` ովքեր են լինելու դերակատարները:
-Ամիսներ առաջ Ռումինիայի «Tony Bulandra» թատրոնում բեմադրեցիք Շեքսպիրի «Օթելլոն», մասնակցեցիք «Babel Fast 2016» միջազգային փառատոնին եւ արժանացաք «Լավագույն ռեժիսոր» մրցանակի: Ձեր առջեւ ի՞նչ նոր դռներ բացեց այս հաջողությունը: Փաստորեն, դրսում նման ձեռքբերումներ ունեք, իսկ ներսո՞ւմ:
-Ասեմ, որ վերջին շրջանում բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրում: Մոտ ապագայում «Օթելլոն» կներկայացնենք նաեւ Ալժիրում: Հուսով եմ` հաջորդ տարի հնարավորություն կլինի այն ցուցադրել նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է ներսում ծավալելիք գործունեությանս, ասեմ, որ շուտով կսկսեմ որպես ռեժիսոր աշխատել որեւէ թատրոնում: Բոլորը գիտեն, թե ես ինչ հարաբերություններ ունեի մշակույթի նախկին նախարարի հետ, իսկ հիմա, կարծես, շատ բան է փոխվել. ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում:
-Ո՞ր թատրոնում եք Ձեզ տեսնում:
-Որեւէ խաղացանկային թատրոնում: Տեւական ժամանակ է` ոչ մի թատրոնում որպես ռեժիսոր չեմ աշխատել:
-Կա՞ ներկայացում, որ ցանկանում եք բեմադրել:
-Այո, կան դասական հեղինակներ, որոնց կուզենայի անդրադառնալ, բայց դեռ չեմ ուզում փակագծեր բացել: Մոտ ապագայում այդ մասին անպայման կիմանաք:
-Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փորձում է Ձեր դաշտում բարեփոխումներ իրականացնել: Որպես երիտասարդ կադր` ի՞նչ եք կարծում` որտեղից է հարկավոր սկսել:
-Հարկավոր է թատրոնները «երիտասարդացնել», իսկ դրա համար պետք է ի հայտ գան պրոդյուսերներ: Նրանք պետք է փոխարինեն խորհրդայի տարիներից մնացած տնօրեններին, որոնք 50 տարի է` նույն գործին են եւ իրենց պաշտոնը ստանձնել են թատրոնի շենքը վարձակալության հանձնելու կամ մի մեխ ավել դուրս գրելու եւ այդ միջոցով գումար աշխատելու համար: Ցավն այն է, որ այդ տնօրենները, որոնք թատրոնից ոչինչ չեն հասկանում, որոշում են, թե ով ինչ պետք է խաղա. դա աբսուրդ է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Բացի այդ` մենք ճաշակի ձեւավորման խնդիր ունենք, թարմ մտածելակերպով կադրերի պակաս կա: Եվ հետո, թատրոնը արվեստ է, որը շքեղություն է պահանջում, ուստի այն պետք է լուրջ ֆինանսավորում ստանա պետությունից, որպեսզի այդ կառույցի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը չմարի:

 

 

 
ՀԱՄՈՆ ԷԼԻ ՌԵՓ ԿԵՐԳԻ՞

Տեւական ժամանակ է` Համոյին (Համո Ադիյան) երգարվեստում չենք տեսնում: Ռեփերն արդեն մի քանի տարի է` իրեն նվիրել է թատերարվեստին, նաեւ նկարահանվում է սերիալներում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` արդյոք նա մտադիր է երբեւէ վերադառնալ երգարվեստ եւ ինչով է այժմ զբաղված:

Համոն պատմեց, որ նոր սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել, այժմ բանակցությունների փուլում է, իսկ մինչ այդ հանդես կգա «Աբելի քույրը» սերիալում:
Ինչ վերաբերում է թատերական կյանքին, ապա Համոն տեղեկացրեց, որ «Էդգար Էլբակյան» թատրոնում վերականգնվել է «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը (բեմադրիչ` Լիլի Էլբակյան), որտեղ ինքը խաղալու է Տեր հոր դերը: Բացի այդ` Երեւանի խամաճիկների պետական թատրոնում Համոն հանդես է գալիս «Մերի Փոփինս» ներկայացման մեջ (բեմադրիչ` Հրանուշ Չիչակյան), որտեղ մարմնավորում է Փոփինսի (դերակատար` Լիլի Էլբակյան) քեռու կերպարը. «Մի խոսքով` կնոջս քեռին եմ»,-կատակեց Համոն:
Անդրադառնալով երգարվեստ վերադառնալու թեմային` ռեփերը նշեց, որ ունի նման մտադրություն, սակայն սպասում է, որ վերադարձը լինի ճիշտ պահին եւ ճիշտ ձեւով. «Ես ուզում եմ ռեփ կարդալ, ոչ կոմերցիոն նպատակներով: Այսքան երկար դադարից հետո կցանկանայի` անելիքս տեղին լիներ. չեմ անի այն, ինչ բոլորն են անում, այլ այն, ինչ ես եմ զգում: Արդեն մի քանի նոր երգ ունեմ, անգամ գործիքավորումն է արված: Դրանցից մեկն, օրինակ, հայրական թեմայով է (երկու երեխաների հայր դառնալուց հետո այն ծնվեց), մյուսն այն մասին է, թե ինչու եմ ես ուզում վերադառնալ ասպարեզ»,-մեկնաբանեց Համոն:
Ռեփերի խոսքով` ինքը նաեւ մեր քաղաքի մասին բողոք-երգ ունի եւ որոշ ժամանակ առաջ որոշել է ներկայացնել այն հանդիսատեսին, սակայն հապաղել է. «Հիմա քաղաքական դաշտում կարծես փոփոխություններ են գրանցվում, ուստի որոշեցի դադար տալ, սպասել-տեսնել` ինչի կհանգեցնեն դրանք»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՌԻՎԱՍԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Եվա Ռիվասը բարկացած է: Բանն այն է, որ նա ցանկացել է մասնակցել ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնին», սակայն երաժշտական նախագծի ղեկավարության կողմից մերժվել է: Պատճառն այն է, որ երգչուհին եղել է համանուն շոուի հայկական ծրագրի ժյուրիի անդամ:
«Կարծում եմ, որ սա իմ` ՌԴ քաղաքացու իրավունքների ոտնահարում է։ Ինչո՞ւ ես չեմ կարող իմ երկրում, որտեղ ծնվել եմ, մասնակցել այդ մրցույթին։ Հետո՞ ինչ, որ մասնակցել եմ «Եվրատեսիլին», հետո՞ ինչ, որ եղել եմ ժյուրիի անդամ։ Պրոֆեսիոնալ եւ կայացած աստղերը նույնպես մասնակցում են «Ռուսական Ձայնին», իսկ ինձ չի՞ կարելի, ինչ է։ Սպասում եմ փաստաբանների առաջարկներին այն մասին, թե ինչպես կարելի է վարվել նման նուրբ իրավիճակում»,- Instagram-ի իր էջում գրել է Ռիվասը:

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Ոմն Անդրես Գոմես դատական հայց է ներկայացրել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքին պատկանող The Kardashian՚s Dash խանութի դեմ: TMZ-ի փոխանցմամբ` Գոմեսը կույրերի համար նախատեսված հատուկ սոֆթ է օգտագործում` screen reader` համացանցից օգտվելու համար, սակայն The Kardashian՚s Dash store-ի դեպքում այն չի գործում: Նա պնդում է, որ կայքում խոչընդոտներ կան, որոնք թույլ չեն տալիս կույրերին այնտեղից գնումներ կատարել:
ԱՄՆ օրենսդրության համաձայն` եթե դատարանը բավարարի Գոմեսի հայցը, Քարդաշյանները ստիպված կլինեն բարոյական վնասի փոխհատուցում կատարել:

 

 

ՓԱՄՓՈՒՇՏՆ ՈՒ ՄԵԴԱԼՅՈՆԸ
Հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրին պատկանած ոսկե մեդալյոնը 125.000 դոլարով վաճառքի է հանվել Միացյալ Նահանգներում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` խոսքը ութանկյուն ժետոնի մասին է` զարդարված թանկարժեք ադամանդներով: Մեդալյոնի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա ստորին հատվածը վնասված է արձակված փամփուշտից:
Հավելենք, որ նմուշի վաճառքից ստացված հասույթի մեծ մասը կփոխանցվի Թուփաքի ընտանիքի անդամներին:




Լրահոս