ՃԻՇՏԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԳՆԱԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 1-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից փորձել էինք պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններում նա որ կուսակցությունների հետ կհամագործակցի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմի՞, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ստեփան Դեմիրճյանը ասել էր. ««Հայ ազգային կոնգրեսի» հետ ունենք դաշինքային, կարելի է ասել, համագործակցություն, բնականաբար կա սերտ համագործակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, աշնանը»:

Աշունն արդեն կիսվել է, եւ «Ժողովուրդ»-ը Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեց նրա ապագայի պլանների, մասնավորապես՝ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցության մասին:
-Պարո՛ն Դեմիրճյան, 2017-թ. ԱԺ ընտրություններում ո՞ր կուսակցության հետ կհամագործակցեք, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմե՞ք, թե՞ այլ կուսակցությունում եք տեսնում Ձեզ:
-Ձեր հարցին ավելի կոնկրետ կանդրադառնամ, կպատասխանեմ մինչեւ տարվա վերջ, կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք: Բնականաբար դաշինքը պետք է ձեւավորվի ընդդիմադիր դաշտում: Բայց հիմա եկեք կոնկրետ կուսակցությունների անուններ չտանք, կլինեն համապատասխան քննարկումներ: Կրկնում եմ՝ կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ այս հարցը լուծված կլինի:
-Իսկ ո՞ր ուժերին եք համարում ընդդիմադիր, օրինակ՝ ՀԺԿ-ն ընդդիմություն համարո՞ւմ է անվանափոխված ՕԵԿ-ին, այսինքն՝ «Հայկական վերածնունդ»-ին, եւ հնարավո՞ր է, որ այդ ուժի հետ դաշինք կազմելու տարբերակը եւս դիտարկեք:
-Եկեք հիմա կոնկրետ կուսակցությունների մասին չխոսենք, կրկնում եմ՝ համապատասխան քննարկումներ կլինեն համապատասխան կուսակցությունների հետ, եւ ես կոնկրետ կպատասխանեմ Ձեր հարցերին ավելի ուշ՝ տարեվերջին: Հիմա անհատական կուսակցություններին չանդրադառնանք, լա՛վ:
-Հոկտեմբերի 14-15-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երեւանում մասնակցեց իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին: Վերջինս անդրադառնալով իր՝ քաղաքականություն մուտք գործելուն՝ ասել էր, թե այդ մասին կխոսի նոյեմբերին: Հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա «Հայկական վերածնունդ»-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արա Աբրահամյանը, ով Ձեր խնամին է, ֆինանսավորում է «Հայկական վերածնունդին»:
-Խնդրում եմ՝ իր պլանները ճշտել իրենից, կրկնում եմ՝ ես կոնկրետ կպատասխանեմ Ձեր հարցերին ավելի ուշ՝ տարեվերջին:
-Իսկ Դուք նրա հետ հանդիպե՞լ եք, հնարավո՞ր է՝ իր հետ համագործակցեք:
-Կրկնում եմ՝ իր ծրագրերը ճշտեք իրենից, իր հետ խոսեք:
-Վերջին ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը չափազանց ցածր ցուցանիշ ապահովեց: Մտավախություն չունե՞ք, որ նմանատիպ պատկեր կարող է արձանագրվել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
-Նախ ես այն կարծիքին չեմ, որ քիչ ձայն հավաքեց, մասնավորապես Վանաձորում եւ Գյումրիում: Գիտեք, ՏԻՄ ընտրությունները եւ խորհրդարանական ընտրությունները տարբեր բաներ են, ընդհակառակը, ես կասեի՝ դատապարտված է իշխանությունը, որի գործունեության հետեւանքով երկիրը հայտնվել է այս ծանրագույն իրավիճակի մեջ: Ընդդիմությունը, ընդհակառակը, պետք է միավորվի եւ արդյունավետ աշխատի:
-Բայց մենք տեսանք, թե Վանաձոր քաղաքում իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների «միավորումը» ինչ արդյունք ունեցավ:
-Մենք կփորձենք ձեւավորել արդյունավետ դաշտ:

Աժ պատգամավոր, ՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյան
-Պարո՛ն Արզումանյան, խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, որոշել եք, թե ում հետ եք համագործակցելու առաջիկա ընտրապայքարում:
-Դեռ չեմ պատկերացնում, այդ ուղղությամբ աշխատում ենք:
-Օրինակ՝ ՀԱԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք:
-Իմ կենսագրությունը կարդացեք, կպատկերացնեք, թե ում հետ չեմ պատկերացնում: Դեռ որեւէ հստակ բան չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՏԱՐԲԵՐ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԲԵՐ ԿԼԻՆԻ

Սեպտեմբերի 15-ին՝ կառավարության նիստի ժամանակ, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին հանձնարարել էր, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնեն: «Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես, վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողների»,- հանձնարարել էր Կարեն Կարապետյանը:

Թե ի՞նչ փուլում է գտնվում գազի սակագնի իջեցման գործընթացը, եւ որքանո՞վ է առհասարակ, այն հնարավոր, ՀԾԿՀ-ից, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրին. «Միակ ֆինանսական աղբյուրը կարող է լինել սահմանի վրա գազի սակագնի նվազեցումը: Ինչ չափով որ սակագինը նվազի, այդ չափով էլ կփորձենք այդ հարցին լուծում տալ: Մոտեցումները հստակեցրել ենք. ներկայացրել ենք իրավական, տնտեսական դաշտում մեր մոտեցումները, սպասում ենք հայկական եւ ռուսական կողմերի բանակցությունների ընթացքին, որպեսզի այդ խնդրի լուծման աղբյուր կարողանանք ունենալ: Որովհետեւ, եթե որեւէ սակագին նվազեցնում ենք, ապա ուրիշներին չպետք է վատ վիճակի մեջ դնենք, գոնե նրանց սակագինը պետք է թողնենք նույնը, իսկ այդ պարագայում մեզ լրացուցիչ ֆինանսական աղբյուր է պետք»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը վստահորեն հայտարարել էր, որ նախատեսում են գազի սակագինը նվազեցնել: Կարեն Կարապետյանի հայտարարությունից եւ ՀԾԿՀ-ի պատասխանից հետո կարելի էր ենթադրել, որ համաձայնություն է ձեռք բերվել սահմանին գազի սակագնի իջեցման հարցում: Իսկ թե որքանով է հնարավոր սահմանի վրա գազի սակագնի նվազեցումը, փորձեցինք տեղեկանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: Մեզ տեղեկացրին, որ սահմանի վրա գազի գնի վերանայումը կախված է միջկառավարական բանակացությունների արդյունքից:
Սակայն երեկ երեկոյան արդեն հրապարակվեց նոր կառավարության ծրագիրը: Փորձեցինք ուսումնասիրել այն եւ հասկանալ, թե ինչ էր ակնարկել Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: ՀՀ կառավարության ծրագրում սոցիալական քաղաքականությանը վերաբերող մասում նշված է, որ մինչեւ 2016 թվականի ավարտը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ պետք է ներդրվեն սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Սրանից կարելի է ենթադրել, որ տարբեր խմբերի համար տարբեր գներ են լինելու: Իսկ սահմանին գազի սակագնի իջեցման տարբերակը կարծես չի էլ քննարկվում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈՒ ՓՈԽԵՑԻՆ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից դատական դեպարտամենտի պաշտոնական կայքը՝ datalex.am-ը, սկսել է գործել նոր դիզայնով եւ նոր սկզբունքներով: Արդյունքում դատական գործերում ներկայացված կողմերի տվյալները փակվել էին: Նախկինում կայքի ցանկացած այցելու կարող էր հեշտությամբ պարզել, թե այս կամ այն գործով հայցվորը, պատասխանողը, մեղադրյալը կամ մեղադրողը, փաստաբանները ովքեր են: Սովորական օգտատերերի համար այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեն: Սակայն լրագրողները դրանց միջոցով հնարավորություն ունեին տեսնելու, թե կոնկրետ անձանց եւ հատկապես պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությամբ դատական գործերն ինչպես են հանգուցալուծվում: «Ժողովուրդ»-ը այս փոփոխության մասին բարձրաձայնել էր դեռեւս մարտին, եւ ահա մեր հրապարակումից 7 ամիս անց ՀՀ արդարադատության նախարարության եւ դատական համակարգի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է կողմերի տվյալները կրկին «բացել»:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Երկու ամիս է՝ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համաներման վերաբերյալ: Մինչ օրս ենթադրվում է, որ համապատասխան նախագիծը խորհրդարան կուղարկվի նոյեմբերի սկզբին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը, եւ իշխանությունները ծրագրում են համաներումն ընդունել մինչ այդ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաներման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները դեռ չեն հստակեցրել, թե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքում համաներումն ինչ ազդեցություն կունենա: Բացառված չէ, որ համաներմամբ խմբավորման անդամների մի մասը եւս ազատ արձակվի: Ու երբ այս խնդրի հետ կապված քաղաքական որոշումը կայացվի, հնարավոր կլինի համաներման նախագիծը վերջնական տեսքով նախագահականից ուղարկել խորհրդարան:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
ԱԺ-ում երեկ շարունակվեց արտահերթ նիստը: Ինչպես հայտնի է՝ օրակարգային հարցերից մեկի շուրջ, որը նախորդ օրն էր քննարկվել, պատգամավորների շրջանում դժգոհություն էր առաջացել: ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացնելիս ակնհայտ էր դարձել, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը խորհրդարան էր ներկայացել հանպատրաստից: Այս փաստը պատգամավորների, այդ թվում նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների զայրույթի առիթ էր դարձել: Երեկ այդ օրինագիծը 66 կողմ, 4 դեմ ու 19 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ փոխնախարարը ճիշտ էր վարվել՝ պատրաստվելու վրա ավելորդ ժամանակ չծախսելով, միեւնույն է՝ ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն իրենց «գործն» անում են:




Լրահոս